Այնպես է ստացվել, որ Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ մնացել է միայն այս տարիքային խմբի Եվրոպայի գործող չեմպիոն, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, որը վաղը եզրափակչում Վրաստանը ներկայացնող Գոչա Գորդուլավայի հետ մենամարտում կփորձի նվաճել նաեւ աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Իսկ երեկ Էրիկը կիսաեզրափակչում հանդիպեց անգլիացի մրցակցի հետ: Սովորաբար, սպորտում ամեն մի փուլից հետո հաղթանակներն ավելի դժվար են տրվում, քանի որ ասպարեզում մնում են ավելի ուժեղները: Սակայն Էրիկի մենամարտերին հետեւելիս տպավորություն է ստեղծվում, որ նրա համար բոլորն էլ հավասար են: Ու կիսաեզրափակիչն էլ բացառություն չկազմեց: Մեր բռնցքամարտիկը բոլոր երեք ռաունդներն էլ անցկացրեց մի շնչով՝ բացահայտ առավելություն ցուցադրելով անգլիացու նկատմամբ: Ավելին, երրորդ ռաունդում Էրիկ Իսրայելյանը երկու անգամ էլ նոկդաունի ենթարկեց մրցակցին, եւ մրցավարներին այլ բան չէր մնում, քան հաղթանակը միաձայն շնորհել հայաստանցուն:
Հետաքրքիր է, որ այս առաջնությունում առաջին անգամ իր սանի տարած հաղթանակին անթաքույց ուրախությամբ արձագանքեց բազմափորձ ու սովորաբար զուսպ, հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ