Լրահոս
Օրվա լրահոսը

Պեմզաշենում մոր ու երկու երեխաների ահասարսուռ սպանության լուսանկարն ակտիվորեն տարածում են․ հարցը քննչականում է

Նոյեմբեր 24,2022 23:03

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել, որ Պեմզաշենում կատարված ոճրագործության դեպքի վայրից լուսանկար է տարածվել։

«Ինչ-որ քննիչ, քրեագետ կամ դատախազ Պեմզաշենի ողբերգությանը վերաբերող և նախաքննության գաղտնիք հանդիսացող լուսանկարը տվել է ինչ-որ անբարոյականի, ով սկսել է տարածել», -գրել է իրավապաշտպանը։

Մեր տեղեկություններով , նրա գրառումը սկսել էին ուսումնասիրել ոստիկանության Մուշ բաժնում, զեկուցագիր էին կազմել ու ուղարկել Շիրակի մարզային քննչական վարչություն։

Կարապետ Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս հարցը հասել է քննչական, թեև իրեն հարցաքննության դեռ չեն հրավիրել։

«Տեղեկացված եմ, որ քրեական վարույթ կա, թեև ինձ դեռ չեն լսել, ճիշտն այն է, որ ինձ սկզբում լսեին, բայց գուցե ինչ-որ մարտավարություն ունեն, ուզում են ուրիշ տեղերից ճշտեն, նոր ինձ լսեն։

Լուսանկարը սպանության դեպքի վայրից ֆռռում է , դա մեծ խնդիր է՝ ինչո՞ւ է տարածվում, ինչո՞ւ են հանել, գործից դուրս գցել։ Այդ լուսանկարը նույնիսկ սովորական ոստիկանը չէր կարող անել , մտներ ներս, հեռախոսը հաներ, նկարեր, այսինքն՝ միայն տեղում աշխատող փորձագիտական խումբը, որը բաղկացած է փորձագետներից, քննիչներից, դատախազներից, կարող էր դա դուրս հանել։ Ընդ որում, ոչ բոլորը կարող էին լուսանկարել, մեկ-երկու հոգի հնարավորություն ունեին լուսանկարելու։

Ինչո՞ւ է դա դուրս եկել ու առհասարակ այս քրեական գործի շրջանակներում հենց առաջին օրվանից ցանկացած աշխատանքային վարկած արտահոսք է ունեցել։ Հիմա դա եղել է դիտավորությո՞ւն, թե՞ ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք։ Շատ կարևոր է այդ ամենը հասկանալ։

Չեմ ուզում հավատալ, որ դա ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է․ այն մարդիկ, որոնք այդտեղ եղել են, առաջին դեպքը չէր, պատկերացնում են դրա հետևանքները։ Իսկ եթե կա դիտավորություն, պիտի հասկանանք՝ դիտավորության պատճառը ո՞րն էր։ Արդյո՞ք այդ լուսանկարը չի տարածվել, որ հասարակության մեջ կրկնակի ահուսարսափ առաջանա»,-ասում է Կարապետ Պողոսյանը։

Ըստ նրա, քանի դեռ այդ լուսանկարը դուրս բերելու պատմությունը չունի հստակ բացատրություն, բոլորն էլ իրավունք ունեն իրենց սեփական տեսակետն ասել, թե ինչու է դուրս եկել։

«Վստահ եմ, որ դա ինչ-որ մեկի անփութության արդյունք չէր կարող լինել։

Այդ դեպքում թող դուրս գար Գյումրիում իր տան մեջ սպանված հավաքարարի՝ Մելսիդայի լուսանկարները ու բազմաթիվ այլ հանցագործությունների լուսանկարներ», -ասում է մեր զրուցակիցը։

Իրավապաշտպանը շարունակում է պնդել, որ այս դեպքը նման է ծիսական սպանության։

«Եթե երեխայի պառկած դիրքն ես նայում՝ ձեռքերը, ոտքերը կապած ձևը, դա շատ բան է ասում։

8 տարեկան երեխան բոլոր դեպքերում չէր կարող վտանգ ներկայացնել առնվազն երկու հասուն տղամարդու համար։

Իսկ մոր պահով ես եմ առաջինը առաջ քաշել այն վարկածը, որ շատ նման է Ադրբեջանում գերեվարված հայ կնոջ՝ Սուսաննայի սպանությանը, վերքերի հարվածների տեղերը նույնն էր, նույն վերքերը, նույն ձևը, դիրքը։ Ես սա ասում եմ արտահոսք եղած լուսանկարին նայելով»։

Մեր այն դիտարկմանը, թե Պեմզաշենում կարծիք են հայտնում, որ դժվար թե այս սպանությունը դիվերսիա լիներ, քանի որ նման քայլ անողը հաստատ մի հետք կթողներ, Կարապետ Պողոսյանն ասաց․ «Այս դեպքում կան երկու հոգի, որոնք կասկածյալ են, դիվերսիան չի կարող միայն լինել արտաքին ներթափանցման արդյունքում։ Դիվերսիան կարող է լինել նաև ներսի ստահակի ձեռքի գործ՝ արտաքին պատվերով։

Այդ նույն գյուղում փաստում են, որ Արկադին բավական խաղամոլ է եղել, հիմնականում դրսերում է եղել, և մենք շատ լավ գիտենք, որ թե՛ խաղամոլները, թե՛ թմրամոլները ընդունակ են ամեն ինչի։ Ու նաև գիտենք, որ մեր թշնամի երկիրը մշտապես փորձում է մեր երկրի այսպես ասած ստահակների թուլությունից օգտվել ու այդ թուլություններն օգտագործել սեփական շահերի համար։ Հասկացանք կասկածյալները Վրույրն ու Արկադիկն են, բայց պիտի հասկանանք ինչի՞ համար, որովհետև տվյալ դեպքում և՛ անձնական թշնամանքի վարկածն է շատ թույլ, և՛ գողության վարկածն է շատ թույլ, գրեթե չկա, և՛ կողոպուտի, և՛ աֆեկտի։

Բոլորն վարկածներն այստեղ դուրս են գալիս, մենք պիտի հասկանանք կոնկրետ ինչի համար, բացի նրանից, որ սա սարսափելի ոճիր էր, մտավախություն ունեմ՝ եթե իրական դրդապատճառը չի բացահայտվում կամ ամբողջովին չի բացահայտվում ու հանկարծ այստեղ լինի արտաքին գործոն, շատ կարճ ժամանակում կունենանք ավելի վատ բաներ»։

Իրավապաշտպանի բնութագրմամբ, այն չափազանց մութ գործ է, որը փորձում են շատ պարզ ձևով մեկնաբանել։

«Վրույրը մինչև վերջ պնդում է Արկադիի մասնակցության մասին, ինչո՞ւ, այստեղ խոշոր հարց է առաջանում, չնայած Արկադիի մասով կան ալիբիներ, անմեղության կանխավարկածներ։ Կարևոր է՝ ամեն ինչ արվի, որ Վրույրը թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության, և թե՛ պատժի կրելու ընթացքում հանկարծ չմեռնի։ Իր ողջ մնալը շատ կարևոր է, եթե նույնիսկ ներկա իշխանությունները չունենան համապատասխան քաղաքական կամք բացահայտելու, գոնե հաջորդ իշխանությունների օրոք հնարավորություն ունենանք բացահայտելու։

Տեսեք նույն Պերմյակովի դեպքում նրան տեղափոխեցին, տարան Ռուսաստան ու նույն պատմության շուրջ մեզ մնացին լիքը առեղծվածային հարցեր։ Հիմա պիտի Վրույրը ողջ, առողջ մնա, որ այդ նույն բացերը հնարավոր լինի հասկանալ», -ասում է Կարապետ Պողոսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930