Լրահոս
Օրվա լրահոսը

20 տարի անց ինչպե՞ս պարզեցին, որ դատաբժիշկների եզրակացությունը կեղծ է. «Հրապարակ»

Նոյեմբեր 25,2022 11:03

Դատախազությունը կասեցրել է դատաբժիշկներ Շավարշ Գեւորգյանի եւ Գագիկ Հարությունյանի գործունեությունը։ Վերջիններս առողջապահության նախարարության դատաբժշկության գիտագործնական կենտրոնի դատաբժիշկներ են, որոնք 2001 թվականին «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն էին արել եւ եզրակացություն տվել։ Ավելի վաղ նրանց մեղադրանք էր առաջադրվել ակնհայտ կեղծ փորձագիտական եզրակացություն տալու համար։

Դատաբժիշկներ Շավարշ Գեւորգյանն ու Գագիկ Հարությունյանը մեղադրվում են ենթադրաբար դատաբժշկական ակնհայտ կեղծ եզրակացություն տալու մեջ։ Նախաքննական մարմինը դեպքից 20 տարի անց հանձնաժողովային փորձաքննություն է նշանակել, որի եզրակացությունը Գեւորգյանի եւ Հարությունյանի ներկայացրած եզրակացությանը հակասում է։ Հարությունյանի եւ Գեւորգյանն իրենց եզրակացության մեջ չէին բացառել, որ Պողոսյանը մահացել է իր հասակի բարձրությունից կամ ավելի բարձր տեղից ընկնելու հետեւանքով, մինչդեռ հանձնաժողովային փորձաքննությունը 20 տարի անց բացառել է դա՝ նշելով, որ Պողոս Պողոսյանի գլխին հարվածել են։

Մեզ հետ զրույցում Շավարշ Գեւորգյանի պաշտպան Վահագն Ջիվանյանն ասաց, որ բողոքարկելու են դատաբժիշկների գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումը, եւ անդրադարձավ մեղադրանքին։ «Իրեն մեղսագրվում է արարք, որի վաղեմության ժամկետները դեռեւս 10 տարի առաջ անցել են։ Ամեն դեպքում, մենք այդ մեղադրանքի հետ էլ համաձայն չենք, որովհետեւ, ըստ էության, այսօր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն է կատարվել իրենցից հետո՝ առանց օբյեկտիվ տվյալների, առանց դիակը տեսնելու, ինչը բնական է այդ վաղեմության ժամկետների մեջ, եւ այդ եզրակացությամբ տրվել է լրիվ հակառակ ինչ-որ իրավիճակ-պատկեր, որի հետ մենք ամբողջովին համաձայն չենք։ Այս առումով, իհարկե, բողոքարկվելու է ե՛ւ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշումը, ե՛ւ լիազորությունները կասեցնելու վերաբերյալ որոշումը, որովհետեւ դրանք իրավաչափ չեն։ Բացի այդ, որեւէ հիմք չկա՝ մարդու նկատմամբ ընտրել խափանման միջոց՝ այն պայմաններում, երբ մարդը Հայաստանից դուրս չի եկել երբեւէ, եթե կարծում են, թե կարող է Հայաստանից դուրս գալ։ Եթե անգամ հասնի նրան, որ մեղավոր ճանաչվեն, նույնիսկ պատիժ էլ չեն կարող նշանակել։ Խափանման միջոցն ապօրինի է, այսօր խափանման միջոցները դարձել են պատժի տեսակներ, որպես պատիժ են կիրառում անձանց նկատմամբ»,- ասաց պաշտպանը, նաեւ նշեց, որ կրկնակի փորձաքննության միջնորդություն են ներկայացնելու, քանի որ իր պաշտպանյալը հնարավորություն չի ունեցել իր ներկայացրած եզրակացությունը պնդելու։

«Պետք է միջնորդենք նաեւ կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, քանի որ խախտվել են նրանց իրավունքները։ Կրկնակի փորձաքննություն կամ հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու դեպքում պարտավոր էին ծանուցել նախկին փորձագետներին, որպեսզի այդ մարդիկ մասնակցեն փորձաքննությանը եւ իրենց դիրքորոշումը հայտնեն, նախկինում արտահայտած դիրքորոշումը պնդեն եւ այլն, չէ՞ որ հավասարության սկզբունք կա, որ այդ մարդիկ կարողանան հավասար պայմաններում իրենց դիրքորոշումը պահել։ Այստեղ թաքուն ինչ-որ փորձաքննություն են արել, որն իրավական ուժ էլ չունի, եւ թաքուն ինչ-որ եզրակացություն են գրել։ Իմ տեղեկություններով՝ այդ փորձագետներն էլ շատ փոքր՝ մոտ 1-2 տարվա ստաժ ունեցող փորձագետներ են, ովքեր նույնիսկ, իմ տեղեկություններով, դիակի հերձման էլ չեն մասնակցել։ Հետեւաբար, այդ եզրակացությունը չի կարող օբյեկտիվ ու իրավաչափ լինել, որովհետեւ, նախ, մասնակից չեն եղել նախկին փորձագետները, որպեսզի բացատրեն, թե ինչու են հանգել այդ եզրակացությանը»,- ասաց Ջիվանյանը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930