Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱԳՆ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն այս օրերին գտնվում է Բաքվում, իսկ մինչ այդ՝ նոյեմբերի 14-ին նա Երևանում էր:
«Այժմ նա Բաքվում է՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպելու համար: Այդ շփումների արդյունքում կքննարկվի նաև խաղաղության պայմանագրի խնդիրը»,- ասել է Զախարովան:
Ինչ վերաբերում է Երևանից և Բաքվից խաղաղության պայմանագրի շուրջ հնչող հայտարարություններին, նա նշել է, որ խաղաղության պայմանագրի թեման, այդ թվում՝ հայ-ադրբեջանական օրակարգի այլ հարցեր, միանգամայն բարդ, զգայուն բնույթ ունեն:
«Մենք նպատակահարմար չենք գտնում մեկնաբանել կողմերի դիրքորոշումները նախքան հստակ պայմանավորվածություններին հասնելը»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանը կշարունակի աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ ի շահ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, և կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից:
«Ռուսաստանը մշտական կապ է պահպանում երկու կողմերի հետ, ինչպես քաղաքական, այդ թվում՝ պետությունների, ԱԳՆ ղեկավարների մակարդակով, այնպես էլ «գետնի վրա»՝ ռուս խաղաղապահ զորամիավորման, ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության մակարդակով՝ զինված միջադեպերը կանխելու նպատակով»,- ասել է Զախարովան:
Նա նշել է, որ Մոսկվան ելնում է նրանից, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության, այդ թվում 2022թ. հոկտեմբերի 31-ի Սոչիի գագաթնաժողովի պայմանավորվածությունների բոլոր դրույթներն անխախտելի են:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ