Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջադարձային քաղաքականությո՞ւն է, կեղծ նախաձեռնությո՞ւն. Արեւմուտքի հայամետ քայլերը որեւէ բանի հանգեցնելո՞ւ են. «Ազգ»

Նոյեմբեր 25,2022 10:29

Վերջին շրջանում Արեւմուտքում մի շարք հայամետ քայլեր կատարվեցին։ Դա շրջադարձային քաղաքականությո՞ւն է, կեղծ նախաձեռնությո՞ւն, թե՞ ինչ-որ ուրիշ բան։ Կպարզենք ժամանակի ընթացքում, երբ քննարկենք Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներն ու զարգացումները։

Հայկական կողմի համար չափազանց վրդովեցուցիչ էր տեսնել միջազգային հանրության անտարբերությունը 2020 թվի քառասունչորսօրյա պատերազմի ամբողջ ընթացքում, որ մեկուսացրեց Հայաստանին։

Պատերազմից հետո, մինչ միջազգային համայնքը սկսեց դանդաղորեն հաղորդակցվել Հայաստանի հետ, Փաշինյանի ուղերձն այն էր, որ Երեւանը պետք է իջեցներ նշաձողը, որպեսզի միջազգային հանրությունը կարողանա օգնության ձեռք մեկնել շրջափակված հայոց երկրին։ Իսկ նշաձողը իջեցնելը նշանակում էր հաշտվել ղարաբաղյան հիմնահարցի գործնական կարգավորումից հրաժարվելու մտքի հետ։ Բայց դա էլ կարծես բավարար չէր, քանի որ ադրբեջանական բանակը բուն Հայաստան ներխուժելով մինչ օրս օկուպացրած է պահում 125 քառ. կմ տարածք։ Թվում է, թե Ադրբեջանի այդ ագրեսիան շրջադարձային նշանակություն ունեցավ, քանի որ միջազգային հանրությունը վերջապես սկսեց հակադարձել։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մի շարք ազդեցիկ հայտարարություններ լսվեցին Եվրոպայից եւ Մ. Նահանգներից։

Դիվանագիտական այս թեժ գործողությունների պատճառով լավատեսական մթնոլորտ է տիրում այժմ Հայաստանում։ Բայց առավել փորձառու վերլուծաբանները զգուշացնում են ժողովրդին առավել իրապաշտական մոտեցում ցուցաբերել մի շարք պատճառներով։

(ա) Ֆրանսիական սենատի որոշումն ու Մ. Նահանգների արտաքին հարաբերությունների հանձնախմբի լսումների արձանագրությունները լավագույն դեպքում չպարտավորեցնող հանձնարարություններ են` ուղղված գործադիր մարմիններին, որոնք շատ հաճախ գործում են «ռեալպոլիտիկի» շրջանակներում, երբեմն նույնիսկ դեմ գնալով տվյալ երկրի հիմնական սկզբունքներին, եւ ծիծաղելի դարձնելով «մարդու իրավունքներ» եւ «ժողովրդավարություն» հասկացությունները։

(բ) Հակառակ միջազգային բոլոր մեղադրանքներին, Ալիեւը շարունակում է գնդակոծել Հայաստանի սահմանները, որովհետեւ իր թիկունքում ունի Ռուսաստանը, որը նրան խրախուսում է եւ գործելու ազատություն տալիս։ Հուսահատ Պուտինը խրված է ուկրաինական պատերազմի մեջ, որը չի կարողանում հաղթել, եւ այժմ էլ չի պատրաստվում հակադրվել Ալիեւին։ Այդ պատճառով էլ Հայաստանի հաշվին փոխզիջումներ է կատարում։

(գ) Կա նաեւ մի գործոն, որի մասին չեն բարձրաձայնում։ Այդ գործոնը Իսրայելն է, Արեւմուտքի պաշտպանյալը, որը Ադրբեջանի տարածքն է օգտագործում որպես հարթակ Իրանի դեմ հնարավոր գործողություններ կատարելու համար։ Ադրբեջանը Իսրայելի բարեկամ երկիրն է եւ Իրանի թշնամին։ Իսկ Հայաստանը Իրանի բարեկամն է, որին Արեւմուտքը «պարիա» պետություն է համարում։

Հենց կարողանանք գլուխ հանել քաղաքական այս «գլուխկոտրուկից», կհասկանանք, թե ինչու Արեւմուտքի բոլոր քաղաքական բարձրագոչ նախաձեռնությունները համապատասխան արձագանք չեն գտնում եւ մնում են որպես «ձայն բարբառոյ յանապատի»։

Երվանդ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. բնագրից թարգմանեց`ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator, 22.11.22)

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930