Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է «դիզվառելիքի գործով» նիստը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։
Դատակոչված վկա Եղիշե Վարդանյանն այսօր դատարան չէր եկել. փաստաբանը տեղեկացրել էր, որ նա վատառողջ է: Դատարանն անցավ Սեւան Քոչարյանի հարցաքննությանը: Այս գործով նա հիմնական վկան է, գործը հիմնված է իր ցուցմունքի վրա: Սեւան Քոչարյանը վերջին մի քանի նիստին չէր ներկայանում։ Այսօրվա նիստում էլ տեխնիկական խնդիր կար, վկայի ձայնը լսելի չէր: Նիստն ընդմիջվեց՝ խնդիրը լուծելու համար:
Նիստի վերսկսումից հետո, պատասխանելով մեղադրողի հարցին՝ վկան ասաց. «Վառելիքի շուկան մի քիչ յուրահատուկ է. ամեն օր եւ գներն են փոխվում՝ մի քանի անգամ: Տվյալ առաջարկության պարագայում, գինը պիտի առաջարկվեր դրամով, եւ դրամի կուրսն է անընդհատ փոխվում եւ աշխարհագրությունը պետք է ճշտվեր՝ որտեղի՞ց պետք է բերվեր այդ ապրանքը: Բերելու տարբեր ուղղություններ կային ու կան: Դա կարող էր բերվել դրսից՝ Վրաստանով՝ ՌԴ-ից, կարող էր լինել նաեւ Իրանից եւ այդ ժամանակ մենք ներկրում էինք նաեւ իրաքյան Քրդստանից: Այդ ամեն ինչը պետք է հաշվարկվեր՝ փոխադրման գները, դրամի կուրսը: Իսկ տեղում պետք է նաեւ ինֆրաստրուկտուրան նայվեր՝ ավտոպարկը, գյուղացիներին հասցնելը: Այդ ամենը պետք է հաշվարկվեր, որ հասկանայինք գինը եւ ներկայացնեինք առաջարկություն»:
Մեղադրող դատախազը պնդեց, որ վկան մանրամասնի, թե ի՞նչ մրցույթի մասին էր խոսքը: Սեւան Քոչարյանն ասաց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ գյուղացիներին սուբսիդիայով դիզվառելիք մատակարարելու. «Մրցույթը ենթադրում էր՝ գարուն-աշուն. ընդհանուր, 27 միլիոն լիտր էր, բայց մենք ֆիքսված էինք գարնան դեմ 17 միլիոն լիտր դիզվառելիք ներկրելուն եւ գյուղացիներին մատակարարելուն, որտեղ 90 դրամը կառավարությունն էր սուբսիդավորում, մնացածը՝ մենք դնում էինք»:
Կարդացեք նաև
Վկան մանրամասնեց, որ ապրանքը դոլարով էին ձեռք բերելու, ուստի տեղափոխման ծախսերը պետք է հաշվարկեին, ինչից հետո միայն մրցույթին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել եւ իրենց առաջարկած գինն այդ ժամանակվա համար նորմալ գին էր:
Նա նաեւ ասաց, որ մրցույթում շահելուց հետո միայն իրենք պետք է դիտարկեին տարբերակները՝ այդ պահի դրությամբ ո՞ր երկրից էր նպատակահարմար ներկրել ապրանքը՝ նկատի ունենալով նաեւ մատակարարման աշխարհագրությունը: Վկան համաձայնեց դատախազի հետ, որ գինը՝ 430 դրամ, հաշվարկվել է իրենց ասած պայմանները հաշվի առնելու արդյունքում, ապա հետագայում շուկայում զարգացումներն այնպես են ընթացել, որ գինը վերանայվել է եւ 425 դրամ է դարձել՝ մեկ լիտրի դիմաց: ՌԴ-ից ներկրելու դեպքում իրենք մեկ լիտրի դիմաց 30-40 դրամ եկամուտ էին ունենալու, իսկ Իրանից եւ իրաքյան Քրդստանից բերելու դեպքում՝ 10-15 դրամ: Այդ գինն առաջարկել են, քանի որ տեղեկություն են ունեցել, որ այլ ընկերություն էլ է պատրաստվում մասնակցել մրցույթին եւ 420 դրամ է առաջարկելու. «Մանուկյան Խաչիկի հետ հանդիպել եմ, ինքն է ասել, որ 420 է պատրաստվում տալ: Մենք ասել ենք՝ այդպիսի գին չենք կարող տալ, բայց չենք ասել, թե ի՞նչ գին ենք տալու, կոմերցիոն գաղտնիք է»:
«2003-2009 թվականներին՝ վեց տարի շարունակ, իմ ընկերությունով շահել եմ մրցույթում եւ մատակարարել եմ ՊՆ-ի դիզվառելիքը: Մենք ունեինք ինֆրաստրուկտուրան՝ բոլոր մարզերում»,- ասաց վկան՝ հավելելով, որ այդ ընթացքում բավական փորձառություն են ունեցել եւ կարողացել են տարբեր ուղղություններից, տարբեր կերպ ներկրել վառելիք եւ ՊՆ-ին բավական արտոնյալ գներով են տվել ու ապրանքը ոչ մի անգամ չի վերադարձվել՝ որակի հետ կապված: Վկան հետագայում մանրամասնեց, որ ՊՆ-ի մրցույթներում ինքը հաղթել է «Ֆլեշ» ընկերությանը:
Նա հայտարարեց, որ մրցույթի օրը, մրցութային ծրարները բացվելուց 15 րոպե առաջ, իրեն է զանգահարել «Ֆլեշ» ընկերության տնօրեն Յաշա Խաչատրյանը եւ կոշտ խոսակցություն են ունեցել: Վերջինս իրեն նախատել է, թե «մեր դաշտ» ես մտնում: Սեւան Քոչարյանն էլ ասաց, որ ինքը նրան «համարժեք» պատասխան է տվել՝ ասելով, որ «դու գիտես, որ ես այդ դաշտում աշխատել եմ, ոչ թե արածել»:
Ըստ վկայի, այդ մրցույթում ամենաթանկ գնային առաջարկը «Ֆլեշ» ընկերությունն է արել՝ 440 դրամ:
Իր նախաքննական ցուցմունքում վկան նշել է, որ տարբեր աղբյուրներից իմացել է, որ «Ֆլեշ» ընկերությունն է հաղթելու: Մեղադրողի հարցին՝ որտեղի՞ց է իմացել, այդպես էլ հստակ պատասխան չտվեց, ասաց, որ գյուղնախարարությունից չի իմացել, տարբեր աղբյուրներից: Ասաց. «Իմանալը բարդ չի, մենք էլ անտարբեր չէինք: Ինձ կոնկրետ էդ բանն ասել են Լենինականից, ով որ բաժանում էր «Ֆլեշի» ապրանքը: Լեռնիկը, ինքն էլ է ողորմածիկ: Մականունը կհիշեմ, Թաթ էին ասում, ձեռքը կտրված էր: Ես Լեռնիկին զանգեցի՝ Լեռնիկից իմացա ոչ թե «Ֆլեշը» շահե՞լ է, թե՞ չէ, այլ ասաց գյուղատնտեսական դիզվառելիքն ենք բաժանում: Ասացի՝ ո՞ւմ ապրանքն է, ասեց՝ «Ֆլեշի»:
Դատախազի հստակեցնող հարցերին ի պատասխան, վկան այդպես էլ հստակ չասաց, թե որտեղի՞ց է տեղեկացել, որ մրցույթում «Ֆլեշ» ընկերությունն է հաղթել: Ասաց՝ ինքն իմացել է, որ իր ընկերությունը չի հաղթել, Խաչիկ Մանուկյանի ընկերությունը չի մատակարարում դիզվառելիք, մնում է երրորդը՝ «Ֆլեշ» ընկերությունը:
Թե ինչպե՞ս է եղել, որ ամենաբարձր գնային առաջարկ ներկայացրած ընկերությունն է հաղթել մրցույթում, վկան ասաց՝ չի կարող հարցին պատասխանել:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ