Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում Մնացական Մարտիրոսյանին ընտրելը խեղաթյուրում է պետության հակակոռուպցիոն քաղաքականությունը». հայտարարություն

Նոյեմբեր 24,2022 14:58

Բարձրագույն դատական խորհրդի կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորի ընտրության վերաբերյալ

Բարձրագույն դատական խորհրդի կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորի ընտրության վերաբերյալ2022 թվականի նոյեմբերի 21-ին Բարձրագույն դատական խորհրդի կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող 2 թեկնածուից դատավոր է ընտրվել է Մնացական Մարտիրոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով:

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, խիստ անընդունելի և դատապարտելի ենք համարում Բարձրագույն դատական խորհրդի կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննության իրականացնող դատավորների կազմում դատավոր Մնացական Մարտիրոսյանի ընտրությունը:

Մնացական Մարտիրոսյանը հայտնի է որպես քաղաքական հնչեղ գործերով ներգրավված դատավոր, ում դատավճիռներով դատապարտվել են քաղաքական բանտարկյալներ, որոնց թվում են՝ 2008թ. մարտի 1-ից հետո «7»-ի գործով դատապարտված Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը և այլ անձինք: 2006թ.-ին Մնացական Մարտիրոսյանի վճռով է ազատազրկման դատապարտվել ընդդիմադիր գործունեություն իրականացնող, այդ ժամանակ «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, 2007թ.-ին Ժիրայր Սեֆիլյանը, 2017թ.-ին Գևորգ Սաֆարյանը և այլ անձինք: Մնացական Մարտիրոսյանը քննել է նաև 2001թ. Պողոս Պողոսյանի սպանության դեպքի վերաբերյալ քրեական գործը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով հաստատվել են հիմնարար իրավունքների խախտումները և քաղաքական հետապնդման փաստը, որոնց արդյունքում նրանցից ոմանք տարիներ անց արդարացվել են Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից:

Այս համատեքստում Մնացական Մարտիրոսյանի՝ բացառապես քաղաքական կլանային շահերին սպասարկող գործունեությունը խաթարել է ոչ միայն արդարադատության ընկալումը ու վնասել Հայաստանի դատական իշխանության հեղինակությունն ու հանրային վստահությունը, այլև նյութական վնաս է պատճառել Հայաստանի Հանրապետությանը: Բարձրագույն դատական խորհրդի անդամների կողմից նման վարկանիշ ունեցող դատավորին հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում ընտրելը խեղաթյուրում է պետության հակակոռուպցիոն քաղաքականությունը և խորացնում է դատական համակարգի նկատմամբ տիրող անվստահությունը։

Նման ընտրությունը ուղղակիորեն հակասում է 2018 թվականի Թավշյա հեղափոխության արժեքներին ու արժեքային ընտրությանը՝ հաշվի առնելով, որ Հայաստանում համաժողովրդական շարժումը արդարադատության արատավոր բարքերի, կոռուպցիայի և հալածանքների դեմ էր։

Նմանատիպ ընտրությունը դեմ է Հայաստանի ժողովրդավարացման օրակարգին և հետեւանք է Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից վեթինգի ու անցումային արդարադատության տապալման, որոնց իրականացման անհրաժեշտությունը բազմիցս բարձրաձայնվել և հիմնավորվել է քաղաքացիական հասարակության և իրավաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից:

Ժողովրդավարության զարգացումը Հայաստանում մեր քաղաքական կապիտալն է, որի շնորհիվ է նաև, որ մի շարք արևմտյան երկրներ և կառույցներ ներգրավվում են Հայաստանի անվտանգության հարցերում: Դրա բացակայության պայմաններում խնդիրներ ենք ստեղծում նաև մեր երկրի անվտանգության շուրջ:

Սույնով նաև ստիպված ենք արձանագրել, որ Բարձրագույն Դատական Խորհուրդը ամբողջությամբ անտեսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ու իր իսկ կողմից որպես ազգային փորձագետ ներգրավված «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցչի` թեկնածուների բարեվարքության եզրակացությունները։ Բարեվարքության բացասական եզրակացություն ստացած թեկնածուի նշանակումը վկայում է ԲԴԽ անդամների մեծամասնության կողմից հակակոռուպցիոն այդ կարևոր գործիքի անտեսման մասին:

Մնացական Մարտիրոսյանի վերջնական նշանակման պարագայում ստիպված կլինենք վերագնահատել բարեվարքության ստուգման գործընթացում քաղաքացիական հասարակության, ի դեմս «Իրազեկ քաղաքացիների միավորման», ներկայացուցչի մասնակցությունը։Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խստորեն դատապարտում ենք Բարձրագույն դատական խորհրդի կողմից Մնացական Մարտիրոսյանի հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում ընտրությունը:

Այդ նպատակով պահանջում ենք Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանից՝ չնշանակել Մնացական Մարտիրոսյանին կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի պաշտոնում և նրա թեկնածությունը առարկություններով վերադարձնել Բարձրագույն դատական խորհրդին:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակ

Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930