Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՅՈՒՆԵՍԿՕ-ում այլեւս «խավիար չեն սիրում»

Նոյեմբեր 25,2022 12:00

Թե ինչպես Մեհրիբան Ալիեւան որոշեց՝ «հետեւից դուռը բարձր շրխկացնելով փակել»

Օրեր առաջ անսպասելի լուր ստացվեց. Ադրբեջանի առաջին փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան դադարեցրեց գործունեությունը որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան:

Մեհրիբան Ալիեւան ՄԱԿ-ին կից մշակութային կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված նամակում իր քայլը պատճառաբանել էր նրանով, թե իբր չափազանց զբաղված է 2020թ. Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական հաղթանակից հետո։ Նա պարզաբանել էր, թե՝ «ակտիվորեն մասնակցում է ազատագրված տարածքների վերականգնման լայնածավալ աշխատանքներին» եւ «չի կարող կատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պարտականությունները»:

Ադրբեջանի առաջին տիկնոջ հրաժարականը, սակայն, տեղի ունեցավ Ադրբեջանի իշխանությունների եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջեւ գոյություն ունեցող լարվածության համատեքստում: Ադրբեջանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ Իլհամ Ալիեւը, կազմակերպությանը մեղադրել են ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացման հետաքննությունը ձախողելու համար, իսկ որոշները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայիս ղեկավարությանը մեղադրել են՝ «հայամետ լինելու» մեջ։

Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2020թ. դեկտեմբերին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու հարցով Բաքվի պատասխանին է սպասում, որը, սակայն, պարբերաբար ձգձգվում է։ Ի պատասխան՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն քաղաքականացնում է հարցը։ Ի դեպ, Մեհրիբան Ալիեւան իր հրաժարականի նամակում հույս է հայտնել, որ կառույցն ի վերջո առաքելություն կուղարկի Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներ՝ «գնահատելու Ադրբեջանի մշակութային ժառանգությանը հասցված վնասը»։

Հետաքրքրականն այն է, որ մինչեւ Ադրբեջանի առաջին տիկնոջ հրաժարականը ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներն արդեն իսկ սկսել էին հրապարակել ՅՈՒՆԵՍԿՕ-ին քննադատող հոդվածներ։ Այժմ արդեն, նրա հրաժարականից հետո, կառույցի վերաբերյալ քննադատության ալիքն էլ ավելի է մեծացել, ՅՈՒՆԵՍԿՕ-ին անվանում են՝ «կողմնակալ կառույց»։

«Ինչո՞ւ է այդ կազմակերպությունը փոխել իր չեզոք դիրքորոշումը եւ անխոս աջակցում ագրեսոր երկրին», ըստ «Ազատության», ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքականությունից դժգոհել է Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Հիջրան Հուսեյնովան։ Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած Caliber լրատվականը Մ. Ալիեւայի հրաժարականը որակել է «դիվանագիտական բողոք Ադրբեջանի նկատմամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որդեգրած երկակի ստանդարտների դեմ», լրատվամիջոցի գնահատմամբ՝ հեղինակավոր կառույցի տրամաբանության համաձայն՝ «մահմեդական ադրբեջանցիները «բարբարոսներ» են, իսկ քրիստոնյա հայերը՝ նրանց «զոհերը»։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեմ ադրբեջանական մամուլում հրապարակված քննադատությունների շարքում է նաեւ «մեղադրանքը», թե կառույցի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեն ֆրանսիացի է, իսկ Ֆրանսիան՝ «հայամետ դիրքորոշում ունի»։ «Նման կազմակերպության հետ համագործակցությունը նշանակում է չհարգել ինքդ քեզ ու քո երկիրը», – գրել էր մեկ այլ իշխանամետ լրատվամիջոց՝ Haqqin-ը, Մեհրիբան Ալիեւիայի որոշումը գնահատելով որպես՝ «հետեւից դուռը բարձր շրխկացնելով փակել»։

Խիստ ուշագրավ էր նաեւ փաստը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի՝ 18 տարվա գործունեությունից հրաժարվելու մասին Ալիեւայի հայտարարությունը հրապարակվեց նույն օրը, երբ Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձեւը:
Այսպիսով, ի՞նչն էր Մեհրիբան Ալիեւայի հրաժարականի իրական պատճառը:

Դատելով Ադրբեջանում հրապարակվող հայտարարությունների, մեկնաբանությունների տոնայնությունից, Ադրբեջանի առաջին տիկնոջ քայլն այժմ ներկայացվում է որպես՝ «արդարացի» որոշում, ինչը վկայում է այն մասին, որ Ադրբեջանում փորձում են ապացուցել, որ Մ. Ալիեւան մեծ դժգոհություն է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ից:

Մինչդեռ ադրբեջանցի վտարանդի ընդդիմադիրները այլ կարծիք ունեն տեղի ունեցածի վերաբերյալ: Նրանցից՝ Բախտիյար Հաջիեւն, օրինակ, կարծիք է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործող ղեկավարությունն, ի տարբերություն նախորդի, խավիար չի սիրում: «Կարծես Ազուլեն Իրինա Բոկովայի նման խավիար չի սիրում, այդ պատճառով էլ նրանց հարաբերությունները սառան»,- գրել էր նա:

Իսկ որ Իլհամ Ալիեւն ու Մեհրիբան Ալիեւան ֆրանսիացի Ազուլեի պաշտոնավարումից կարող էին դժգոհ լինել, նույնպես չի կարելի բացառել: Չէ՞ որ կառույցի գլխավոր նախորդ քարտուղարը՝ բուլղարացի Իրինա Բոկովան, հայտնի էր որպես Մեհրիբան Ալիեւայի հետ ջերմ, բարեկամական, սերտ կապերով, նա բազմիցս այցելել էր Ադրբեջան, Փարիզում հյուրընկալել էր Ալիեւային։ Եվ ոչ միայն…

Հետաքննող լրագրողները դեռ տարիներ առաջ սկանդալային տեղեկություններ հրապարակեցին այն մասին, որ Մեհրիբան Ալիեւայի եւ Իրինա Բոկովայի փոխադարձ համակրանքը, մեղմ ասած, այնքան էլ անշահախնդիր չի եղել։ Համաշխարհային մի շարք լրատվամիջոցների հետաքննող լրագրողներին միավորող «Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագծի» «ադրբեջանական լվացքատուն» հայտնի հետաքննության շրջանակում պարզել էին, որ Եվրոպայում Ալիեւի վարչակազմի հեղինակած փողերի լվացման մեխանիզմից անմասն չէր մնացել նաեւ Բոկովայի ընտանիքը, մասնավորապես՝ նրա ամուսինը 400 հազար եվրո էր ստացել Ադրբեջանից։ Այդ նույն ժամանակահատվածում տնտեսագետ Կալին Միտրեւի կինը՝ Իրինա Բոկովան, կառույցի բարձրագույն պարգեւը` Մոցարտի շքանշանն էր հանձնել Մեհրիբան Ալիեւային:

Ադրբեջանցի վտարանդի ընդդիմադիր գործիչ Արիֆ Յունուսովն այս թեմայով հետաքրքիր մանրամասներ հայտնեց օրերս: Նրա կարծիքով՝ Մեհրիբան Ալիեւայի հրաժարականի պատճառը այդ կառույցի եւ Ադրբեջանի իշխող ընտանիքի միջեւ անցյալի կոռուպցիոն սկանդալն է. «Մեհրիբան Ալիեւային առաջարկել են, որպեսզի նա հրաժարվի բարի կամքի դեսպանի կոչումից, այլապես, կարող են ավելին հրապարակվել»,-Ֆեյսբուքի իր էջում գրել էր Յունուսովը՝ Մեհրիբան Ալիեւայի հրաժարականի հայտարարության հրապարակումից ժամեր անց։

Յունուսովը մանրամասնել էր. «2009թ. Բուլղարիայի ներկայացուցիչ Իրինա Բոկովան ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն: Եվ շատ շուտով, բայց հատկապես 2012-ից, նա սերտ կապեր հաստատեց Ադրբեջանի իշխող ընտանիքի եւ առաջին հերթին Մեհրիբան Ալիեւայի հետ, բնականաբար, ոչ անշահախնդրորեն: Եվ 2016թ. Բոկովան առաջադրեց իր թեկնածությունը ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Բայց այդ ընթացքում OCCRP-ն սկսեց փաստեր բացահայտել Ալիեւների կողմից եվրոպացի քաղաքական գործիչներին գնելու մասին, ինչը ստացավ «լանդրոմատ», կամ՝ «ադրբեջանական լվացքատուն» անվանումը՝ ԵԽԽՎ-ում խոշոր սկանդալի վերածվելով:

Հենց այդ ժամանակ էլ տեղեկություններ տարածվեցին Ալիեւների կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Բոկովային գնելու փաստերի մասին: Հայտնի դարձավ, որ ամեն անգամ, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինչ-որ միջոցառում (համաժողովներ, ցուցահանդեսներ եւ այլ) էր կազմակերպում Մեհրիբան Ալիեւայի PR-ի համար, մի քանի օրից Բաքվից ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի ամուսին Կալին Միտրեւի հաշվի վրա գումարներ էին նստում (100,000-ից մինչեւ 225,000 եվրո): Բայց վճռականը դարձավ այն տեղեկությունը, որ Բոկովան, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար լինելու տարիներին աշխատել էր 780 հազար դոլար, ունի նաեւ երկու բնակարան Նյու Յորքում՝ 2.4 մլն դոլար արժողությամբ: Եվ այդ բնակարանները նա ձեռք է բերել գերազանցապես շնորհիվ Ալիեւների: Մեծ սկանդալ բարձրացավ, Բոկովան հանեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար իր թեկնածությունը: 2017թ. նա դադարեց լինել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար:
Հետո եկավ Մեհրիբան Ալիեւայի հերթը: Չէ՞ որ 2015թ.-ից բազմաթիվ պահանջներ են դրվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության առջեւ՝ զրկել Ալիեւային բարի կամքի դեսպանի պատվավոր կոչումից: Բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ում սկանդալ չէին ուզում՝ վախենալով, որ այն հարված կհասցնի կազմակերպության՝ առանց այն էլ վարկաբեկված հեղինակությանը: Գործընթացը ձգձգվեց, հետո եկավ համավարակը: Բայց հիմա ՅՈՒՆԵՍԿՕ-ում, այնուամենայնիվ, որոշել են վերադառնալ այդ հարցին: Բայց Մեհրիբան Ալիեւային հեռացնելու հարցը լուծել լուռ եւ առանց սկանդալի: Եվ Մեհրիբան Ալիեւային առաջարկել են, որն ինքն անձամբ հրաժարվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից, քանի որ հակառակ դեպքում շատ բան դուրս կսպրդի: Ահա թե ինչ է իրականում թաքնված Մեհրիբան Ալիեւայի այդ նամակի հետեւում»:

Հիշեցնենք 2017թ. սեպտեմբերին «Ադրբեջանական լվացքատուն» սխեմայով հետաքննության հրապարակումը, որից հայտնի դարձավ, որ բրիտանական ընկերություններից վճարումներ է ստացել Իրինա Բոկովայի ամուսինը՝ Կալին Միտրեւը, որն էլ 2016-ին նշանակվել էր Լոնդոնում տեղակայված Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի խորհրդի անդամ: Մասնավորապես, 2013թ. հոկտեմբերի 25-ին Միտրեւի հաշվին Polux Management-ի կողմից փոխանցվել էր 20 հազար եվրո: Գումարը փոխանցվել էր իբր «կառավարչական ծառայությունների» համար: Գումարը ստանալուց երեք օր առաջ Միտրեւի կինն անցկացրել էր ֆոտոցուցահանդես՝ «Ադրբեջան. հանդուրժողականության տարածություն»:

Ըստ 5 տարի առաջ հրապարակված հետաքննության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովան քիչ չէր օգնել Ադրբեջանի իշխանություններին երկրի համար դրական հեղինակություն ձեւավորելու հարցում: Օրինակ՝ 2010թ. Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան պարգեւատրվեց Մոցարտի շքանշանով: Նրա ամուսինը՝ Կալին Միտրեւը, Ադրբեջանից փողերի լվացմամբ զբաղվող արհեստական գրանցված բրիտանական ընկերություններից 2012-2014թթ. ստացել է, ընդհանուր առմամբ՝ 425 հազար եվրո: Միտրեւի խոսքով՝ ինքն այդ գումարները ստացել է ադրբեջանական ընկերություններին ցուցաբերած խորհրդատվական ծառայությունների համար:

2017-ի աշնանը պաշտոնական Բաքուն վերոնշյալ սկանդալային բացահայտումների առիթով հանդես եկավ ծիծաղելի արձագանքով: Փողերի լվացման փաստերը Ադրբեջանը ոչ ավել, ոչ պակաս համարում էր՝ «Ջորջ Սորոսի եւ հայկական լոբբիի կեղտոտ համագործակցության արդյունք»: Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, թե ո՛չ Ադրբեջանի նախագահը, ո՛չ նրա ընտանիքի անդամները որեւէ առնչություն չունեն այդ հոդվածներում հնչեցրած մեղադրանքների հետ: «Մեզ հայտնի է, որ դրա ետեւում կանգնած են Ադրբեջանի եւ նրա ղեկավարության դեմ հանդես եկող Ջորջ Սորոսը եւ նրա համախոհները, որոնք միջազգային հանրության մեջ արժանիորեն խաբեբաների, խարդախների եւ կեղծարարների համբավ են վայելում: Այսօր Ջորջ Սորոսի կեղտոտ գործերը պետք է լուրջ քննության ենթարկվեն: Նրա հետ համագործակցող հայկական լոբբին կեղտոտ արշավ է վարում Ադրբեջանի նախագահի եւ նրա ընտանիքի անդամների դեմ: Սակայն, չնայած այդ փորձերին, դրանք ոչ մի արդյունք չեն տալիս»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այնուհետեւ այդ ժամանակահատվածում միջազգային հակակոռուպցիոն Transparency International կազմակերպությունը կոչ արեց հետաքննել Ադրբեջանի կողմից եվրոպացի գործիչներին կաշառելու փաստերը եւ պատժել բոլոր այն անձանց ու կազմակերպություններին, ովքեր ներգրավված են եղել այդ գործում: Կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ այն բանից հետո, երբ Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետաքննությամբ զբաղվող կենտրոնի անդամները հրապարակել են նոր հետաքննության արդյունքներն Ադրբեջանի իշխող էլիտայի կողմից Եվրոպայում հակաօրինական գործունեության վերաբերյալ, որոնց արդյունքում հետաքննություն իրականացրած վեց երկրի (Չեխիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Միացյալ Թագավորություն եւ ԱՄՆ) լրագրողները պարզել էին, որ Ալիեւների ընտանիքը երկու տարի շարունակ տնօրինել է 2,9 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին` ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար: «Շոկային է տեսնել, որ հարգված այնպիսի հաստատություններում, ինչպիսին է ԵԽԽՎ-ն, որոշ քաղաքական գործիչներ վաճառքի են հանվում եւ գումարի դիմաց փակում են աչքերը կաշառակերության ու մարդու իրավունքների խախտումների դիմաց: Նրանք պետք է պատժվեն, եւ մենք ճնշում կգործադրենք իշխանությունների վրա, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն: Պատմությունն այստեղ չի ավարտվում», նշել էր Transparency International-ի ղեկավար Ժոզե Ուգազը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 24.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930