Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ է, մետրոյում հրդեհ չի լինում. այս հիմնավորմամբ լուծարվել է Երևանի մետրոպոլիտենի հրշեջ ծառայությունը

Նոյեմբեր 24,2022 20:44

Լուծարվել է Երևանի մետրոպոլիտենի հրշեջ ծառայությունը, կրճատվել են ծառայության ընդամենը 4 աշխատակիցները, որոնց որևէ այլ աշխատանք չի առաջարկվել. այս մասին պատմեցին «Առավոտի» աղբյուրները: Մեր ձեռքի տակ է, ընկերության հրամանը, որով լուծվում են հրշեջ ծառայության աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը:

Մեր աղբյուրի հավաստմամբ, մետրոպոլիտենի ղեկավարությունը հրշեջ ծառայության լուծարումը այսպես է հիմնավորել «Մեկ է, մետրոյում հրդեհ չի լինում», ինչին աշխատակիցները հակադարձել են «հրդեհ չի լինում, քանի որ պատշաճ վերահսկողություն է իրականացվում։ Չէ՞ որ մետրոպոլիտենն ամբողջությամբ հոսանքով է գործարկվում, էստեղ տարիներ շարունակ հրշեջահսկման հատուկ ծառայություն է իրականացվել, մշտապես հնձվել են մետրոյի բաց տարածքների խոտերը, ամեն օր հսկվել է մետրոյի ողջ երթուղու, թունելների հոսանքալարերի վիճակը։ Կրակմարիչներն անգամ մետրոյում հատուկ են»: Նախկինում մետրոպոլիտենում գործել է մոտ 30 հոգանոց հրշեջ ծառայության, այն աստիճանաբար կրճատվել-հասել է 4-ի, որն էլ ի վերջո օրերս լուծարվել է: Այդ 4 հոգով սպասարկել են մետրոպոլիտենի 10 կայարանները՝ աշխատակիցներին սովորեցնելով հակահրդեհային անվտանգության տարրական կանոններ:

Կա՞ արդյոք որևէ այլ երկիր, որտեղ մետրոպոլիտենը հրշեջ ծառայություն չունի, ո՞ր երկրի մետրոպոլիտենի նախադեպն է հիմք հանդիսացել Երևանի մետրոպոլիտենի ղեկավարության համար՝ հրշեջ ծառայությունը լուծարելիս, լինելով ռազմավարական նշանակության օբյեկտ, մետրոպոլիտենը հնարավոր աղետի, պատերազմի, վտանգի դեպքում առանց հրշեջ ծառայության՝ ինչպե՞ս պետք է մետրոպոլիտենում մարդկանց տարհանման, տեղաշարժի խնդիրները կազմակերպի, ի՞նչ հիմնավորմամբ է լուծարվում հրշեջ ծառայությունը և ինչո՞ւ կրճատվող աշխատակիցներին աշխատանք չի առաջարկվում: Այս և այլ հարցերով դիմեցինք Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժին, որտեղից մեզ ուղղորդեցին Երևանի մետրոպոլիտեն:

Աշխատանքային օրվա ավարտից ժամուկես հետո միայն ստացանք մետրոպոլիտենի պատասխանը, որն ամբողջությամբ ներկայացնում են ստորև. «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում «Հակահրդեհային անվտանգության խումբ»-ը լուծարվել է ս․ թ․ նոյեմբերի 23-ին՝ աշխատակիցներին նախապես տրված ծանուցման համաձայն։

Ինչ վերաբերվում է կրճատվող աշխատակիցներին այլ աշխատանք առաջարկելուն, ապա նշեմ, որ հաստատված հաստիքացուցակի համաձայն Ընկերությունում առկա չեն եղել տվյալ աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ հաստիքներ։ Օպտիմալացման ծրագրի շրջանակներում Երևանի մետրոպոլիտենի տնօրենների խորհուրդը ՝ ավելի վաղ հաստատել էր ընկերությունում կառուցվածքային փոփոխություն իրականացնելու որոշումը։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ խմբի լուծարումը անվտանգային որևէ խնդիր չի առաջացնում Երևանի մետրոպոլիտենի համար։ Մետրոպոլիտենի բոլոր կայարանները, ինչպես նաև վարչական շենքն ամբողջությամբ համալրված են հրդեհաշիջման անհրաժեշտ պարագաներով և միջոցներով և ունեն հակահրդեհային անվտանգության պատասխանատուներ, որոնց վրա դրված են վթարների կանխարգելման այնպես էլ դրանց վրա հասնելու դեպքում անձնակազմի տարհանման աշխատանքները։ Նշեմ նաև, որ ինչպես նախորդ տարիներին՝ այս տարի ևս հայտարարվել և անցկացվել է հրդեհաշիջման միջոցներից կրակմարիչների վերալիցքավորման մրցույթ։ Մրցույթը կրելու է պարբերական բնույթ՝ ապահովելով հակահրդեհային միջոցների նորմատիվային չափորոշիչների համապատասխանելիությունը սահմանաչափերին։ Ընդգծեմ նա , որ Երևանի մետրոպոլիտենը, սերտ համագործակցելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ, տարեկան կտրվածքով անցկացնելու է նախավարժանքներ , դասընթացներ, պանելային քննարկումներ մետրոպոլիտենի աշխատակիցների համար՝ ծանոթացնելով հակահրդեհային համակարգի նորագույն տեխնոլոգիաներին և դրանց կիրառման առանձնահատկություններին»։

 

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930