Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում դատական իշխանություն չունենք, ունենք դատական համակարգ, Մնացական Մարտիրոսյանն էլ կատարսիսն է դատական խայտառակության»․ Լևոն Բարսեղյան

Նոյեմբեր 24,2022 20:11

«Ինձ համար ակնհայտ է, որ մենք Հայաստանում դատական իշխանություն չունենք, ունենք դատական համակարգ, մեքենա, մեխանիզմ, ավտոներ, շենքեր, ձայնային սարքեր, դատավորներ բարձր աշխատավարձերով և, ի վերջո, ունենք Մնացական Մարտիրոսյան։ Նա կատարսիսն է դատական խայտառակության»,- «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության և Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) կողմից հրավիրված «Քաղաքացիական հասարակության հայացքը սահմանադրական բարեփոխումներին» թեմայով հանրային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Նա նշեց՝ կուզեր, որ մենք Սահմանադրության կարիք չունենայինք, բայց նաև նկատեց՝ քանի որ ասում են՝ կազմակերպված պետությունը պետք է մի նման բան ունենա, ուրեմն պետք է դա լինի։ Խոսելով իր պատկերացրած Սահմանադրության մասին՝  նա ասաց․ «Կուզեի, որ նոր Սահմանադրությունը մեզ ապահովեր դատական իշխանություն, որը կլինի արբիտր հնարավոր վեճերի և մնացած իշխանական համակարգերի՝ վատ գործելու բոլոր դեպքերում։ Կուզեի, որ Սահմանադրությունը հանրային հնարավոր առավելագույն համաձայնությամբ ընդունվեր։ Սրա համար հարկավոր է, որ պետական իշխանությունը դուրս գա այն կարծրատիպային մոտեցումից, ինչ ունեցել է 30 տարի շարունակ»։

Ըստ Լևոն Բարսեղյանի՝ սահմանադրական հնարավոր նախագծի քննարկումը պետք է տևի մեկ-մեկուկես տարի, մարդիկ պետք է իմանան՝ ինչի մասին է խոսքը, մարդիկ պետք է արդարության զգացում ունենան այս հնարավոր նախագծին ծանոթանալիս։

Լևոն Բարսեղյանն առաջարկում է ընտրությունների պարագայում վերացնել շեմերը։ Այս առիթով պարզաբանեց․ «Ճիշտ կլինի ընտրությունները լինեն առանց որևէ կայուն-անկայուն բաղադրիչների։ Եթե որևէ քաղաքական ուժ 78 տոկոս է ստանում խորհրդարանում, ճիշտ կլինի՝ այդքանով ներկայացված լինի։ Շեմերի վերացում եմ առաջարկում։ Եթե որևէ քաղաքական ուժ ստանում է մեկ մանդատի չափ քվե, թող այդ մանդատով ներկայանա»։

Նա խորհրդարանի համար ավելի մեծ լիազորություններ է տեսնում։ Մասնավորապես, որ ոչ թե կանչի միայն կառավարության հաշվետվությունը լսելու, այլ հարցաքննելու։

Լևոն Բարսեղյանը սահմանադրական փոփոխություններ է նաև առաջարկում ՏԻՄ ոլորտում։ Նա ասաց․ «Տեղական ինքնակառավարումը կարծես եղել է պետության խորթ երեխան։ Միշտ պետական իշխանությունը ՏԻՄ-ին ենթակայացած է պահել։ Մեզանում ոչ թե տեղական ինքնակառավարում է եղել, այլ պետական տեղական ինքնակառավարում։ Առաջարկում եմ սուբսիդիալ կառավարման մեխանիզմի ներդրումն ու ամրապնդումը մեր երկրում։ Լավ կլինի՝ Սահմանադրության մեջ ամրագրվի, որ բոլոր այն հնարավոր լիազորությունները և գործերը, որ կարող է չանել պետական իշխանությունը, վերալիազորի տեղական իշխանությանը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930