Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մոտ 3000 քաշաթաղցի բնակարանի գնման սերտիֆիկատը ստացել է, բայց չեն կարողանում տուն գնել, բանկերը խնդիրներ են ստեղծում, գումարը քիչ է»․ քաշաթաղցիները ցույց են անում

Նոյեմբեր 24,2022 16:55

Քաշաթաղից տեղահանված բնակիչներն այսօր կրկին բողոքի ցույց էին անում կառավարության շենքի մոտ։ Նրանք դժգոհում են, որ իրենց բնակավայրից դուրս են հանել, ոչինչ չեն կարողացել տեղափոխել Հայաստան, այսօր էլ վարձով են բնակվում, ու իրենց բնակարանային ապահովման խնդիրները չեն լուծվում կառավարության տրամադրած բնակարանի գնման վկայականներով։

Քաշաթաղցիներն ասում են, որ վկայականները ստացել են, սակայն բանկային համակարգի պայմանների պատճառով չեն կարողանում բնակարան ձեռք բերել։

Կարինե Մովսեսյանը պատմեց, որ սերտիֆիկատի մոտ 4000 շահառու կա, մոտ 3000-ն արդեն ստացել են, նրանց 90%-ը դիմել են բանկերին, բայց գործարք անել չի հաջողվել․ «Ընդամենը 1-2 շահառու է կարողացել գործարք կատարել։ Մեկը՝ նորապսակների ծրագրով է, հավելյալ գումար են վերցրել՝ հիփոթեքային վարկ, որպեսզի կարողանան տուն առնեն։ Երկրորդն էլ է հավելյալ վարկ վերցրել։ Մնացածը չի կարողանում։ Բանկը կանխավճար է ուզում, դա մոտ 500 հազար դրամ է։ Եթե կանխավճար չունի, ապա սերտիֆիկատի գումարից են հանում։ Բայց մարդիկ հազիվ տուն են գտնում, դրան զուգահեռ՝ կանխավճարից գումար է հանվում»։

Մովսեսյանն ասաց, որ կառավարությունը պետք է լուծում գտնի, որպեսզի քաշաթաղցիների համար բանկային համակարգում այդ գործարքները դյուրացվեն, խնդիրները վերացվեն։ Նա ասաց, որ սերտիֆիկատի գումարները 8-ից 14 միլիոն դրամ են, այս գումարով նորմալ բնակարան չեն կարողանում գտնել, սահմանամերձ համայնքներում տուն ձեռք բերելիս գումարը 14 միլիոն է, սակայն բանկը սահմանամերձ բնակավայրում այդքան չի գնահատում տունը։

«Մարդիկ մտնում են բանկ, այնտեղ կանխավճար են պահանջում, ռիսկեր են գնահատում, հետո ինչ-որ վճարումներ ուզում, վարկային մաքուր պատմություն պահանջում։ Վերջում մարդիկ հիասթափված դուրս են գալիս։ Այս ամենը խանգարում է, որ մարդիկ կարողանան օգտվել սերտիֆիկատից, իսկ դրա ժամկետը մեկ տարի է։ Երեք ամիսն արդեն անցել է։ Սրան էլ գումարած, որ բարձր գնաճ է, բնակարանների գներն էլ օր օրի բարձրանում են»,-ասաց Կարինե Մովսեսյանը։

Ցույցի մասնակիցներն ասում են, որ լավ կլիներ կառավարությունը տուն կառուցեր ու տրամադրեր իրենց․ «Եթե անգամ 10 միլիոնանոց տուն ենք գտնում, գնում ենք բանկ, բանկը 6 միլիոն է գնահատում, բա մենք մնացած գումարը ո՞նց տանք։ Կամ էլ թող կառավարությունն էդ գումարը անմիջապես բնակարան վաճառողին տա, մենք էլ բանկային քաշքշուկների մեջ չընկնենք: Սերտիֆիկատը տանում ենք բանկ, ասում են՝ էս սեւ թուղթը խի ես բերել»։

Քաշաթաղցիները սրտնեղած պատմում են, որ իրենց ամբողջ ունեցվածքը՝ կահույք, տեխնիկա, հագուստ, ամեն ինչ թողել են Քաշաթաղում․ «Խաբելով մեզ դուրս են հանել, դարձել ենք թափառական»։

Նրանք ասում են, որ վարձով բնակարաններից էլ իրենց հանում են, ուր են գնալու, ի՞նչ են անելու՝ չգիտեն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930