Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ Գյումրու ավագանու անդամ Արման Բաղդասարյանին Գյումրու ոստիկանները փողոցում բռնել, գետնին են պառկեցրել, ձեռնաշղթաներ են հագցրել ու բերման են ենթարկել ոստիկանության «Կումայրի» բաժին, հետո բաց են թողել:
Լևոն Բարսեղյանը նշել էր․ «Արմանը ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, աչքի է ընկել ավագանու կազմում ակտիվ գործունեությամբ: Քրեական կենսագրություն չունի, քրեական կապեր չունի, ռազբիրատի կոշիկներ նույնպես չունի, Կինո «Երեւանի» մայլում չի ապրում:
Այս միջադեպը հավակնում է շատ ջուր քաշել (էն լճակիս պատմությունը հիշո՞ւմ եք, էդ կարգի): Ոստիկանությունը բարեփոխվել է, առաջ հենց այնպես էին մարդկանց բռնում, հիմա նայում են՝ ով կա, որ հեռուստաընկերության համասեփականատեր է, կամ մարզպետի եղբայր՝ նրանց են բռնում (Արման Բաղդասարյանը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրն է, հեղ․) Երեւի, որ ասեն, տեսեք՝ պետք լինի վարչապետին էլ կբռնենք, եթե Մասկվայից հրաման լինի: Առաջ ասում էին՝ դե տուն ենք պահում, հիմա էլ … ասում են՝ դե տուն ենք պահում, երեւի տներն են փոխվել, ոչ թե իրենք: Չէ, իրականում՝ նույն տներն են, միլիցիք են փոխվել, ահելները գնում են, ջահելները գալիս են ավանդույթները շարունակելու: Այ ֆողերս ձեր ոստիկանական բարեփոխումների վրագլխույն»։
Թե ինչու են բերման ենթարկել Գյումրու ավագանու անդամին, այն էլ նման ձևով, ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին հետևյալը․ «Նոյեմբերի 24-ին, ժամը 13:25-ին ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին: Կազմվել են համապատասխան փաստաթղթեր»։
Կարդացեք նաև
Թեմայի շուրջ կլսենք նաև Արման Բաղդասարյանի պարզաբանումները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ