Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Այդ «տարօրինակ» հիվանդությունը՝ միգրեն

Նոյեմբեր 24,2022 22:00

Ի՞նչ է միգրենը

Միգրենը նյարդաբանական խանգարում է, որն ավելի հաճախ կապվում է գլխացավի հետ։ Գլխացավն առաջանում է էպիզոդիկ կերպով ու հաճախ է ուղեկցվում սրտխառնոցով, փսխումով, լուսավախությամբ և այլն։

Միգրենի ախտանշանները

Միգրենը տարբեր մարդկանց մոտ տարբեր դրսևորումներ ունի և կարող է փուլային ընթացք ունենալ։ Այդ փուլերը ներառում են՝

Ներածական՝ նախանշանային փուլ

Գլխացավից մի քանի ժամ կամ օր առաջ միգրենով տառապող մարդկանց մոտ 60 տոկոսը նկատում են այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են՝

  • գերզգայնություն լույսի, ձայների ու հոտերի նկատմամբ,
  • հոգնածություն,
  • ախորժակի կորուստ կամ ուտելու մեծ ցանկություն,
  • տրամադրության փոփոխություններ,
  • ուժեղ ծարավ,
  • փքվածություն,
  • փորկապություն կամ փորլուծություն։

Աուրայի փուլ

Այս փուլում դրսևորվող ախտանշանները կապված են նյարդային համակարգի ու հաճախ տեսողության հետ։ Սովորաբար դրանք աստիճանաբար են սկսվում՝ 5-20 րոպեի ընթացքում և մոտ մի ժամ են տևում։

Այդ ընթացքում կարող են լինել հետևյալ ախտանշանները՝

  • տեսողական խանգարումներ (տեսադաշտի մի կեսի մթագնում, մշուշոտ տեսողություն), կարող են երևալ սև կետեր, ալիքներ, լույսի առկայծումներ,
  • կարող են առաջանալ հալյուցինացիաներ,
  • մարմնի մի հատվածում ծակծկոց կամ թմրածություն,
  • խոսքի հետ կապված դժվարություններ,
  • ծանրության զգացում ոտքերում ու ձեռքերում,
  • զնգոց ականջներում,
  • հոտառության, համի, շոշափելիքի փոփոխություններ:

Գրոհի փուլ

Միգրենի գլխացավը հաճախ սկսվում է որպես բութ ցավ՝ վերածվելով բաբախող ցավի։ Սովորաբար այն սրանում է ֆիզիկական ակտիվության ժամանակ։ Ցավը կարող է գլխի մի հատվածից մյուսը տեղափոխվել, կարող է զգացվել հատվածաբար։

Մարդկանց մոտ 80%-ը սրտխառնոց է զգում գլխացավի հետ միաժամանակ, իսկ մոտ կեսն էլ՝ փսխում։ Մարդը կարող է գունատվել, թուլություն զգալ։ Գլխացավերը սովորաբար տևում են մոտ 4 ժամ, սակայն կարող են ձգվել 3 օրից ավելի։ Գլխացավի նոպաների հաճախականությունը կարող է տարբեր լինել՝ ամսական 2-4 անգամ, կամ տարեկան 1-2 անգամ։

Հետնախանշանային փուլ

Այս փուլը կարող է տևել մինչև մեկ օր՝ գլխացավից հետո։ Ախտանշանները ներառում են՝

  • հոգնածության, հյուծվածության, գրգռվածություն,
  • երջանկության ու թարմության զգացում,
  • մկանային ցավեր ու թուլություն,
  • ուտելու մեծ ցանկություն կամ ախորժակի կորուստ։

Միգրենի առաջացման պատճառները

Միգրենի առաջացման պատճառները հայտնի չեն, թեև դրանք կապվում են գլխուղեղի որոշակի փոփոխությունների, գեների հետ։ Երկար տարիներ գիտնականները համարում էին, որ միգրենի առաջացման պատճառ կարող են լինել գլխուղեղի արյան շրջանառության փոփոխությունները։ Սակայն մեծամասնությունն այժմ կարծում է, որ դա կարող է նպաստել ցավի առաջացմանը, բայց չլինել դրա պատճառը։

Այժմ կա տեսակետ, որի համաձայն միգրենի զարգացումը սկսվում է գերակտիվ նյարդային բջիջների կողմից հղվող ազդակներով, որոնք ակտիվացնում են եռվորյակ նյարդը, որի պատճառով էլ սրվում է գլխի ու դեմքի զգայնությունը։ Մարմինը սկսում է քիմիական նյութեր արտադրել, ինչպիսիք սերոտոնինն ու կալցիտոնին պեպտիդն է, ինչի արդյունքում գլխուղեղի թաղանթի արյունատար անոթներն ուռչում են։ Այնուհետև նեյրոհաղորդիչներն առաջացնում են բորբոքում ու ցավ։

Միգրենի ռիսկի գործոնները

Միգրենի ամերիկյան ֆոնդի տվյալներով, ավելի քան 38 միլիոն ամերիկացիներ տառապում են միգրենով։ Ռիսկի գործոնները ներառում են՝

  • Սեռը․ կանայք 3 անգամ ավելի հաճախ են տառապում միգրենով, քան տղամարդիկ։
  • Տարիքը․ շատերի մոտ միգրենի գլխացավերը սկսվում են 10-40 տարեկանում։ Շատ կանայք նկատում են, որ 50 տարեկանից հետո միգրենի դրսևորումներն անհետանում են։
  • Ընտանեկան պատմությունը․ միգրենով տառապող 5 մարդուց 4-ի ընտանիքում հանդիպում են միգրեն ունեցող անդամներ։ Եթե ծնողներից մեկը ունեցել է գլխացավեր, դրանց առաջացման հավանականությունը երեխայի մոտ 50 տոկոս է, երկու ծնողների դեպքում՝ 75 տոկոս։
  • Բժշկական այլ գործոնները․ դեպրեսիա, տագնապ, անձի երկբևեռ խանգարում, քնի խանգարումներ, էպիլեպսիա և այլն։

Միգրենի տրիգերները

  • Հորմոնալ փոփոխություններ․ շատ կանայք են գլխացավեր ունենում դաշտանի, ձվազատման կամ հղիության ժամանակ։ Ախտանշանները կարող են կապված լինել նաև դաշտանադադարի, հակաբեղմնավորիչների օգտագործման և այլնի հետ։
  • Սթրես․ երբ մարդը սթրես է ապրում, նրա գլխուղեղում որոշակի քիմիական նյութեր են արտադրվում, որոնք կարող են արյունատար անոթների փոփոխություններ հարուցնել, ինչն էլ կարող է հանգեցնել միգրենի դրսևորման։
  • Սնունդ․ որոշ մթերքներ ու ըմպելիքներ, ինչպիսիք են հնեցված պանիրը, ալկոհոլն ու սննդային հավելումները, օրինակ՝ նիտրատներն ու նատրիումի գլուտամատը, կարող են նպաստել միգրենային գլխացավերի առաջացմանը։
  • Կոֆեին․ չափից շատ կոֆեինը, կամ սովորականից ավելի քիչ չափաբաժինը կարող է գլխացավի առաջացման պատճառ դառնալ։
  • Եղանակային փոփոխությունները․ որոտը, մթնոլորտային ճնշման տատանումները, ուժեղ քամին կարող են միգրեն հրահրել։
  • Միգրենի տրիգերներ են համարվում նաև բարձր ձայները, սուր հոտերը, պայծառ լույսը, որոշ դեղամիջոցները, ֆիզիկական ակտիվությունը, ծխախոտը, քնի խանգարումները։

Միգրենի բուժումը

Միգրենի բուժումը կարող է նշանակել միայն բժիշկը՝ անհրաժեշտ հետազոտություններից հետո, իսկ տնային պայմաններում միգրենի ախտանշանների թեթևացմանը կարող են նպաստել հետևյալ գործողությունները․

  • Մութ ու լուռ սենյակում փակ աչքերով հանգիստը,
  • Ճակատին սառը թրջոց դնելը,
  • Մեծ քանակով հեղուկ օգտագործելը,
  • Սննդանյութերի օգտագործումը․ հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ վիտամիններ, հանքանյութեր ու դեղաբույսեր կարող են դրական ազդեցություն ունենալ միգրենի դեպքում։ Դրանց թվում են ռիբոֆլավինը (վիտամին B2 ), կոենզիմ Q10-ն ու մելատոնինը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ webmd.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930