Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեթեւ ծիծաղ է առաջացնում, որովհետեւ «Հայաստան» խմբակցությունը կուռ է, կա». Աննա Գրիգորյանը՝ Ալեն Սիմոնյանին, թե «Հայաստան» դաշինքը կազմալուծվում է

Նոյեմբեր 24,2022 15:10

Սյունիքի մարզը ներկայացնող պատգամավորների ամբողջ թեւը դուրս է եկել «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից: Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ «Հայաստան» դաշինքը փլուզվում է, այն, ըստ իր ունեցած աղբյուրերի, կազմալուծվելու է:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն այս առնչությամբ ասաց. «Նպատակահարմար չեմ գտնում շատ մանրամասնել, ուղղակի արձանագրենք, որ դուրս ենք եկել կուսակցությունից, բայց հանդիսանում ենք խմբակցության անդամ: «Հայաստան» խմբակցությունը կուռ է ու շարունակում է իր գործունեությունը այնպես, ինչպես նախկինում»:

Աննա Գրիգորյանն ասաց, որ ինքն ու Արթուր Սարգսյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ համագործակցությունը որոշ ժամանակ առաջ են դադարեցրել, պարզապես դրա մասին պաշտոնապես նոր են ասում. «Բայց դա որեւէ կապ չունի քրեական հետապնդումների հետ: Այս իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում ապօրինի քրեական հետապնդումներ իրականացնելու քաղաքական գործիչների նկատմամբ: Ես Վահե Հակոբյանի քրգործը առանձին չեմ ուզում դիտարկել: Դրանք բազմաթիվ են: Քրեական հետապնդումների հետ ուղիղ կապ խնդրում եմ չտեսնել»:

Հարցին՝ կա՞ն պատգամավորներ, որ մանդատները պատրաստվում են վայր դնել՝ Աննա Գրիգորյանը պատասխանեց, որ տեսականորեն չի բացառվում, բայց մինչ այս պահը խմբակցության ներսում այդ հարցը չի քննարկվել:

Ինչ վերաբերովում է «Վերածնվող Հայաստան» կուսակցության փլուզմանը՝ Աննա Գրիգորյանը պատասխանեց, որ ինքը, Արթուր Սարգսյանը, Առուշ Առուշանյանը, դրանից առաջ Մանվել Փարամազյանը լքել են կուսակցությունը, բայց կուսակցությունը շարունակում է գոյություն ունենալ: Գրիգորյանը վստահեցրեց, որ խնդիրը ներթիմային է, գաղափարական տարաձայնություններ չունեն ու կարծում են, որ այս իշխանությունների հեռացումով երկրին հնարավոր կլինի կայունություն բերել:

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ Աննա Գրիգորյանն ասաց. «Թեթեւ ծիծաղ է առաջացնում, որովհետեւ «Հայաստան» խմբակցությունը կուռ է, կա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930