Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքում չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարեւոր փաստաթղթերի վերաբերյալ»

Նոյեմբեր 24,2022 13:44

«Եթե այն, ինչ մենք երեկ իմացանք եւ պայմանավորվեցինք, եթե այդ ամենը իր տրամաբանությունից չշեղվի, ապա մենք առաջիկայում «հայկական խաչմերուկ» ծրագրի շրջանակներում, մասնավորապես, երկաթուղիների վերականգնման ոլորտում մեծ ներդրումների անհրաժեշտություն կարող ենք ունենալ: Ուրախալի է, որ մենք այդ հնարավորությունն ունենք»,-այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով երեկ Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին:

«Դա մի ծրագիր է, որը, համոզված եմ, բոլոր դեպքերում միջազգային գործընկերները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն: Խոսքը հետեւյալի մասին է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ երեկ ունեցած բանակցությունների ընթացքում, մենք որոշակի ազդակներ, տեղեկություններ ստացանք, որ կարող է լինել էական եւ լուրջ հնարավորություն, որ մենք նորից վերադառնանք ու սկսենք Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքը։ Բայց նախորդ դառը փորձը հաշվի առնելով՝ հիմա ուղղակի ուզում եմ տեղեկատվությունը կիսել, բայց ասել, որ դեռեւս պետք է այս ամեն ինչը վերահաստատվի եւ արձանագրվի, բայց լավն այն է, որ մենք ֆինանսական հնարավորությունների պրոբլեմ չենք ունենա»,-ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքում չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարեւոր փաստաթղթերի վերաբերյալ․ «Իմ կարծիքով՝ տեղի է ունեցել շատ անկեղծ, բաց եւ դրական քննարկում։ Այդ երկու փաստաթղթերն ուղարկվել են լրամշակման, հույս ունեմ, որ մենք կկարողանանք լրամշակել եւ գալ ընդհանուր հայտարարի։ Չնայած այս հանգամանքին, որ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը չընդունվեց, այսինքն, մենք չստորագրեցինք հռչակագիրը եւ սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց էլի մեր չստորագրելու պատճառով։ Բայց դրական եմ համարում քննարկումը եւ դրական են համարում նաեւ ՌԴ-ի հետ երկկողմ ֆորմատով բանակցությունները, եւ հույս ունեմ, որ այն պայմանավորվածությունները, որ արձանագրվեցին, դրանք հնարավորինս արագ կիրականացնենք»։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը դեռ անցյալ տարի կառավարության դեկտեմբերի 16-ի նիստում հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահի հետ մենք վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղու կառուցման մեր որոշումն ու պայմանավորվածությունը։ Իսկ այս տարվա հոկտեմբերի 10-ին կառավարության նիստում Փաշինյանը հայտնել է․ «Հատուկ ընդգծման կարիք ունի այն փաստը, որ Ադրբեջանի նախագահը ինքն է դրժել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի մասին նաև հրապարակային հայտարարություն է եղել: Ըստ այդմ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին սկսել Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման աշխատանքները և հստակ արձանագրել էին, որ երկաթուղին գործելու է երկու երկրների օրենսդրություններին համապատասխան»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930