Լրահոս
Օրվա լրահոսը

Դինամոյում մեկնարկել է բռնցքամարտի «Բարեկամության գավաթ» միջազգային մրցաշարը

Նոյեմբեր 24,2022 23:50

«Դինամո» մարզահամալիրում այսօր մեկնարկեց «Բարեկամության գավաթ» անունը կրող բռնցքամարտի պատանեկան միջազգային մրցաշար, որը համատեղ կազմակերպել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան եւ Երեւանի քաղաքապետարանը: Մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի եւ Վրաստանի կրտսեր եւ ավագ տարիքի պատանի բռնցքամարտիկները:

Մրցաշարի բացման արարողությունից հետո ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը Aravot.am-ին ասաց. «Վստահ եմ, մրցաշարը բավականին հետաքրքիր կանցնի եւ շատ օգտակար կլինի մասնակից պատանի բռնցքամարտիկների համար:

Այսպիսի հանդիպումները նպաստում են ոչ միայն տարբեր դպրոցների ներկայացուցիչների հետ մենամարտերում բռնցքամարտիկների վարպետության բարձրացմանը, այլեւ մարզիչներին են հնարավորություն տալիս փորձի փոխանակում կատարել»:

Մեր դիտարկմանը, որ այս մրցումը, գուցե,  օգտակար է նախ եւ առաջ Ռուսաստանի բռնցքամարտիկների համար, որոնք պատժամիջոցների պատճառով արդեն բավականին տեւական ժամանակ միջազգային ասպարեզ դուրս չեն գալիս, ՀԲՖ նախագահը պատասխանեց. «Մենք հեռու ենք մնում մեծ քաղաքականությունից: Մեր մարզաձեւի համար առաջնայինը մարզիկների շահերն են: Ի դեպ, IBA-ն արդեն որոշում է կայացրել, որ 2023 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանի բոլոր տարիքային խմբերի հավաքականները վերադառնում են միջազգային ասպարեզ եւ մասնակցելու են նրա հովանու ներքո անցկացվող միջոցառումներին: Սա շատ կարեւոր է բռնցքամարտի զարգացման համար բոլոր երկրներում, որովհետեւ բռնցքամարտը Ռուսաստանում ամենազարգացած մարզաձեւերից է, իսկ ուժեղ մրցակցի հետ մրցելը միշտ էլ բարեբեր է»:

Օգտվելով առիթից` հետաքրքրվեցինք նաեւ, թե ի՞նչ կասի Իսպանիայում ավարտվող աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցող մեր հավաքականի մասին: «Ոսկե մեդալ ենք սպասում: Հուսամ, որ Աստծո օգնությամբ կլինի: Սակայն, անկեղծ ասած, ավելին էի ակնկալում»,-պատասխանեց Հովհաննես Հովսեփյանը:

Մրցաշարի բացման արարողությանը մասնակցում էր նաեւ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, որը աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ մտած Էրիկ Իսրայելյանի մասին Aravot.am-ին ասաց. «Մասնավորապես, կիսաեզրափակիչ մենամարտը դիտել եմ: Հիանալի բռնցքամարտ էր: Իհարկե, երբեմն տարածությունը լավ չէր զգում, իսկ երբ կարողանում էր զգալ այդ տարածությունը, բոլոր հարվածները հասնում էին նպատակին: Արդյունքն էլ հաղթանակն էր: Հիմա սպասենք եզրափակչին: Շատ եմ հավատում, որ Էրիկը եզրափակիչն էլ նույն ոճով կանցկացնի ու կնվաճի աշխարհի երիտասարդների հաղթողի կոչումը»,-ասաց փոխնախարարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930