Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրական բարեփոխումների խորհրդում շատ մեծ մոտիվացիա, իրապես գնալ սահմանադրական բարեփոխումների, նոր սահմանադրություն գրելուն՝ չկա»․ Դանիել Իոաննիսյան

Նոյեմբեր 24,2022 23:20

«Սահմանադրական բարեփոխումների խորհրդում շատ մեծ մոտիվացիա իրապես գնալ սահմանադրական բարեփոխումների իրականացման, նոր սահմանադրություն գրելուն, չկա։ Առհասարակ տպավորություն է, որ իշխանություններն ուզում են ավելի շատ այն փոփոխությունները, որոնք կարող են արվել ԱԺ-ի կողմից, իսկ դա Սահմանադրության նվազ էական կարգավորումներ են»,- «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության և Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) կողմից հրավիրված «Քաղաքացիական հասարակության հայացքը սահմանադրական բարեփոխումներին» թեմայով հանրային քննարկման ժամանակ նշեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, Դանիել Իոաննիսյանը։

Ըստ նրա՝ այս պայմաններում իշխանությունները, վերագրելով անվտանգային խնդիրներին, հանրաքվեի գնալու տրամադրություն չունեն։ Նրա կարծիքով՝ դա նաև անդրադառնում է խորհրդի աշխատանքների վրա․ խորհուրդն աշխատում է դանդաղ և ոչ արդյունավետ։

Դանիել Իոաննիսյանն ասաց՝ պետք չէ հույսը դնել ԱԺ-ի վրա, որ այն լուրջ հակակշիռ լինի գործադիրին, քանի որ գործադիրը ձևավորվում է ազգային ժողովից։ Նա պարզաբանեց․ «Այդ պայմաններում հույս ունենալ, որ ԱԺ-ն լուրջ հակակշիռ կլինի, այդքան էլ պետք չէ։ Առհասարակ իշխանության հակակշռող հիմնական այնպիսի մարմինները, որոնք են դատական համակարգը, ընտրական, հակակոռուպցիոն անկախ մարմինները, երբ այդ մարմինները ձևավորվում են ԱԺ-ի կողմից, այնպես, ինչպես հիմա, ինչպիսի մեխանիզմով էլ դա չնախատեսվի, այդ մարմիններն ընտրվելու են այն անձինք, որոնց առնվազն դեմ չի լինի խորհրդարանական մեծամասնությունը»։

Նա նշեց, որ առաջարկել են  ՀՀ նախագահին օժտել առաջնային մանդատով։ Նա մանրամասնեց․ «Նա ընտրվում է ժողովրդի կողմից, չի ընտրվում խորհրդարանի կողմից։ Նախագահն իրական մասնակցություն է ունենում այդ մարմինների ձևավորմանը՝ առաջին հերթին խոսքը դատական համակարգի մասին է, նաև անկախ մարմինների, որոնք պետք է իշխող ուժից, գործադիր իշխանությունից անկախ լինեն։ Դրանք են հակակոռուպցիոն և ընտրական մարմինները։ Որ հանկարծ ռիսկ չառաջանա երկիշխանության, հստակ սահմանվում է, որ գործադիր իշխանության ղեկավարը վարչապետն է։ Այժմ նախագահի վրա եղած որոշ գործառույթները, ըստ մեր առաջարկների՝ հանվում են նախագահի վրայից և տրվում վարչապետին, օրինակ՝ նախարարներ, բարձրաստիճան զինվորականներ նշանակելը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930