«Ցավով արձանագրենք, որ որևէ փոփոխություն, որ վերաբերել է մեր պետության հիմնական փաստաթղթին, չի ապահովել ՀՀ-ի և նրա քաղաքացիների ու հայ ժողովրդի՝ երկար տարիների կտրվածքով բարեկեցությունը, արժանապատիվ կյանքը, օրենքի գերակայությունը, արդար դատական համակարգը, ժողովրդավարական զարգացումը»,- «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության և Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) կողմից հրավիրված «Քաղաքացիական հասարակության հայացքը սահմանադրական բարեփոխումներին» թեմայով հանրային քննարկման ժամանակ նկատեց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը։
Ըստ նրա՝ ամեն անգամ սահմանադրական փոփոխությունները բխել են ինչ-որ մեկի կամ մի խմբի շահերից։ Նա նշեց․ «2018-ի թավշյա հեղափոխության էության մեջ և ժողովրդի ընդվզման մոտիվացիայում 2015-ին ընդունված սահմանադրությունը երևի թե շատ մեծ մաս էր կազմում։ Մենք հաճախ ամբողջ խորությամբ չենք գնահատում մեր հասարակության իմաստնությանը, հաճախ թվում է՝ ոչ ակտիվ մասնակցությունը, որը ցուցաբերվում է համապետական տարբեր քվեարկությունների ժամանակ, պայմանավորված է չգիտակցելով կամ չհասկանալով խնդրի էությունը, մինչդեռ երևի թե այն սահմանադրությունը, որն առաջարկվեց 2015-ին և հերթական անգամ ընդունվեց, խորը հետք էր թողել մեր հասարակության վրա։
Հեղափոխությունից հետո պահանջներից մեկը հենց այդ սահմանադրության փոփոխությունն էր, որը պետք է տեղի ունենար մինչև 2018-ի վերջը։ Տեղի չունեցավ, հետո բախվեցինք այլ արհավիրքների՝ համաճարակ, պատերազմ»։ Դավիթ Ամիրյանը վստահեցրեց՝ քաղհասարակության ներկայացուցիչները գտնում են, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են ու շեշտեց․ «Մենք գտնվում ենք պատմական մի փուլում՝ մոմենտումում, երբ մենք պիտի ընդունենք փաստաթուղթ, որը պիտի լինի մեր պետության, իշխանության, քաղաքացիների՝ միմյանց հետ սոցիալական համաձայնագրի պես մի բան, որ մենք յուրաքանչյուրս զգանք մեր մասը փաստաթղթում և պատասխանատվությունը փաստաթղթի նկատմամբ ու պարտավորությունները։ Դա պետք է ապահովի սերունդների ապագան ու մեր պետության բարեկեցիկ և արժանապատիվ ապագան»։
Դավիթ Ամիրյանը նաև հիշեցրեց՝ ապացուցվել է, որ մինչև հիմա բոլոր այն իշխանությունները, որոնք որոշեցին իրենց համար ունենալ Սահմանադրություն, համենայն դեպս, փառունակ ավարտ չունեցան։ Նա վստահեցրեց՝ մեր ժողովուրդն ուզում է Սահմանադրություն, որը կապահովի իր բարեկեցիկ և արժանապատիվ կյանքն այս երկրում ոչ միայն մի սերնդի, այլև մի քանի սերունդների համար։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ