Լրահոս
Օրվա լրահոսը

Չվարակվել վիշապի թույնով

Նոյեմբեր 25,2022 10:00

Վերջերս իմացա, որ լրատվամիջոցներից մեկում չի թույլատրվում «Նիկոլ Փաշինյան» անուն ազգանունը գրել մեծատառերով եւ դիմացը դնել «վարչապետ» բառը՝ ճիշտ նույն ձեւով, ինչպես նախկինում գրում էին «լտպ», «ռք» եւ «սս»: Այնպես չէ, որ ներկայիս վարչապետի քաղաքականությունն ինձ շատ է դուր գալիս: Ճիշտ հակառակը՝ այդ քաղաքականության հիմնական հատկանիշն է սարսափելի, կասեի անգամ՝ աղետաբեր դիլետանտիզմը: Բայց մի բան է քաղաքականության հետ համաձայն չլինելը, այլ բան՝ որեւէ մարդու, քաղաքի, երկրի անունը փոքրատառով գրելը: Իբր՝ տեսեք, նսեմացնում ենք, արհամարհում ենք, ձեզ ենք կոչ անում՝ մարդատեղ չդնել: Երբ դա անում են համացանցային կիսագրագետ «մեկնաբանները», դա, իհարկե, տհաճ է, բայց երբ այդ էժանագին հնարքին են դիմում լրագրողները, որոնց առաքելությունը պետք է լինի, վստահ եմ, մարդկանց կրթելը, լուսավորելը՝ դա արդեն խոսում է հասարակության գրագետ մասի ընդհանուր դեգրադացիայի մասին:

Երբեմն մարդիկ առաջնորդվում են հետեւյալ տրամաբանությամբ. անգրագետ եւ պոպուլիստ իշխանություններին պետք է «հաղթել» ավելի մեծ անգրագիտությամբ ու պոպուլիզմով: Բայց նախ՝ նման հարցերում այսօրվա իշխողների հետ մրցելը դժվար գործ է: Երկրորդ՝ եթե դա նույնիսկ հնարավոր լիներ, համոզված եմ, «հաղթելը» պակաս կարեւոր է, քան հասարակությանը «լուսավոր» օրինակ ծառայելը՝ նույնիսկ այն պարագայում, երբ մեծամասնության աչքում «պարտված» ես համարվում:

Վիշապի դեմ պետք է պայքարել այնպես, որ նա չկարողանա իր թույնը ներարկել քո մեջ: Եթե կարողացավ, ապա քո պայքարն անիմաստ է դառնում, վարակվում ես նույն «վիշապությամբ»: Դրանից խուսափելու համար պետք է հասկանալ, որ վիշապը մարդ չէ, դա երեւույթ է: Ավելին՝ այդ երեւույթի դեմ պետք է պայքարես առաջին հերթին ինքդ քո մեջ:

«Ավազակ» հարուստներից փողերը խլելը եւ աղքատներին բաժանելը նույն ավազակությունն է: Աշխարհում, քարը քարի վրա չթողնելով, հանուն խաղաղության պայքարելը նույն պատերազմն է: Ասել՝ «եթե դու չես կիսում իմ ազատական գաղափարները, ես քեզ աշխարհով մեկ խայտառակ կանեմ», նույն հակա-ազատականությունն է: «Ոչ մի ժողովրդավարություն՝ հակաժողովրդավարների հետ» կարգախոսը բռնապետական է:

Եթե այս պարզ ճշմարտությունները չեն ընդունվում, ապա ստացվում է այն վիճակը, որը ժամանակին նկարագրում էր խորհրդային երգիծաբաններից մեկը՝ «իմ նպատակն է միջոցներն արդարացնելը»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930