Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է խիստ դրվի չինովնիկ ճարտարապետների գերիշխող դիրքի հարցը շուկայում»

Նոյեմբեր 25,2022 13:00

Սարհատ Պետրոսյանի դիտարկումները՝ համագումարի եւ մասնագիտական հարցերի վերաբերյալ

Նոյեմբերի 19-20-ին կայացավ Հայաստանի ճարտարապետների պալատի ընդհանուր ժողովը/հաշվետու-վերընտրական համագումարը։ «Առավոտի» հետ զրույցում Ճարտարապետ, Հայաստանի ճարտարապետների պալատի խորհրդի անդամ Սարհատ Պետրոսյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի Ճարտարապետների նախագահ կընտրեն շաբաթ օրը, ու ընտրությունը կկայանա երկու թեկնածուների՝ Ալեքսանդր Բադալյանի (որը 30 տարի պալատի փոխնախագահն է) եւ Երեւան քաղաքի ավագանու անդամ Արսեն Կարապետյանի միջեւ։ Սարհատ Պետրոսյանից տեղեկացանք, որ Ճարտարապետների պալատի խորհուրդը բաղկացած է 17 հոգուց, խորհրդում ներկայացված են նաեւ ՀՊՃՀ-ում դասավանդող եւ քաղաքապետարանում աշխատող ճարտարապետներ եւս։

Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, բավականին լավ ներկայացվածություն կա, սակայն պրակտիկ նախագծող ճարտարապետների թիվն է քիչ, համալսարանի ներկայությունն է շատ, չնայած դրանում որեւէ վատ բան չի տեսնում։ Ամեն դեպքում, Սարհատ Պետրոսյանը կարծում է, լավ կլիներ, որ ի տարբերություն միության, Ճարտարապետների պալատն ավելի շատ նախագծողների պալատ լիներ, ինչը չի նշանակում, թե մյուսները չպետք է ներկայացված լինեն կամ պակաս իրավունքներ ունենան։

«Առավոտի» հարցին՝ մինչեւ հաջորդ համագումար, հաջորդ ընտրություններ ի՞նչ տեսլական եւ ակնկալիքներ ունի՝ լավ իմաստով հեղափոխական պալատը, խորհրդի անդամն ասաց, որ մի քանի հիմնարար բան պետք է փոխեն. «Նախ պետք է այնպես լինի, իսկ դա օրենքով է կարգավորվում, որ բոլոր արտոնագրված ճարտարապետները լինեն պալատի անդամ։ Մենք ունենք մասնագետներ, որոնց արտոնագրել ենք, սակայն նրանք պալատի անդամ չեն եւ չեն մասնակցում որոշումների ընդունմանը։ Մասնագիտական հանրույթի շրջանակում պետք է շատ խիստ դրվի ներկա եւ նախկին չինովնիկ ճարտարապետների գերիշխող դիրքի հարցը շուկայում։ Մյուս խնդիրը, որ չհասցրինք լուծել նախորդ 4 տարիների ընթացքում, այն է, որ պետք է սկսենք վերապատրաստումները, որովհետեւ արտոնագրման տրամաբանությունը ենթադրում է շարունակական կրթության ապահովում»։

Մեր հարցին՝ ովքե՞ր են իրականացնելու վերապատրաստումները, ճարտարապետը պատասխանեց, որ իր կարծիքով դա պետք է իրականացնի պալատը, թեեւ կան մոտեցումներ, ըստ որոնցից մեկի, դա պետք է անի բուհը։ Նա նաեւ հավելեց, որ ցանկություն ունեն Ճարտարապետների պալատը դարձնել երիտասարդների անչափ ներառական հավաքատեղի, որը չպետք է լինի կտրված, որովհետեւ ճարտարապետական գործունեության դաշտում կա մասնագիտական բուհ, պետական համակարգ, համայնքապետարան եւ այլ կառույցներ։ Առաջիկա անելիքները թվարկելիս Սարհատ Պետրոսյանը փաստեց, որ բավականին շատ անելիքներ ունեն միջազգային համագործակցության առումով. «Մենք թույլ ներկայացվածություն ունենք Ճարտարապետների միջազգային միությունում, Եվրոպայի ճարտարապետների ասոցիացիայում ընդհանրապես ներկայացված չենք, համեմատաբար լավ դիրքեր ունենք հետխորհրդային տարածքում եղած միջազգային ճարտարապետական միությունների կազմակերպությունում»:

Պալատի հանրային դերակատարմանն էլ անդրադարձ եղավ. «Հատկապես վերջին 4 տարիների ընթացքում ավելի շատ կենտրոնացած լինելով արտոնագրման վրա՝ մոռացել ենք մեր հանրային դերակատարության մասին։ Եթե մինչեւ 2018թ. հաճախ տեսնում էինք, թե Ճարտրապետների միությունն ինչպես է քննադատում կոնկրետ նախագծեր, ընդդիմանում վիճելի բաներին, ապա վերջին 4 տարիներին դա չենք արել։ Իսկ դուք գիտեք, թե Երեւանում ներկայումս ինչ վիճակ է։ Ընդ որում, շատերը կարծում են, որ պատճառը գլխավոր ճարտարապետ չունենալն է, բայց դա բնավ նշանակություն չունի… Մի խոսքով, պալատի հանրային դերակատարությունը պետք է մեծանա եւ պետք է հնարավորինս փորձենք փոխել նախկինից մնացած մի շարք ավանդույթներ, պետք է ազատվենք գլխավոր ճարտարապետի ինստիտուտից, ավելի շատ ճարտարապետական որակյալ մրցույթներ հայտարարենք, ոչ այնպիսին, որ քաղաքաշինական կոմիտեն կամ Երեւանի քաղաքապետարանն են կազմակերպում, ու այդկերպ փորձենք իրացնել մեր երկրում առկա մասնագիտական ներուժը։ Հիմա, ինչպես արդեն ասացի, կա չինովնիկ ճարտարապետների կաստան, ունենք սոցիալական մեդիաներում ակտիվ ճարտարապետներ եւ ջրի երես են դուրս գալիս անհասկանալի նախագծողներ, որոնք չունեն մասնագիտական ներուժ, բայց գովազդի եւ ինչ-ինչ պատճառներով դաշտը ձեւախեղվում է»։

Սարհատ Պետրոսյանը նշեց, որ համագումարի ժամանակ մի քանի անգամ նախկին չարաշահումների մասին մտքեր են բարձրաձայնվել, ինքն առաջարկել է ստուգել այդ ամենը, որպեսզի պալատի վրա որեւէ բիծ չլինի։ Մեր զրույցի ավարտին ճարտարապետը կարծիք հայտնեց, որ պետք է ոչ թե 4 տարին մեկ հանդիպել, այլ գոնե տարին մեկ անգամ, որովհետեւ, նրա խոսքով, թղթաբանությունից բացի, պետք է նաեւ բովանդակային քննարկումներ իրականացնել։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930