Այսօր լրագրողների հետ զրույցում հարցին, թե ՀԱՊԿ նիստում ինչու Հայաստանը չստորագրեց փաստաթղթերը, ո՞րն էր խնդիրը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է եւ օգնության ակնկալիքից զերծ կարող են լինել նաեւ քաղաքական սպասումներ ու քաղաքական գնահատականներ»: Նրա դիտարկմամբ՝ ներկայացված տեքստը բավարար չի եղել, դրա համար որոշում է կայացվել չստորագրել:
Նա ասաց, որ առաջին հերթին խոսքը Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ տարածքից դուրս բերելու մասին է. «Այսօր երրորդ երկրի զինված ուժերը գտնվում են ՀԱՊԿ տարածքում եւ ես չգիտեմ՝ ՀԱՊԿ անդամ երկրները դրա հետ ո՞նց են մերվում»:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ ՀԱՊԿ-ը տարածաշրջանը լքում է ու Հայաստանը մտահոգված է. «Եթե լքել է, առնվազն դրա մասին պետք է բարձրաձայնվի»: Նա նշեց, որ միայն ՀԱՊԿ-ի քայլերին չեն սպասում, գործողություններ են իրականացնում՝ մեր սահմանների անվտանգությունն ապահովելու համար. «Զավեշտալի է, մենք ՀԱՊԿ-ին անդամակցել ենք ումի՞ց պաշտպանվելու համար՝ թուրք-ադրբեջանական տանդեմից ու երբ եկել է ժամանակը, որ պետք է գոնե քաղաքական գնահատական տրվի: Իսկ երբ քաղաքական գնահատականը բավարար չի եղել, դրա արձագանքը եղավ այն, որ Հայաստանը հրաժարվեց ուղղակի ստորագրել: Պարտադիր պետք է վերանայվեն փաստաթղթերը: Դա գործելաոճն է, որը դրված է կառույցի հիմքերում»:
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ մենք բավարար աջակցություն չունենք ՀԱՊԿ-ում, եթե ունենայինք, ապա ինչո՞ւ եղավ Սեւ լճի ներխուժումը, Խծաբերդը, ինչո՞ւ գերիները չեն վերադարձվել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ