Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցումը ուղարկել ենք Վահե Ղազարյանին, մինչև հիմա չեն ճշտում, չեն կարողանում նույնականացնել ոստիկաններին». զոհված զինծառայողների ծնողները՝ ՔԿ-ի մոտ

Նոյեմբեր 24,2022 17:31

«Այսօր քննչական գործողություններ չեն կարողանում անել, հարցումը ուղարկել ենք Վահե Ղազարյանին, մինչև հիմա չեն ճշտում, չեն կարողանում նույնականացնել ոստիկաններին: Ոստիկաններից մի քանիսին մենք ենք նույնականացրել, որպեսզի Քննչական կոմիտեի (ՔԿ) գործառույթը հեշտացնենք»,- Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում վրդովվեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:

Ըստ նրա՝ ուժային կառույցները երկրին նպաստող ոչ մի գործողություն չեն անում: Այնուհետև նշեց. «Կոնկրետ մարդիկ, տուժողներ կան, որոնք հարցաքննվել են: Հարցնում եմ՝ իրենց մասով ի՞նչ եք արել, մի ոստիկան բացահայտե՞լ եք, որ մեղադրանք առաջադրեք: Այստեղ միայն այդ վեց-յոթ ոստիկանները չեն, նրանց պարզ է, որ քավության նոխազ են դարձնելու, բայց իրենց հրաման տվողն ո՞վ է եղել»:

Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները եկել են ՔԿ, որպեսզի պարզեն՝ արդյոք Եռաբլուրում զոհված զինծառայողների հարազատներին բերման ենթարկած ոստիկանները նույնականացվե՞լ են, հարցաքննվե՞լ են: Եկել են պարզելու, թե ինչ փուլում է գտնվում քրեական գործը, որը հարուցվել է ոստիկանների դեմ Եռաբլուրից զոհված զինծառայողների ծնողներին ուժի գործադրմամբ բերման ենթարկելու հիմքով:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ծանուցում ստացե՞լ են, քանի որ ոստիկանի իրավական պահանջը չկատարելու հիմքով գործը մտել է ՀՀ վարչական դատարան: Գարիկ Գալեյանը պատասխանեց. «Ստացել եմ այդ նամակը, որ վարչական դատարանում է գործը: Կարդացի, տեսա, որ մի քանի տող հետո Գալեյանը դարձել է Ավանեսյան: Պարզ է, որ ասելու են՝ վրիպակ էր: Չնայած գիտենք, որ դատավորները կոռումպացված են, բայց չեմ կարծում, որ վարչական դատարանում կգտնվի մի դատավոր, որ կփորձի մեզ՝ ծնողներից տուգանել»:

Զոհված զինծառայողների հարազատները ՔԿ-ի շենքի պատերին փակցրին այն ոստիկանների լուսանկարները, որոնք Եռաբլուրից բերման էին ենթարկել ծնողներին: Ծնողներից մեկը, դուրս գալով ՔԿ-ում հանդիպումից, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց. «Նկարները, որ ամրացրել ենք պատերին ու հանձնել իրենց, իրենց գործը թեթևացնելու համար ենք արել, իրենց լեզվով ասած՝ նույնականացրել ենք, որ իրենք երկու ամիս չեն կարողանում անել: Մենք ժամանակ առ ժամանակ հայտնվելու ենք այստեղ, որ հասկանանք գործի ընթացքը: Կան մարդիկ, որոնք չեն հարցաքննվել, ամեն բան անելու ենք, որ նրանք էլ անցնեն հարցաքննություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930