Լրահոս
Օրվա լրահոսը

«Չարենցը նորարար է թե՛ բովանդակային, թե՛ ոճական և թե՛ բառերի ընտրության առումով»

Նոյեմբեր 24,2022 15:46

Սույն թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված «Չարենցը և իր ժամանակաշրջանը» հանրապետական գիտաժողովը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը: «Հայ բանաստեղծական աշխարհը ստեղծել է տաղանդներ, բայց նրանց միշտ առաջնորդել են հանճարները: Այդ հանճարներից է Եղիշե Չարենցը: Մենք այսօր Չարենցի բանաստեղծական աշխարհում ենք և զգում ենք, թե որքան խորն է նրա մտածելակերպը, որքան ազդեցիկ և հիմնավոր են այն գաղափարները, որ նա արտահայտել է իր երկերում: Չարենցը նորարար է թե՛ բովանդակային առումով բանաստեղծության մեջ, թե՛ ոճական և թե՛ բառերի ընտրության նպատակասլացության առումով»,- իր ելույթում ասաց Յուրի Սուվարյանը: Նա նշեց, որ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նախաձեռնությամբ ակադեմիական հրատարակության են պատրաստվում Չարենցի գործերը: Շուտով լույս կընծայվի առաջին հատորը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի անունից գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը: Իր ելույթում նա, մասնավորապես, ասաց. «Չարենցը մեզ համար գոյաբանական կողմնորոշիչ է, գոյաբանական հայեցակարգ է և այդ իմաստով ամենաակտուալ դեմքերից մեկն առհասարակ: Ես դժվար եմ պատկերացնում ավելի պատշաճ և ավելի համապատասխան ժամանակներ Չարենցին ընթերցելու և վերընթերցելու, քան մեր ժամանակներն են, որովհետև Չարենցի ժառանգության մեջ խտացված են մեր հավերժական մտորումները, ազգային մտահոգությունները, պատմական մարտահրավերները, բարոյահոգեբանական փակուղիները և հայրենասիրական վերելքներն ու խտացումները: Մեծ հույս ունեմ, որ գիտաժողովն առիթ կդառնա նոր խոսք ասելու այն անսպառ մեծության մասին, որի անունն է Եղիշե Չարենց»:

«Եղիշե Չարենցը ստեղծագործեց պատմական մի քանի ենթաշրջանների բաժանվող դժվարին ժամանակներում և իրար հաջորդող գրական ուղղությունների և աշխարհայացքային հեղաբեկումների շրջանում: Չարենցի ստեղծագործությունը դարձավ ժամանակաշրջանի բանաստեղծական խտացված արտահայտությունը: Նա վստահաբար խորհրդանիշն է ավանդույթի և նորարարության, ներդաշնակ զարգացման»,- իր ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը նշեց, որ Եղիշե Չարենցին նվիրված հոբելյանական տարվա շրջանակներում իրականացվել և դեռ շարունակվում են իրականացվել տարբեր ծրագրեր, միջոցառումներ թիրախային տարբեր լսարանների համար: ««Չարենցը և իր ժամանակաշրջանը» հանրապետական գիտաժողովը տարվա առանցքային նշանակություն ունեցող նախաձեռնություններից է, որին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերից 40 մասնագետներ: Մասնակիցների թիվը կարծես խորհրդանշական է կյանքի ընդամենը 40 տարիներ ապրած հանճարի հարուստ գրական ժառանգության վերաարժևորման, բացահայտման, հանրայնացման այս կարևոր միջոցառման համատեքստում: Ծննդյան 125-ամյա հոբելյանին զուգընթաց այս տարի՝ նոյեմբերի 27-ին, լրանում է նաև բանաստեղծի մահվան 85-րդ տարելիցը: Այս կապակցությամբ տուն-թանգարանը նոյեմբերը հայտարարել է հիշատակի ամիս: Ամիսը կամփոփվի բանաստեղծի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացմամբ, որը նախատեսվում է Երևան քաղաքի Մաշտոցի 17 հասցեում գտնվող շենքի՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի առաջնապատին, որտեղ ապրել է բանաստեղծն իր կյանքի վերջին երկու տարիներին՝ 1935-1937թթ.»,- ասաց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրենը: Նա նշեց, որ նախատեսվում է նաև թանգարան-հրատարակչություն-ինստիտուտ փոխգործակցության հուշագրի կնքում, որի նպատակն է հաջորդ տարվանից գիտական համայնքի սեղանին տարեցտարի ունենալ Եղիշե Չարենցի ստեղծագործությունների ամբողջական հրատարակությունը՝ 13 հատորով երկերի ժողովածու:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ Հայաստանի գրողների միությունը մարտ ամսից սկսել է Չարենցյան տարվան նվիրված միջոցառումները: «Չարենցի կիսանդրու մոտ հրավիրեցինք Հայաստանում գործող դեսպանությունների աշխատակիցների, դեսպանների, մշակույթի գործիչների, և նրանք իրենց երկրների լեզուներով արտասանեցին Չարենցի թարգմանությունները՝ հատկապես «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Իրենք նաև ներկայացրին ծրագրեր հետագայում մեր գրողների հետ աշխատելու, իրենց երկրներում տարբեր թարգմանություններ ներկայացնելու համար: Ծաղկաձորի գրողների տանը ևս կազմակերպվել է հանդիպում, և գրողները, գրականագետները ներկայացրել են իրենց պատկերացումները, նյութերը Չարենցի մասին»,- ասաց Էդվարդ Միլիտոնյանը: Նա նշեց, որ Հայաստանի գրողների միությունը լույս է ընծայել «Ես եմ հիմա» խորագրով գիրքը, որը ներկայացնում է գրողների՝ Չարենցին նվիրված ստեղծագործությունները, գրականագետների գործերը, էսսեներ:

Միջոցառումը նշանավորվեց ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանի կողմից՝ իր ընտանեկան արխիվում պահվող Չարենցի ձեռագրային ինքնագրի և այլ վավերագրական նյութերի Եղիշե Չարենցի տուն-թանգարանին նվիրմամբ: «Չարենցը բոլորիս համար սրբություն է, մեր ընտանիքի համար՝ հատկապես, որովհետև տարիների ընթացքում մեր ընտանիքը շատ մոտ էր Չարենցին: Նրա անտիպ երկերում կա իմ տատիկի՝ պրոֆեսոր Աշխեն Հարությունյանի հիշողությունները և երկու բանաստեղծություն, որոնք Չարենցը նվիրել է իմ մայրիկին՝ Մարգարիտ Հարությունյանին: 50-ականներին իր ժողովածուների լուսանկարները մեր տնից էին: Մեծ փաթեթ մենք ժամանակին նվիրել ենք թանգարանին: Այսօր Չարենցի ձեռագրային ինքնագիրը և երեք լուսանկար եմ ուզում նվիրել թանգարանին: Մի լուսանկարում Չարենցն է Սարյանի հետ, մյուսում Չարենցն է իր աղջկա՝ Անահիտի հետ, հաջորդում Արփենիկն է»,- ասաց Ռուբեն Հարությունյանը: Նա ընթերցեց Չարենցի բանաստեղծությունները՝ նվիրված իր մորը՝ Մարգարիտ Հարությունյանին:

Եռօրյա գիտաժողովի ընթացքում կներկայացվեն 44 գիտական զեկուցումներ: Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը:

 ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930