Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ փոխտնօրենը խեղաթյուրել է․ ԱԱԾ փաստաթղթերը կարող են ոչնչացվել՝ առանց գաղտնազերծման»․ Արծվիկ Մինասյան

Նոյեմբեր 24,2022 16:23

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում այսօր «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» եւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի քննարկման ժամանակ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը ընդդիմադիր պատգամավորների գնահատականների վերաբերյալ ասել էր՝ հույս ունի, որ նման մտահոգություններ հայտնող որեւէ ընդդիմադիր պատգամավոր իրավաբանի կրթություն չունի։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մինչեւ օրինագծերի քվեարկությունն արձագանքեց նրան․ «Մեր խմբակցությունում շատ են իրավաբանական կրթություն ստացած անձինք, այդ թվում՝ ես։ Ի տարբերություն պարոն Սիմոնյանի, մենք այդ կրթությունը ստացել ենք ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բարձրակարգ դասախոսների կողմից եւ այդ ուժով ենք հարցադրումներ հնչեցնում։ Սահմանադրությունը սահմանում է, որ լիազորող նորմերը պետք է լինեն բավականաչափ հստակ, եւ մեր բարձրաձայնածը դրա մասին էր»։

Հիշեցնենք, որ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխությունների նախագծում ավելացված փոփոխության համաձայն՝ ԱԱԾ արխիվները գաղտնազերծվում կամ ոչնչացվում են (ավելացվել է-հեղինակ) օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով։ Այս նախագծի առնչությամբ ընդդիմությունից մտահոգություններ են հնչում, որ իշխանությունն այսպես կկարողանա ԱԱԾ արխիվային նյութերը, որոնք վերաբերում են այդ թվում` գործակալներին, ոչնչացնել իրավական ակտերով։

Օրինագծի վերաբերյալ այսօր ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հարցադրում էր արել Անդրանիկ Սիմոնյանին․ «Այսինքն, նոր կարգավորմամբ չի լինելու փաստաթուղթ, որը նախկինում հնարավոր չէր առանց գաղտնազերծելու ոչնչացնել, իսկ հիմա հնարավոր է»։ Եվ Սիմոնյանը պատասխանել էր՝ «Այո, որեւէ նոր բան չկա»։

Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ այստեղ խեղաթյուրում կա․ «Սիմոնյանի վկայակոչած իրավական ակտերում խոսվում է ոչնչացման մասին՝ միայն դրանց գաղտնազերծումից հետո։ Իսկ այս ձեւակերպմամբ՝ «գաղտնազերծում կամ ոչնչացում», ստացվում է, որ նյութը կարող է ոչնչացվել՝ առանց գաղտնազերծման։ Հետեւաբար, մենք դեմ ենք քվեարկելու»։

Նախագծին առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց 60, դեմ՝ 29 պատգամավոր։

Քվեարկությունից հետո ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն Արծվիկ Մինասյանին առաջարկեց․ «Գուցե դուք ճիշտ եք ձեր հիմնավորումներում։ Եվս մեկ անգամ հորդորում ենք գալ հանձնաժողովի նիստին ու առաջարկ ներկայացնել։ Եթե ճիշտ եք, խնդիրը կշտկենք։ Հասկանալի չի, երբ քվեարկությունից վայրկյաններ առաջ գալիս ու քննարկման մեջ եք մտնում»։ Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ առաջարկ կանեն։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930