Հարցազրույց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵԹԿՊԻ-ի «Հանդես» գիտամեթոդական հոդվածների ժողովածուի գլխավոր խմբագիր Լաուրա Մուրադյանի հետ
– Տիկի՛ն Մուրադյան, «Հանդես» գիտամեթոդական հոդվածների ժողովածուն արդեն երկու տասնամյակ է կարեւոր առաքելությամբ գործում է։ Վարպետը՝ երջանկահիշատակ Սոս Սարգսյանն անդրանիկ համարում գրել էր. «Չնայած դժվարին ժամանակներին, շարունակում է արթուն եւ պրպտուն մնալ գիտական միտքը, «ոչ միայն հացիվ» կարգախոսն առաջնորդում է նաեւ մեր ինստիտուտում դասավանդող մասնագետներին, որոնց բազմազան հետաքրքրությունները միանալով դառնում են ի վերջո մեր հավաքականության էության իմաստավորմանն ուղղված ազնիվ ջանքեր»։ Դեռ 20 տարի առաջ ինչպե՞ս որոշեցիք հիմնադրել այս ժողովածուն եւ այն ինչ ճանապարհ է անցել։ Որտեղից՝ ուր ենք գնում։
– 2002 թ. նախաձեռնելով «Հանդեսի» հրատարակությունը՝ բուհի ղեկավարությունն առաջնորդվում էր ոչ միայն ինստիտուտի գիտական գործունեության ընդհատված, անցյալի ավանդույթը վերականգնելու ցանկությամբ, այլեւ արդեն հասունացած գիտական ներուժի բացահայտման հրամայականով։ Այսօր արդեն անհերիքելի իրողություն է ժողովածուի դիմորոշված բովանդակությունն ու կայացման դժվարին, սակայն արգասավոր գործընթացը։ «Հանդեսի» հրատարակման սկիզբը եւ շարունակական ընթացքը մեծապես պայմանավորվեց ինստիտուտի գիտական խորհրդի եւ հատկապես ռեկտորի՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Սոս Սարգսյանի ջանքերով, որի սատարող, ուղղորդող դերը դժվար է գերագնահատել բուհի ստեղծագործական բազմաբնույթ իրացումներում։ Ձեր հարցում հիշատակած նրա բարի երթի խոսքն այսօր էլ շարունակում է մեզ համար մնալ կարգախոս եւ նշանաբան, հատկապես «…մեր հավաքականության էության» խորը իմաստավորմամբ։
Չցանկանալով խոսքս շատ անձնականացնել՝ ջերմ երախտագիտությամբ պետք է նշեմ նրանց անունները, որոնց համագործակցությամբ եւ հեղինակավոր հրապարակումներով կայացել է «Հանդեսը». ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյան, մշակույթի վաստակավոր գործիչ, թատերագետ, կինոգետ Անելկա Գրիգորյան, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Սուրեն Հասմիկյան, ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռաֆայել Ջրբաշյան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Օրդոյան, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյան, պրոֆեսորներ Անետա Երզնկյան, Աննա Հեքեքյան, Գրետա Մեջլումյան եւ էլի շատերը։
Հիմնականում ուղղված լինելով մասնագիտական՝ թատրոնի եւ կինոյի պատմության եւ տեսության խնդիրների արդիական քննությանը՝ ժողովածուն ի սկզբանե ընդլայնել է թեմատիկ-բովանդակային տիրույթը նաեւ արվեստի մյուս ոլորտների եւ հասարակական մտքի՝ պատմության, փիլիսոփայության, գրականության, գեղագիտության հարցերին նվիրված նյութերի հրատարակումներով։ Այսօր առավել քան դժվարին ժամանակներում ենք ապրում եւ համոզված եմ, որ «Հանդեսի» բազմաբնույթ հոդվածներն իրենց գործառութային նշանակությամբ նպատակաուղղվում են արդիականության խնդիրների բացահայտմանը, եւ նոր նախագծերի իրացումներին։ «Հանդեսի» հրապարակումները ստեղծագործական բուհի առանձնահատկություններին համահունչ ուղղորդված են լիարժեք կրթության արդիական պահանջներին։ Մենք հավատարիմ ենք մնում ազգային կրթության եւ գիտական մտքի սատարման սկզբունքներին՝ նորօրյա մարտահրավերների հեռանկարային նախագծերի իրացումներով։ Իսկ ուր ենք գնում՝ ցույց կտա ապագան։
– Չմոռանանք նաեւ, որ այսօր գիտության տարբեր բնագավառներում գործունեություն ծավալող մասնագետներից շատերն իրենց գիտական ճանապարհը սկսել են «Հանդեսից»։
– Ժողովածուի հրատարակման կարեւոր գործառույթներից է եղել հենց երիտասարդ մասնագետների՝ ուսանողների, ասպիրանտների ներգրավումը գիտական, մեթոդական, տեսական եւ հետազոտական աշխատանքներում։ Իրենց առաջին գիտական հոդվածներով «Հանդեսի» էջերում տպագվել եւ իրենց գիտական մկրտությունն են ստացել բուհի եւ նրա մասնաճյուղերի ուսանողներ, ասպիրանտներ, այսօր արդեն արվեստագիտության թեկնածուներ Արա Խզմալյանը, Վարդան Մկրտչյանը, Սիրանուշ Գալստյանը, Անուշ Ասլիբեկյան-Արծրունին, Վասիլ Գեւորգյանը, բ.գ.թ. Էլֆիք Զոհրաբյանը, թատերագետ Տիգրան Մարտիրոսյանը եւ շատ ուրիշներ։ Ժողովածուի տարբեր համարներում ներկայացված են բուհում կազմակերպված գիտաժողովների հոդվածները։ Բացի այդ՝ «Հանդեսում» թատերագետների ու կինոգետների հետ ուշագրավ հոդվածներով են հանդես եկել նաեւ մեր արդեն հայտնի ռեժիսորներ, դերասաններ Սամսոն Ստեփանյանը, Ստեփան Շահինյանը, Վահան Բադալյանը, Մարգարիտ Մնացականյանը, Արշակ Մարգարյանը եւ էլի շատ անուններ։ Նաեւ նշեմ, որ արտերկրից նույնպես թղթակցում են «Հանդեսին»։
– «Հանդեսի» կարեւոր առանձնահատկություններից մեկն էլ ԵԹԿՊԻ-ում սովորող եւ գիտական գործունեությամբ զբաղվող ուսանողների հոդվածների հրատարակումն է։ Ձեզ գոհացնո՞ւմ է երիտասարդ մասնագետների ներգրավվածությունը եւ ի՞նչ դիտարկումներ ունեք այս մասով։
– Նախորդ հարցի պատասխանը կարծում եմ ակնհայտ է դարձնում, թե որքան արդյունավետ է եղել երիտասարդ հեղինակների հետ աշխատանքը, որը մենք հետեւողականորեն շարունակում ենք նաեւ այսօր։ Ինչ խոսք, որ արդեն գործում ենք նոր իրավիճակներում եւ չնայած ծանր ժամանակներին, իսկ գուցե եւ ի հեճուկս, երիտասարդները եղել եւ մնում են մեր հուսալի ներուժը, ապացույցը նրանց գիտական, ստեղծագործական հետաքրքրությունների լայն շրջանակն է, որոնց իրացումները կտեսնեք «Հանդեսի» նոր համարներում։
– Անընդհատ սերնդափոխություն է, գիտական միտքը նույնպես նոր փուլ է մտնում։ Եթե բնորոշելու լինեիք՝ այսօր ինչ գիտական մակարդակում ենք։
– Սերնդափոխությունը գիտության ասպարեզում առաջին հերթին թարմ արյան հոսք է ենթադրում։ Անցյալի հարուստ ժառանգության գիտակցված յուրացման հետ ազգային մտածողության շերտեր են ներթափանցում համաշխարհային ստեղծագործական տեղաշարժերի, գիտական նոր մեթոդաբանական սկզբունքների տեսանելի պատկերները։ Կարողանալ ճիշտ կողմնորոշվել եւ սերնդափոխության մերօրյա խաչմերուկում չտարվել ինքնանպատակ մտքի ցուցիչներով, այլ հասնել գիտական նոր դիտարկումների հիմնավորված հաստատման։ Մասնագիտական դասական ու նոր ստեղծագործական հմտությունների ձեռքբերմանը զուգընթաց կարեւորում եմ ազատ անհատականության հասարակական ձեւավորման գործոնը, որն ամուր երաշխիք է նոր գիտական մտքի առաջընթացի համար։
Կարդացեք նաև
Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
Լուսանկարը՝ Դիանա ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
24.11.2022