Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ ուժ՝ «փոքրիկ մարմնում»․ սերմերը՝ «սննդային էլեկտրակայաններ»

Նոյեմբեր 25,2022 09:30

Եթե ցանկանում եք հարստացնել ձեր սննդակարգը օգտակար սննդանյութերով՝ միևնույն ժամանակ սնվելով չափավոր, ապա նախապատվությունը տվեք տարատեսակ սերմերին, որոնք սպիտակուցների, բջջանյութի, չհագեցած ճարպաթթուների, վիտամինների ու հանքանյութերի գանձարան են համարվում։ Որոշ սերմեր կարող եք ուտել առանձին կամ ավելացնել ուտեստներին ու ըմպելիքներին՝ սննդային ավելի բարձր արժեք հաղորդելով դրանց։

Կակաո

Հում կակաոի փոշին 4 անգամ ավելի շատ հակաօքսիդանտներ է պարունակում, քան սովորական մուգ շոկոլադը։ Դրանից բացի այն պարունակում է սպիտակուցներ, կալցիում, կարոտին, թիամին, ռիբոֆլավին, մագնեզիում, ծծումբ և բազմաթիվ ֆիտոքիմիական միացություններ։ Կակաոի փոշու օգտակար հատկությունները պահպանելու համար նախընտրելի է թարմ սերմերն աղալ օգտագործելուց անմիջապես առաջ։

Սև քունջութ

Սև քունջութը սպիտակի չմաքրված տարբերակն է, որը անկրկնելի համ և բույր ունի և պարունակում է սննդանյութերի մի մեծ գանձարան։
Կալցիումի պարունակությամբ գերազանցում է մյուս բոլոր մթերքներին, նաև հարուստ է մագնեզիումով, պղնձով ու ցինկով։ Սև քունջութի կազմում առկա են լիգնաններ կոչվող բուսական միացությունները, որոնք պոլիֆենոլների ու չլուծվող մանրաթելերի գերազանց աղբյուր են։ Մարսողական համակարգում լիգնանները վերածվում են ֆիտոէստրոգենների թույլ ձևերի՝ օգնելով կարգավորել օրգանիզմում հորմոնալ հավասարակշռությունը և այդպիսով նվազեցնելով քաղցկեղի հորմոնալ տեսակների (կրծքագեղձի, արգանդի, ձվարանների, շագանակագեղձի քաղցկեղի) զարգացման վտանգը։

Կտավատի սերմեր

Կտավատի սերմերի օգտակար հատկությունները պայմանավորված են այս երեք հիմնական բաղադրամասերով՝ օմեգա-3 ճարպաթթուներ՝ հակաբորբոքային ազդեցություն ունեցող ալֆալինոլենաթթվի տեսքով, լիգնաններ, որոնք կտավատի սերմերում 10 անգամ ավելի շատ են, քան սև քունջութի կազմում և լուծվող ու չլուծվող մանրաթելեր։ Այս սերմերն ավելի օգտակար կլինեն, եթե դրանք աղաք օգտագործելուց առաջ, իսկ ավելի լավ կլինի, եթե նախապես թրջեք, այնուհետև ավելացնեք ձեր նախընտրած ուտեստներին։

Կարևոր նախազգուշացում․ աշխատեք չօգտագործել նախապես մանրացված սերմերը կամ կտավատի հին ձեթ, որը, սովորաբար, չի պահպանում իր օգտակար հատկությունները։

Չիայի սերմեր

Հին ացտեկների և մայաների համար չիայի սերմերը ուժի և էներգիայի աղբյուր էին։ Եվ դա պատահական չէ, քանի որ չիայի սերմերը սպիտակուցի, օմեգա-3 ճարպաթթուների, սննդային մանրաթելերի, վիտամինների ու հակաօքսիդանտների աղբյուր են։

Ուշադրություն․ եթե չիայի սերմերի վրա անմիջապես ջուր խմեք, դա կարող է միանգամից դոնդողանման զանգված դառնալ ու փակել  կերակրափողը, ինչը շատ վտանգավոր է առողջության համար։

Սև չաման

Այստեղ կարևոր է իմանալ, որ սև չամանի սերմերն ու չաման համեմունքը տարբեր բաներ են: Սև չամանի սերմերն այնքան էլ հեշտ չէ խանութներից ձեռք բերելը, սակայն կարելի է պատվիրել օնլայն եղանակով։

Սև չամանի սերմերն ունեն հակաբորբոքային, ցավազրկող, իմունիտետն ամրապնդող, հակաօքսիդանտային հատկություններ, օգնում են պայքարել ճարպակալման դեմ՝ հատկապես նպաստելով ազատվել ավելորդ քաշից գոտկատեղի ու ազդրերի շրջանում։

Արևածաղկի սերմեր

Արևածաղկի սերմերը հարուստ են B, E վիտամիններով, պղնձով, մանգանով, սելենով, ֆոսֆորով ու մագնեզիումով։ Վիտամին E-ն հզոր հակաօքսիդանտ է, որը պահպանում է բջջաթաղանթներն օքսիդացման սթրեսից՝ հակաբորբոքային ազդեցություն գործելով։

Այս շարքը կեզրափակենք դդմի սերմերով, որոնց մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930