««Հայաստան» դաշինքն առողջ օրգանիզմ է եւ հասկանալի է, որ Ալեն Սիմոնյանի չափանիշներով ենթադրելի է, որ խմբակցությունում պետք է լինեին ուսապարկեր ու ուսապարկային սկզբունքով առաջնորդվեին, բայց ոչ, այդպիսին չէ մեր խմբակցությունը: Ի զարմանս շատերի, այստեղ լինում են քննարկումներ, տարատեսակ կարծիքներ, մարդիկ ազատ են արտահայտել իրենց կարծիքը: Բայց «Հայաստան» խմբակցությունում կայացվում են որոշումներ եւ առաջնորդվում են այդ որոշումներով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ «Հայաստան» դաշինքը կազմալուծվելու է, պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Նա վստահեցրեց, որ իրենց խմբակցությունը մանդատները վայր դնելու որոշում չի կայացրել. «Բռնապետական համակարգ չի «Հայաստան» խմբակցությունում, ունի որոշում ԱԺ աշխատանքները ընդլայնելու մասով: Այո, կարող են լինել պատգամավորներ, որոնք իրենց անձնական, այլ պատճառներով նման որոշում կայացնեն: Պատգամավորը իր խղճի մտոք է առաջնորդվում: Ուստի չեմ բացառում, որ կարող են լինել պատգամավորներ, որ որոշում կայացնեն մանդատները դնել»:
Նա անուններ չհրապարակեց, թե այս պահին ում մտքին կա պատգամավորական մանդատից հրաժարվել:
Հարցին՝ Վահե Հակոբյանը Ռոբերտ Քոչարյանի հետ խնդիրնե՞ր ուներ, որ Սյունիքի թեւը լքեց կուսակցությունը՝ Խամոյանը պատասխանեց. «Վերածնվող Հայաստանը», որը «Հայաստան» դաշինքի մաս է, թե ինչպիսի ներկուսակցական խմորումներ կան այնտեղ, էթիկապես ճիշտ չեմ համարում մեկնաբանելու եւ գնահատականներ տալու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ