Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱԶԲ առաքելության մշտական տնօրեն Պաոլո Սպանտիգատին և ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը:
Ողջունելով Եվգենի Ժուկովին, նախագահ Խաչատուրյանը նշել է, որ 2005 թվականից, երբ պաշտոնապես մեկնարկեց Ասիական զարգացման բանկի և Հայաստանի Հանրապետության համագործակցությունը, բանկը դարձել է Հայաստանի կարևոր միջազգային գործընկերներից մեկը: Հանրապետության նախագահը շեշտեց, որ առանձնահատուկ կարևորում է ինչպես Հայաստանի կառավարության, այնպես էլ մասնավոր սեկտորի հետ համատեղ Բանկի կողմից իրականացվող ծրագրերը:
Եվգենի Ժուկովը շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար նշել է, որ Հայաստանն Ասիական զարգացման բանկի կարևորագույն գործընկերներից մեկն է և իրենք թե՛ մասնավոր հատվածում, թե՛ Հայաստանի կառավարության հետ, միտված են շարունակել ու առավել ընդլայնել բազմաշերտ փոխգործակցային ծրագրերը, որոնք վերաբերում են տրանսպորտային հաղորդակցության, «կանաչ տնտեսության», կրթության և բազմաթիվ այլ ոլորտների:
Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձավ Հարավային Կովկասի տնտեսական և քաղաքական իրողություններին և տարածաշրջանի տնտեսական զարգացման վրա դրանց ազդեցությանը: Վահագն Խաչատուրյանն ընդգծեց, որ Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի տնտեսության զարգացման որակական փոփոխության առաջնային պայմաններից մեկը խաղաղությունն ու անվտանգային միջավայրն են, և Հայաստանը հաստատակամ է բոլոր հարևանների հետ խաղաղ ու բարիդրացիական հարաբերությունների հաստատման իր դիրքորոշմանը:
Կարդացեք նաև
Հանդիպման մասնակիցները երկուստեք կարևորել են ապագայում էլ Հայաստանի և Ասիական զարգացման բանկի փոխգործակցության շարունակականությունը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ