Պեմզաշենում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների`12-ամյա դստեր և 8-ամյա որդու ահասարսուռ սպանությունը շարունակում է տանջել գյուղի բնակիչներին։
Ի տարբերություն ողբերգական դեպքի առաջին օրերի, երբ գյուղացիները պատրաստ էին շփվել, կիսվել լրատվամիջոցների հետ, այժմ գյուղում գրեթե բոլորի դռները կողպած են, փողոցներում մարդկանց հազվադեպ կարելի է հանդիպել․ նրանք տարակուսանքի մեջ են՝ ինչո՞ւ սպանեցին այդ հրաշալի, անմեղ արարածներին։
Երեկ եղանք գյուղում․ ոստիկանական բավական մեծ խմբեր խիստ հսկողություն էին իրականացնում ինչպես դեպքի վայրում, այնպես էլ հանցագործության մեջ կասկածվողների տների դիմաց։ Գյուղացիների փաստելով, 24-ժամյա հսկողություն է, ոստիկանները գրեթե քուն չունեն, երբեմն հերթափոխով գիշերում են ոստիկանական մեքենայի մեջ։
Պեմզաշենցիների կարծիքները սպանության բացահայտման շուրջ հակասական են, կան մարդիկ, որոնք դեռ չեն ուզում հավատալ, որ ոճրագործները կարող էին լինել գյուղից, առավել ևս չեն հավատում, որ գողության համար ողջ ընտանիքը բնաջնջեին։
«Գիտեք, որ սպանության մեջ կասկածվողներից մեկը Վրույրն է, նա սովորական գող է, աչքի տեսածը կարող է թռցնել, ասենք՝ հեռախոս, կոշիկ, բայց որ էսպիսի ծանր հանցանք գործեր, մի տեսակ չենք պատկերացնում։ Իհարկե, չենք ասում, որ նա անմեղ է, ժամանակը ցույց կտա, ուղղակի հեշտ չէ պատկերացնելը, իրենից բան չէր ներկայացնում, որ իր անշուք հալին գնար ու Զարինեին սպաներ։ Նա չէր էլ կարող Զարինեի կողքը կանգներ, մի մեծ մարմին էլ չուներ․․․
Եթե անգամ դատարանը հաստատի, որ Վրույրն է այս սպանդի հեղինակը, նա հաստատ միայնակ չէր կարող գործել, նրան պիտի ինչ-որ մեկն ուղղորդեր։ Նա միայնակ էլ չէր կարող մտնել ներս, Զարինեն եթե մի հատ նրան հրեր, վայր կընկներ։
Վրույրն աշխատել չէր սիրում, նրա ընտանիքը մայրն է պահում, լավ քեռիներ ունի, նրանք ևս տիրություն են անում, նրանք էլ բավական ապահովված են, ինչի՞ պիտի գնար գողության, առանց դիմակի էլ ներս մտներ՝ գողություն անելու համար։ Արկադիի դեպքում առավել դժվար է պատկերացնելը», -ասում էին գյուղի մի քանի կանայք՝ պնդելով, որ կատարվածն իրենց համար առեղծված է, շատ հարցեր կան, որոնց պատասխանները չեն ստացել։
Կարդացեք նաև
Սակայն գյուղում կային մարդիկ, որոնք այլ կարծիք ունեին․ մեզ պատմեցին, որ կասկածյալ Վրույր Բարսեղյանի հոր հորեղբայրը ժամանակին սպանել է իր երկու կանանց ու հայտնվել դատախազներից մեկի՝ սպանությունների մասին գրված գրքի մեջ։ Նրանք թեև փորձում էին հարգել կասկածյալների անմեղության կանխավարկածը, այդուհանդերձ չէին բացառում, որ տվյալ դեպքում գենետիկան է խոսել 32-ամյա տղամարդու մեջ։ Վրույրի հայրն էլ, գյուղացիների մեկի փաստմամբ, գողության համար ժամանակին դատվել է։
«Սպանության հետքեր չեն եղել, այնպիսի տպավորություն է, որ Զարինեի ու երեխաների մարմինները լողացրել են, արյունը ժավելով լվացել են, այսինքն՝ պրոֆեսիոնալ գործ են կատարել։ Վրույրն այդքան մտավոր ունակություն չուներ այդ ամենն անելու, նրան հաստատ հրահրող եղել է, այս ամենը իրավապահները կպարզեն։
Արկադիի պարագայում էլ դժվար է ինչ-որ բան ասել, նա Ռուսաստանում է աշխատում, ընտանիքին արձակուրդներին տարել էր իր մոտ, հոյակապ կին ունի։ Վրույրի կինն էլ նորմալ անձ է՝ շատ խելոք, կողքի գյուղերից է։ Երեք երեխա ունի, վերջին երեխան նոր է ծնվել։ Իսկ Վրույրի հորաքույրը, որի մասին ասում են, թե նա է գնացել, սպանության հետքերը լվացել, մի քիչ անհավանական է․ Վրույրի ընտանիքը ու հորաքույրը նույն բակում են ապրում, սակայն տատիկի մահից հետո հորաքրոջ չէին շփվում»,- ասաց պեմզաշենցիներից մեկը։
Գյուղացիներից շատերը պատմում էին, որ սպանության ժամանակ 8-ամյա տղան դիմադրել է, կռիվ է տվել ու այդ մասին վկայում են նրա ծնկի հատվածում ստացած վերքերը, արյունազեղումները։ Պեմզաշենցիները այդուհանդերձ չեն պատկերացնում, թե ի՞նչը կարող էր ստիպել նման դաժանությամբ հանցագործության, մանկապղծության։ Գողության վարկածին կարծես չեն հավատում, չեն հավատում նաև դիվերսիա լինելուն։ Նրանք միաբերան ասում էին՝ եթե դիվերսիա լիներ, այդ խումբը հաստատ հետք կթողներ, ոչ թե մանրակրկտորեն ժավելով կվերացնեին արյան հետքերը։
Պեմզաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Լյովա Նազարեթյանը նշում է, որ Մելիքսեթյանների ընտանիքը յուրահատուկ էր՝ կիրթ, գրագետ, ուշադիր զավակների նկատմամբ։
Տնօրենը պատմեց, որ Զարինե Մելիքսեթյանն ուզում էր աշխատել դպրոցում, նա ֆիզիկոս էր, բայց համապատասխան թափուր աշխատատեղ չկար, գնաց աշխատելու Պեմզաշենի առողջության կենտրոնում։
«Զարինեն ու Սևակը հոյակապ ընտանիք էին կազմել, երեխաները իմ լավագույն աշակերտներն էին՝ թե՛ Սարգիսը, թե՛ Կարինեն։ Սարգիսը գերազանցությամբ էր սովորում, Կարինեն լավ առաջադիմությամբ ավարտեց, նա նույնիսկ չուզեց իր նկարը պատին մնար, որ լրացներ իր բացը։ Դաստիարակված էին։ Հայրն այստեղ չէր, մայրն էլ այն ծնողներից էր, որ միշտ կապի մեջ էր դպրոցի հետ, ոչ թե մենք պիտի կանչեինք, որ գար, անհրաժեշտություն լիներ, ինքն էլ գալիս կամ զանգում էր, որ հարցներ երեխեքի ուսման մասին։ Հարդարված, կոկիկ, միայն ուսման նկատմամբ չէ, որ ուշադիր էր մայրը։ Տարբեր միջոցառումների էին երեխեքը մասնակցում, ինչքան իմացա, դեպքից երկու օր առաջ Զառան երեխայի հետ պարի փառատոնի էր մասնակցել, աղջիկը պարի խմբակի էր գնում։
Որևէ արտառոց բան չենք նկատել, եթե նման բան լիներ, ասենք Զարինեին ահաբեկեին, կողքին հարազատներ ուներ, հաստատ կասեր նրանց։ Թե դեպքի նախօրեին, թե անցյալ օրերին եղել է ուրախ, տրամադրությունը միշտ տեղը՝ առանց վախի զգացումի։ Երեխեքն էլ միշտ ուրախ էին, նրանց մոտ էլ ոչ մի արտառոց բան չենք նկատել։ Դեպքի նախորդ օրը երեխեքը դասի են եղել, աղջիկը 7-րդ ժամ է մնացել, տղան՝ 6-րդ ժամից հետո նաև դասղեկի ժամ է ունեցել, մասնակցել է։
Ուսուցիչներից մարդիկ են եղել փառատոնի ժամանակ, տեսել են՝ ինչքան բարձր տրամադրություն է ունեցել Զարինեն, ուրախացել երեխայի հաջողություններով։ Մեզ համար էլ անհայտ է, թե ինչի համար այս ամենը»,- ասաց դպրոցի տնօրենը։
Դպրոցի տնօրենի բնութագրմամբ՝ իրավապահ համակարգը շատ օպերատիվ է աշխատել, այժմ էլ 24 ժամ աշխատում են;
«Մի ճիվաղի պատճառով այսքան դաժան օրեր, բայց մենք չենք գնահատական տվողը, սպասենք իրավական առումով թող լուծում ստանա։ Կասկածյալները դատվածություն չունեին, այն ճիվաղը, որը ընդունել էի իր մեղքը, հասարակության մեջ այնքան էլ շատ չէր երևում, ինքնամփոփ էր, մեկուսացած։
Երկրորդ կասկածյալի մասով էլ չեմ կարող բան ասել, տարիքային առումով տարբերություն կա իմ ու նրա միջև, շփում չեմ ունեցել, կարող եմ ասել, որ նման հակումներ չի ունեցել, գյուղում չի խոսվել այդ մասին, դատվածություն չի ունեցել։ Վատ առումով աչքի չի ընկել, չենք նկատել։
Թե ինչի համար, ինչո՞ւ կատարվեց այս ոճիրը, պատճառը մենք մինչև հիմա չգիտենք, հարցական է։ Չենք կարծում, որ գողության համար երեք հատ ջահելների կյանք խլեին, մատղաշ երեխեքին սպանել, արժե՞ր, միգուցե իրենց համար արժե՞ր էդ կոպեկների համար։ Տարածներն էլ մի բան չէր, Մելիքսեթյաններն էլ շատ ունևոր ընտանիք չէին, որ մտածեիր՝ էնտեղ շատ մի հետաքրքիր բան կար, որի համար կարող էին իրենց էդպիսի բան թույլ տային, բան չեն տարել ախր»,- ասաց դպրոցի տնօրենը։
Պեմզաշենի առողջության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդուհի Խաչատրյանն էլ ասաց, որ Զարինե Մելիքսեթյանն իր գլխավորած կառույցում աշխատում է 2019 թվականից, ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտը, այնուհետ ուսումը շարունակել Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում։
Սովորել է փայլուն, ավարտելուց երկու տարի հետո ընդունվել է աշխատանքի Պեմզաշենի առողջության կենտրոն ՊՈԱԿ-ում՝ որպես օպերատոր, աշխատանքի մեջ էլ եղել է շատ պատասխանատու։
«Նա այնքան աշխույժ էր, բանիմաց, ամուսինն էլ չտեսնված տղա է, ունեին դաստիարակված երեխաներ, շատ օրինակելի ընտանիք էին։
Մեր գոհունակությունը հայտնել ենք ուժային կառույցներին, որ բացահայտեցին անողին, գոնե որոշ չափով մեր խիղճը հանգստացավ, ամբողջ գյուղը խուճապի մեջ էր, ես այդ մի քանի օրը մեր դուռը միշտ փակ էի պահում։ Ախր Զառայի նման մարդուն․․․ Ո՛չ հարստություն ունեին, ո՛չ որևէ մեկի հետ կոնֆլիկտներ, ո՛չ վրեժ, ո՛չ քինախնդրություն, ինքը շատ պարզ, մաքուր մարդ էր, ինչի՞ համար այս դաժանությունը, չեմ կարող ուշքի գալ։Կարող է հետագա քննությունը ցույց կտա՞»։
Ըստ մեր զրուցակցի, Վրույր Բարսեղյանն անտեսված, չերևացող, գյուղի մեջ դուրս չեկող, չաշխատող անձ է։
«Ո՞վ կմտածեր, որ էդ ոչնչությունը կարող է մի ամբողջ ընտանիք վերացնել, ինքը ոչ մի մարդկային արժեք չուներ, կյանքում մի օր աշխատած չկա, ոչ մի բանի պետք չէ, ինչպես կարող էր 3 հոգու կյանք միանգամից խլել։ Ես 1997 թվականից աշխատում եմ Պեմզաշենի առողջության կենտրոնում, ինքը որպես հիվանդ՝ որևէ անգամ դիմած չկա, արտառոց վարքագիծ չենք էլ տեսել, թե ինչ կանխամտածված, պլանավորած սպանություն էր իրենց կողմից, չեմ էլ կարող ասել։
Զառան երբևէ անհանգստություն չի հայտնել, որևէ մեկից վախ չի ունեցել։ Ինքը` բացի մեր աշխատողը լինելուց, իմ ամուսնու հետ ազգակցական կապեր ունի։ Եթե ինքը որևէ անհանգստացնող խնդիր ունենար, գոնե մի բառ կասեր կամ իր վարքագծի մեջ կերևար, ինքը ծածկամիտ աղջիկ չէր, շատ պարզ, մաքուր աղջիկ էր։ Այդ օրը շատ ուրախ, լավ տրամադրության մեջ էր, խոսեց, խնդաց, ուրախ-ուրախ տուն գնաց;
Երկրորդ կասկածյալին չեմ ճանաչում, շփում չեմ ունեցել, հիվանդություն չի ունեցել, որ թեկուզ որպես բժիշկ ու հիվանդ շփված լինեինք, կնոջն եմ ճանաչում, շատ լավ աղջիկ է։
Իրավապահները կպարզեն, պիտի պատասխան տան իրենց արածի համար»,- ասաց Վարդուհի Խաչատրյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ