«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ 5 տարի առաջ այս օրն է ՀՀ-ն ստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը ու նոր իշխանությունները չեն կարողացել այս տարիների ընթացքում որեւէ քայլ առաջ անել:
Անդրադառնալով ՀԱՊԿ նիստում Փաշինյանի գործողություններին՝ փաստաթղթերը չստորագրելուն՝ Մամիջանյանն ասաց. «Հարաբերությունները դաշնակից պետությունների հետ ամենօրյա աշխատանք են: Եթե ամռանը մեր ստրատեգիական դաշնակցից ստանում ենք պաշտոնական բողոքի նոտա, եթե փաստացի ՀԱՊԿ անդամ երկրներից մի քանիսը Փաշինյանի հետ խոսում են այնպես, ինչպես ես ինձ թույլ չէի տա խոսել քիչ թե շատ արժանապատվություն ունեցող որեւէ մարդու հետ, եթե իրենք այս մակարդակի են հասցրել այդ ամենը, ի՞նչ ակնկալիքներ կար երեկվա ՀԱՊԿ-ի գագաթնաժողովից»:
Նա հիշեցրեց, որ 2016-ի հոկտեմբերին ՀԱՊԿ-ում ՀՀ-ն նորից նախագահող երկիր էր ու նորից ՀՀ-ում տեղի էր ունենում գագաթաժողով ու նորից պատերազմական գործողություններից ամիսներ անց էր, բայց տարբերություն կար՝ հայկական կողմը հաղթող էր ու իշխանությունները հայրենասեր մարդիկ էին: Դրա համար ընդունվեց փաստաթուղթ: Այդ ժամանակ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներից առնվազն Բելառուսի, ՌԴ-ի նախագահները նույն անձինք էին: Այդ փաստաթղթում հստակ նշվում էր ազգերի ինքնորոշման իրավունքը, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը. «Խնդրում եմ հանրությունը թող հետեւություններ անի՝ խնդիրը միջազգային կառույցի մե՞ջ է, թե՞ այդ կառույցում Հայաստանը ներկայացնող այսպես կոչված պաշտոնյաների մեջ է»:
Հարցին՝ ի՞նչ պետք է աներ պատերազմից հետո ՀՀ իշխանությունը, որ չի արել՝ Մամիջանյանն ասաց, որ գուցե չարժեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին կալանավորել, մանավանդ, որ իր ուղարկած մարդն էր, գուցե պետք չէ՞ր 2021-ի նոյեմբերին ԱԺ դահլիճից sms-ով ուղարկված տեքստերով փորձել սեւացնել ՀԱՊԿ-ին:
Կարդացեք նաև
Ճշտեցինք՝ այսինքն, ՀՀ իշխանություննե՞րն են մեղավոր, որ սեւացրել են ՀԱՊԿ-ին ու դրա համար այս արդյունքն ենք ստանում, թե՞ ի սկզբանե ՀԱՊԿ-ը մեռելածին կառույց է եղել՝ Մամիջանյանը պատասխանեց. «Ես չեմ կարող համարձակվել ՀՀ անվտանգության կարեւորագույն բաղադրիչներից մեկը անվանել այդ բնորոշմամբ: Դա նույն տրամաբանությունն է, երբ ընկերոջդ մասին հրապարակային ամեն ինչ ասես, իսկ հետո զարմանաս, որ ընկերդ քեզ չի օգնում այն ծավալով, որով պիտի օգներ»:
Aravot.am-ի դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերությունները ընկերների հարաբերություններ չեն, կան փոխադարձ պարտավորություններ՝ փաստաթղթերով ամրագրված, հետեւաբար ՀԱՊԿ-ը պետք է առաջնորդվեր իր ստանձնած պարտավորություններով, ոչ թե նրանով, թե մենք ինչ թթու խոսք ենք ասել իրենց հասցեին՝ Մամիջանյանը պատասխանեց. «Ցավոք, ՀՀ-ն աշխարհի այն երկրներից է, որը սեփական դառը փորձի վրա համոզվել է՝ ցանկացած միջազգային փաստաթուղթ, միջազգային իրավունքի ցանկացած նորմի իրականացման համար պետք է ունենաս կշիռ տարածաշրջանում, կամ գոնե լինես միջազգային իրավունքի սուբյեկտ, այլ ոչ թե օբյեկտ: ՀՀ-ն այս խմբակի իշխանության օրոք միջազգային հարաբերություններում դարձավ օբյեկտ: ՀՀ-ն ու Արցախը կիսում են այնպես, ինչպես կուզենան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ