Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում Կանադայի դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-կանադական խորհրդարանական հարաբերությունների առավել խորացմանը, փոխայցերի ակտիվացմանը

Նոյեմբեր 24,2022 19:30

Խորհրդարանական երեք խմբակցությունների ներկայացուցիչները նոյեմբերի 24-ին Ազգային ժողովում ընդունել են Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիսոն Մարի Լը Քլերին:

«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանը կարեւորել է երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Պատգամավորը հյուրին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի մանրամասներն ու դրա հետեւանքները: Նա մտահոգություն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային արժեքների պահպանման առնչությամբ եւ ընդգծել, որ այդ երկիրը թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ին մուտք գործել այդ տարածքներ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամ Գեւորգ Պապոյանը եւս ընդգծել է միջխորհրդարանական կապերի զարգացման կարեւորությունը, բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությունը: Նա բարձր է գնահատել այն փաստը, որ 44-օրյա պատերազմի առաջին օրերից Կանադան ակտիվորեն փորձում էր ջանքեր գործադրել կրակի դադարեցման համար:

Այս համատեքստում Գեւորգ Պապոյանը կարեւորել է Կանադայի կառավարության որոշումը՝ դադարեցնելու կանադական սպառազինությունների մատակարարումը Թուրքիա, իրավիճակը մանրամասն ուսումնասիրելու եւ պարզելու՝ արդյո՞ք դրանք օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում:

Գեւորգ Պապոյանը Թուրքիայի եւ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները բնութագրել է որպես ավտորիտարիզմի հարձակում Հայաստանի ժողովրդավարության դեմ: «Մեր պայքարը գոյութաբանական է, մենք չենք կարող նոր ցեղասպանության ենթարկվել»,- ասել է նա:

Հայ-կանադական հարաբերությունների զարգացման հեռանկարներին է անդրադարձել նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամ Միքայել Թումասյանը:

Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-կանադական խորհրդարանական հարաբերությունների առավել խորացմանը, փոխայցերի ակտիվացմանը: Նա ընդգծել է, որ ե՛ւ 44-օրյա պատերազմի, ե՛ւ սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքներն իրենց ուշադրության կենտրոնում են:

Անդրադարձ է եղել նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձմանը, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը: Երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում ընդգծվել է Կանադայի հայ համայնքի գործուն դերակատարությունը:

 

ՀՀ ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930