Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում այսօր «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» եւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո գլխադասային հանձնաժողովում տեղի ունեցավ լրացուցիչ քննարկում, որի ավարտից հետո նիստը վերսկսվեց։
Հիշեցնենք, որ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխությունների նախագծում ավելացված փոփոխության համաձայն՝ ԱԱԾ արխիվները գաղտնազերծվում կամ ոչնչացվում են(ավելացվել է ոչնչացնելը․-հեղինակ) օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով։ Այս նախագծի առնչությամբ ընդդիմությունից մտահոգություններ են հնչում, որ իշխանությունն այսպես կկարողանա ԱԱԾ արխիվային նյութերը, որոնք վերաբերում են այդ թվում գործակալներին, ոչնչացնել իրավական ակտերով։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց՝ ավելի վաղ Ռուբեն Ռուբինյանի հարցին ի պատասխան նախագծերի զեկուցող, ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը պատասխանել էր, որ փաստաթղթերը հնարավոր չէ ոչնչացնել առանց գաղտնազերծելու, սակայն հանձնաժողովի նիստում ասել է, որ կարող են չգաղտնազերծված փաստաթղթերը ոչնչացվել․ «Մեր անհանգստությունը դրա հետ է կապված։ Առաջարկել էինք օրենքում հստակ ամրագրել, որ գաղտնազերծվելուց հետո միայն կարող են փաստաթղթերը ոչնչացնել, սակայն կառավարությունը մերժեց»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետեւյալ տեսակետը հայտնեց․ «Որ ոչնչացնելու բան լիներ, 2018թ․-ին կհրապարակեր իշխանությունը»։
Կարդացեք նաև
Նշենք, որ հանձնաժողովի նիստում Անդրանիկ Սիմոնյանն ընդդիմության առաջարկի հետ կապված ասել է․ «Առաջարկն ընդունելի չէ, քանի որ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնազերծման եւ ոչնչացման հետ կապված հարաբերությունները մանրամասն կարգավորված են «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով եւ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերով»,-պարզաբանել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը՝ հիմնավորելով գործող օրենքի հոդվածներով: «Մեր կողմից ներկայացված նախագծով կատարվող փոփոխությունը, ըստ էության, նպատակ ունի հստակեցնելու առկա օրենսդրական ձեւակերպումը եւ նշված հարաբերությունների համար որեւէ նոր կարգավորում չի ենթադրում»։
Նախագիծն ԱԺ լիագումար նիստում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ․ կողմ էր քվեարկել 60, դեմ՝ 28 պատգամավոր։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ