Այսօր Մ. Նալբանդյանի անվան հ.33 դպրոցի ութերորդ դասարանի սովորողներն այցելեցին Հայաստանի մշակութային խոշորագույն օջախներից` Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան:
Պատանի այցելուները հետաքրքրությամբ դիտեցին թանգարանի` 18-րդ դարից մինչև նորագույն ժամանակաշրջանի գրականության, թատերարվեստի, երաժշտարվեստի և կինոարվեստի գրեթե բոլոր խոշոր գործիչների արխիվները և այդ շրջանում գործած մշակութային և կրթական հաստատություններին վերաբերող հավաքածուները:
Երեխաներն իրենց իմացածին ավելացրին արվեստի ու գրականության մասին պատմող ուշագրավ փաստերը: Իսկ ավելին իմանալու համար ուղեկցողին ուղղված նրանց հարցերն անսպառ էին, հետաքրքրությունը` մեծ:
Այնուհետև պատանի նալբանդյանցիների հետ հանդիպում ունեցավ թանգարանի տնօրեն, բ.գ.թ. Վահագն Սարգսյանը:
Նա ողջունեց երեխաների այցը թանգարան` քաջալերող խոսքեր հղելով արվեստի ու գրականության նկատմամբ սեր և այսչափ հետաքրքրություն ցուցաբերելու համար:
Պարոն Սարգսյանն ուշագրավ դեպքեր պատմեց արվեստի մեծագույն հանճարների կյանքի ու գործունեության մասին: Երեխաների հետաքրքրությունն էլ ավելի մեծացավ, երբ լսեցին հատկապես Մ. Նալբանդյանի այն ցուցանմուշների մասին, որոնք պահվում և ցուցադրվում են թանգարանում:
Ծրագրի հաջորդ բաժնում երեխաների համար նախատեսված էր «Ձայն Մեծաց» վավերագրական ֆիլմի դիտումը (ռեժիսոր` Ռազմիկ Գրիգորյան, պրոդյուսեր` Անի Երեմյան, օպերատոր` Մխիթար Սերոբյան, ՀՕԳ` Մխիթար Մանուկյան, հնչյունային ռեժիսոր` Դավիթ Դավթյան): Ֆիլմը նվիրված էր թանգարանի հարյուրամյա հոբելյանին, որը նշվել է նախորդ տարի:
Ֆիլմի ավարտից հետո երեխաների առաջարկով տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում ֆիլմի նկարահանող անձնակազմի հետ:
Նրանց հարցերն ուղղված էին ոչ միայն ֆիլմի ստեղծման աշխատանքներին, այլև փորձեցին բացահայտել կինոստեղծման մի շարք նրբություններ ու գաղտնիքներ:
Նաիրա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ