Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւան Քոչարյանի 10 միլիոն դոլարի պարտավորությունները «ջրվել են», բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ոստիկանություն դիմելուց հետո. Ամրամ Մակինյան

Նոյեմբեր 24,2022 16:47

«Մինչեւ այդ առանց մրցույթի էր եղել, առաջին անգամն էր, որ մրցույթ էր անցկացվում՝ տվյալ մատակարարման շրջանակներում»,- այսօր դատարանում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի գործով առանցքային վկա Սեւան Քոչարյանը՝ նկատի ունենալով, որ գյուղատնտեսության ոլորտում վառելիքի մատակարարման մրցույթն էր առաջին անգամ անցկացվում: Մինչ այդ ոլորտում մատակարարումներն իրականացրել է գործով մեղադրյալ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը:

Դատարանն այսօր հարցաքննում է Սեւան Քոչարյանին: Սեւան Քոչարյանը վերջին մի քանի նիստին չէր ներկայանում։

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հետաքրքրվեց՝ մրցույթի ժամանակահատվածում՝ 2012-ի վերջին, 2013-ի սկզբին որքա՞ն գումարի պարտք է ունեցել Սեւան Քոչարյանի ընկերությունը: Վկան հայտարարեց, որ ոչ մի գումարի պարտք էլ չի ունեցել, բիզնեսով է զբաղվել՝ եղել են հաջողություններ եւ անհաջողություններ, հետո խնդիրներ է ունեցել, բայց դրանք միլիոնավոր դոլարների պարտավորություններ չեն եւ պաշտպանի ունեցած տեղեկությունն այդքան էլ ճիշտ չի: Նա հայտարարեց, որ այն ընկերությունը, որը վեց տարի ՊՆ-ին դիզվառելիք է մատակարարել՝ սնանկ է ճանաչվել ու դա հետեւանքն է: Պատճառների մասին, վկան ասաց, կխոսի միայն տվյալ վարույթի շրջանակներում՝ այժմ չի ցանկանում պատասխանել հարցին: Խոսքը «Սոկոլ Օյլ» ընկերության մասին է:

Ամրամ Մակինյանը շարունակեց՝ մրցույթին մասնակցելու անհրաժեշտությունն արդյոք առաջացել էր այդ միլիոնավոր դոլարների պարտքերո՞վ: «Ես բացատրեցի միլիոնավոր դոլարների պահը: Հետո, մրցույթին ես իմ նախաձեռնությամբ չեմ մասնակցել: Ինձ զանգել՝ առաջարկել են մասնակցել մրցույթին»,- պատասխանեց վկան:

Ամրամ Մակինյանը հրապարակեց դատարանի որոշում այն մասին, որ «Սոկոլ Օյլ» ընկերությունը դեռ 2011 թվականին խախտել է ՊՆ-ին դիզվառելիքի մատակարարման ժամկետները, որից հետո դատական ակտով ընկերությունից՝ հօգուտ պետության, գանձվել է 28 միլիոն դրամ գումար եւ հետաքրքրվեց՝ այդ գումարը վճարվե՞լ է եւ արդյոք իր հիմնավորումները, թե ինքը եւ «մեծ խաղացող» է դաշտում, այս դրվագով հիմնավորվո՞ւմ են: Դատախազն առարկեց՝ ասելով, որ հարցն առնչություն չունի տվյալ վարույթի հետ: Ամրամ Մակինյանը հակադարձեց՝ ունի, քանի որ անձի եւ նրա հնարավորությունների մասին պատկերացումները նրա նախկին գործունեությամբ են նաեւ պայմանավորված: Տվյալ պարագայում, Սեւան Քոչարյանի նախկին գործունեությունը շատ ուղիղ կապ ունի, թե պետությունն այս պարագայում ի՞նչ վերաբերմունք պետք է դրսեւորեր Սեւան Քոչարյանի նկատմամբ:

Ավելի ուշ վկան ասաց, որ ՊՆ-ի նկատմամբ բոլոր պարտավորություններն իր ղեկավարած ընկերությունը կատարել է:

Պաշտպանը նաեւ հետաքրքրվեց՝ այլ ի՞նչ ընկերություններ է հիմնել վկան, ո՞ր ընկերություններում է տնօրենի պաշտոններ զբաղեցրել: Վկան ասաց, որ հարցը այս վարույթի հետ կապ չունի եւ ինքը չի պատրաստվում պատասխանել այդ հարցերին: Վկան վրդովվեց՝ ասելով՝ թե հաջողությունները, թե անհաջողությունները մարդու համար են եւ խնդիրները նաեւ աշխատանքի արդյունքում պետք է շտկվեն ու պնդեց, որ իր գործունեության շուրջ ստեղծված իրավիճակը հետեւանք է ու եթե որեւէ մեկը ցանկանում է իմանալ պատճառները, թող խորանա դրանց շուրջ: Հետո ասաց, որ հիմնական գործունեությունն ինքը ծավալել է «Սոկոլ Օյլ» ընկերությամբ, որը եղել է 100 հարկատուների ցանկում: Ամրամ Մակինյանը ցանկանում էր հերքել վկայի հայտարարությունը, ինչին դատախազն առարկեց՝ կրկին պնդելով, որ տվյալ վարույթի հետ չի առնչվում: Ապա հարցի ձեւակերպմամբ, պաշտպանը նկատեց, որ «Սոկոլ Օյլ» ընկերությունը միայն 2006 թվականին է հիշատակվել ՊԵԿ-ում, այն էլ 885-րդ տեղում:

Իր առարկությունները ներկայացրեց նաեւ Սեւան Քոչարյանի պաշտպանը՝ նկատելով, որ իր վստահորդի նախկին պարտավորությունները չեն առնչվում վիճարկվող հարցի հետ:

«Այն, որ «Սոկոլ Օյլ» ընկերությունը այդ վիճակում է հայտնվել, 2003-2008 թվականներին ընկերությունը Իրանից բերված ապրանքը ՊՆ-ին տվել է՝ մինուս 200 դոլարով՝ տարին 10 հազար դոլարով ու տնտեսում է ապահովել ՊՆ-ի համար՝ տարին 2 միլիոն դոլար»,- հայտարարեց վկան՝ պնդելով, որ իր ընկերության սնանկացումը եղել է արհեստական, իր կամքից անկախ. «45 մեքենա, 2015 թվականին կանգնել է Մեղրիում՝ 45 օր շարունակ, հետո 45-րդ օրը մեծահոգաբար, թույլատրվել է, որ մտնեն ներս: Բնական չի՞, որ այդ կորուստներից պետք է առաջանային խնդիրներ, բայց ոչ միլիոնավոր դոլարների, ոնց որ դուք եք ուռճացնում»:

Ամրամ Մակինյանը հարցրեց՝ կապ տեսնո՞ւմ է վկան այն իրողությունների հետ, որ երբ դիզվառելիքի մատակարարման գործով ինքը դիմում է ոստիկանություն, շատ արագ ավարտվում են իր նախկին «Սոկոլ Օյլ» եւ «Սովրանի» ընկերությունների սնանկության գործով դատավարությունները, ընկերությունները շատ արագ սնանկ են ճանաչվում եւ իր՝ «միլիոնավոր դոլարների պարտքերը ջրվում են»: Դատարանը հարցը հանեց՝ ասելով, որ դրա փաստական հիմքերը դատարանին հայտնի չեն: Ամրամ Մակինյանը մանրամասնեց, որ խոսքը տասը միլիոն դոլարի մասին է եւ համապատասխան փաստաթղթերը փոխանցեց դատարանին՝ գործին կցելու համար:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․-հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930