«Թուֆենկյան թրանս կավկազուս» ընկերությունը քաղաքացիական եւ վարչական հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ կառավարության՝ պահանջելով Բուզանդի փողոցի թիվ 32 հասցեի անշարժ գույքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու փաստը չեղարկել եւ ազատել գույքի օգտագործման սահմանափակումներից: Իսկ հանրային գերակա շահ է ճանաչվել քսան տարի առաջ՝ 2002-ին: Ընկերության ներկայացրած հայցերը դատարանը դեռ վարույթ չի ընդունել:
«Քաղաքացիական հայցով դատարանին խնդրել ենք հաստատել, որ այս 20 տարիների ընթացքում ընկերության սեփականության իրավունքը միշտ սահմանափակված է եղել, բայց փոխհատուցում չի ստացել, խնդրել ենք նաեւ ճանաչել ընկերության սեփականության իրավունքի խախտման փաստը եւ որպես բարոյական վնասի փոխհատուցում՝ պահանջել 2 մլն դրամ։ Վարչական հայցով խնդրել ենք մեր գույքի նկատմամբ հանրության գերակա շահի առկայությունը հերքող դատական ակտ կայացնել»,- Aravot.am-ին ասաց ընկերության ներկայացուցիչ Միքայել Դանիելյանը:
Անդրադառնալով 20 տարվա ընթացքում փոխհատուցում չտրամադրելուն՝ փաստաբանը նկատեց. «Սա միակ դեպքը չէ, բազմաթիվ այդպիսի որոշումներ կան, որ տարիներ առաջ գերակա շահ է ճանաչվել, բայց մինչեւ օրս տարբեր պատճառներով փոխհատուցման գործընթացները չեն սկսել: Թե ինչու մերը չի սկսել, այս պահին որեւէ մանրամասն չեմ կարող հայտնել, երեւի գործի քննության ընթացքում պարզ կդառնա»:
Ըստ նրա՝ այդ քսան տարիների ընթացքում դեռեւս գնահատված չէ նաեւ փոխհատուցման չափը. «Չեմ կարող ասել, որովհետեւ այդ գործընթացին չենք հասել: Այսինքն՝ իրացման գործընթացում է դա ի հայտ գալիս, կառավարության որոշում կա, որով սահմանված է, թե կոնկրետ փոխհատուցման չափը հաշվարկելիս ինչ հանգամանքներ պետք է հաշվի առնվեն: Հիմա քանի որ այդ փուլին չենք հասել, չեմ կարող ասել փոխհատուցման չափը»:
Կարդացեք նաև
Փաստաբանն ասաց՝ ինչքանով տեղյակ է, վիճարկվող հասցեում գտնվող շինությունը, որը գերակա շահ է ճանաչվել, պիտանի վիճակում չէ, բայց այն պատմամշակութային շենք է ու հնարավոր է վերակառուցել՝ դիմագիծը պահպանելով:
«Մեր պահանջը հիմնավորում ենք նրանով, որ դատական պրակտիկա կա թե՛ տեղական, թե՛ մարդու իրավունքների եվրոպական դատարանի, որտեղ սահմանված է, որ հանրային գերակա շահին բնորոշ հատկանիշներից մեկը հրատապությունն է : Այսինքն, եթե կա հանրային գերակա շահ, որը պահանջում է ինչ-որ մեկից գույք վերցնել, այդ գերակա շահը պետք է կրի հրատապ բնույթ: Բայց քանի որ այդ գերակա շահն արդեն քսան տարի է՝ չի սպասարկվել, դա վկայում է այն մասին, որ այդտեղ հանրային գերակա շահ չկա, իսկ եթե չկա, ակնկալում ենք, որ մեր գույքը ազատվի սահմանափակումներից»,- հավելեց փաստաբանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Գլխավոր լուսանկարում՝ ամերիկահայ գործարար, բարերար և ճանաչված դիզայներ Ջեյմս Թուֆենկյանը։