«Ինչո՞ւ եք որոշել 2019 թվականի մարտին ներկայացնել այս դիմումը, երբ առերեւույթ ձեր ներկայացրած իրադարձությունները տեղի են ունեցել 2013 թվականին»,- այսօր դատարանում, վկա Սեւան Քոչարյանին հարցրեց պաշտպան Ամրամ Մակինյանը:
Հիշեցնենք, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր շարունակվում էր «դիզվառելիքի գործով» նիստը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․-հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։
«Ես այդ ժամանակ եմ հարմար գտել, այդ ժամանակ եմ հանդես եկել հայտարարությամբ»,- եղավ վկայի պատասխանը:
Թե այդ հարմարությունն ինչո՞վ էր պայմանավորված՝ պաշտպանի հարցը նույն պատասխանին արժանացավ: Վկան հայտարարեց, որ այս գործի առնչությամբ ԱԱԾ աշխատակիցների հետ շփում չի ունեցել, ինքն էլ Քննչական ծառայություն՝ հարցաքննության, հիմնականում հեռախոսազանգերով է գնացել:
Կարդացեք նաև
Պաշտպանը նաեւ հետաքրքրվեց՝ գործում կա՞ դրվագ, որն ինքը թաքցրել է նախաքննական մարմնից ու մանրամասնեց. «Ձեր գործունեության ընթացքում եղե՞լ է դեպք, երբ դուք հանրապետություն եք ներմուծել նյութական արժեքներ՝ ժամանակավոր ներմուծման ռեժիմով, հետո դրանք կորել են, չեն արտահանվել»: Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ ապացույցներ կան, որ «Սոկոլ Օյլ» ընկերությունը 1094 հատ տակառ է ներմուծել՝ ժամանակավոր ռեժիմով, հետո դրանք չեն արտահանվել: Նա պարզաբանեց, որ այս մանրամասները նպատակ ունեն Սեւան Քոչարյանի գործունեությունը ի ցույց դնելու: «Մի տեղ ապրանքներն են անհետացել, մի տեղ՝ 10 միլիոն դոլարի վարկեր են վերցրել ու չեն տվել»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ տարակուսելի է, երբ այս իրավիճակում վկան պնդում է, որ ինքը վստահելի գործընկեր է եւ կարող էր շարունակել պետության հետ պայմանավորվել՝ հետագա աշխատանքի մասով:
Ամրամ Մակինյանը հայտարարեց, այս գործն իր պաշտպանյալի համար իրավականից բացի, նաեւ այլ կողմ ունի՝ բարի համբավի արատավորման, ուստի այս դատավարության ընթացքում պաշտպանական կողմի համար նաեւ շեշտադրումներն են հատուկ ընտրված:
Դատախազը հայտարարեց, որ իր հարցերով, որոնք գործին չեն առնչվում, պաշտպանը փորձում է վկայի վրա ճնշում գործադրել եւ ստանալ իր համար նախընտրելի պատասխաններ:
Ամրամ Մակինյանը հրապարակեց վկայի բնակության հասցեն, վկան հաստատեց, որ այժմ էլ այդ հասցեում է բնակվում, ապա պաշտպանը նկատեց, որ 2019 թվականի փետրվարի 4-ին բանկի կողմից հայցադիմում է ներկայացվել՝ Սեւան Քոչարյանին իր բնակարանից վտարելու պահանջով, սրանից կարճ ժամանակ անց, մարտ ամսին, վկան դիզվառելիքի գործով դիմում է ներկայացրել ոստիկանություն եւ հարցրեց՝ իր բնակարանից իրեն վտարելու պահանջն օրինական ուժի մեջ է մտած, բայց մինչ օրս ինքը բնակարանից վտարված չէ. տրամաբանական կապ կա՞ այդ իրադարձությունների միջեւ: Հարցին պատասխան չհնչեց:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ