Մանր-մունր սկանդալները եթե հանենք, Երեւանում անցկացվող ՀԱՊԿ գագաթաժողովի՝ Հայաստանի հետ կապված գլխավոր սկանդալն այն է, որ Հայաստանին աջակցության փաստաթուղթը չի ստորագրվել, նրա որոշ կետեր ուղարկվել են նոր լրամշակման:
Փաստորեն՝ ՀԱՊԿ-ը այս կազմակերպության սկզբունքների շրջանակում Հայաստանի այս առաջարկը չի ուզում իր փաստաթղթերում արտացոլել, իսկ ավելի ստույգ՝ Ռուսաստանը չի ուզում, ՀԱՊԿ-ից դուրս գտնվող իր սրտառուչ գործընկերոջն ավելի կարեւոր համարելով, քան ՀԱՊԿ-ում գտնվող Հայաստանին: Տրամաբանական է, քանի որ Ադրբեջանը հենց Ռուսաստանի թողտվությամբ է իրեն ագրեսիվ պահում, առհասարակ պատերազմը, ընդհուպ մինչեւ վերջին՝ սեպտեմբերի տասներեքի ռազմական բախումը, չէին լինի, եթե Ռուսաստանի կամա թե ակամա թողտվությունը չլիներ և ավելի լայն դիտենք՝ չլիներ քառասունչորսօրյա պատերազմը, չէր լինի խաղաղապահների կարիքը, որոնց առավել զինելու-ընդլայնելու հարցը եւս ՀԱՊԿ երեւանյան քննարկումներում եղել է: Դե իսկ, ռուսների ասած՝ Վովաեւիչն էլ, իր իսկ խոսքով, ՀԱՊԿ-ի հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ, պատրաստ չէր ստորագրել ՀԱՊԿ ոգուն եւ իմաստին հակասող փաստաթուղթը:
Դժվար է ասել՝ եթե Հայաստանը ՀԱՊԿ վեջին գագաթաժողովին, որով ավարտվում է Հայաստանի նախագահությունն այդ կազմակերպությանը, ներկայացներ այլ բանակցող, դրանք լինեին ընդդիմության լիդերները կամ մի երրորդ նոր մարդ, ինչպիսի՞ն կլիներ ՀԱՊԿ գագաթնաժողովի՝ ներկայումս ստացված արդյունքային պատկերը Հայաստանի համար, քանի ՀԱՊԿ-ն ինքնին, որպես ռազմաքաղաքական կառույց, ռուսներն են ստեղծել՝ իրենց ծրագրերին անդամ երկրներից լայն աջակցություն ստանալու համար:Այսինքն՝ շահերի, ու ոչ թե անձերի խնդիր է կարծես: Սակայն Ռուսաստանի՝ պատերազմական վիճակում եղած երկդիմի վիճակը նաեւ անորոշություններ է ստեղծել ՀԱՊԿ-ում, որի ներսի երկրները բոլորն էլ այլ շահերով են կաշկանդված եւ, կարեւոր է նշել մեր դեպքում, բոլորն էլ Ադրբեջանի դաշնակիցն են: Եթե Հայաստանը ներկայացներ ավելի փորձառու մեկը, գուցե դա հարյուրերորդական նշանակություն ունենար, բայց միայն այդքան՝ ՀԱՊԿ-ը ներկայացնողների հանրագումարը եւ արդյունքը հազիվ թե այլ լիներ: Մյուս կողմից՝ ներկա իրողությունների եւ աշխարհում տեղի ունեցողի ֆոնին՝ նույնիսկ սեփական հանրությանը համոզել չկարողացող մեր այլ «փորձառուները» հազիվ թե կարողանանային աշխարհի վերաբաժանման տրամաբանության մեջ հայտնված ՀԱՊԿ-ին/Ռուսաստանին/ ինչ-որ բան համոզել:
Իսկ ՀԱՊԿ-ի առավել առարկայական պատկերը սա է. երբ անդամ երկրների ղեկավարները ժամանում էին Հայաստան, նույն պահին Լուկաշենկոյի փայփայած Ադրբեջանը կրակում էր ՀԱՊԿ-ի վրա, նրա անդամ պետության արեւելյան սահմանին զինծառայողի վիրավորելով: Ու որ գագաթաժողովի ուշ երեկոյան Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը հապշտապ արտահայտվել էր ՏԱՍՍ-ին, թե՝ չնայած ամեն բան համաձայնեցնել չհաջողվեց, Հայաստանն, անշուշտ, մնալու է ՀԱՊԿ անդամ, սա նշանակում է, այնուամենայնիվ, եթե-ապա-ի մակարդակով գոնե, խոսք եղել է ՀԱՊԿ-ց Հայաստանի դուրս գալու վերաբերյալ, եթե ոչ քննարկումներին, թերեւս Փաշինյան -Պուտին առանձին հանդիպման ընթացքում:
Կարդացեք նաև
Ինչ պատկեր ունենք ՀԱՊԿ գագաթաժողովի համապատկերում.
ա/Ադրբեջանին զսպող դրույթների բացակայությունն, իրոք, Ադրբեջանին դրդելու է շարունակել իր ագրեսիվ պահվածքն ու երբ խելքին փչի կրակել, անգամ ավել ծավալուն գործողությունների անցնել: Այնպես որ ամեն պահ նոր պատերազմը չի կարելի բացառել:
բ/ՀԱՊԿ անդամ երկրների երկդիմի պահվածքը վերջնականապես փակում է դուռը, որ ՀԱՊԿ-ից երբեւէ կարելի է աջակցություն ակնկալել լարվածության ժամանակ, եթե որեւէ մեկն, այնուամենայնիվ, այդպիսի պատրանքներ ուներ:
գ/Մենք մենակ ենք, ինչպես երբեք:
Այս բոլորով հանդերձ՝ չպետք է ծագի այն հարցը, թե մենք պե՞տք է դուրս գանք ՀԱՊԿ-ից: Մեզ նման փոքր երկիրը կտրուկ շարժումներից պետք է ձեռնպահ մնա՝ ոչ ԱՄՆ-ն է Ադրբեջանի ախորժակը զսպելու, ոչ Եվրոպան, ոչ էլ, տեսաք թարմացված եղանակով, Ռուսաստանը, նրանք բոլորը նավթային շահերի մեջ են մխրճված: Մեր խնդիրը մեզ պաշտպանելու, բոլոր հնարավորություններից առավելագույնը քամելու խելք ունենալն է, ու սա էլ մեր ներսում պիտի կարողանանք լուծել՝ եւ քաղաքական, եւ տնտեսական հարթություններում:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: