Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում այսօր հրատապության ռեժիմով քննարկվում են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» եւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը։ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը նշեց, որ առաջարկվում է երկու տարով ավելացնել ծառայության համար պահանջվող տարիքային շեմերը՝ կանխելու համար ԱԱԾ-ից պրոֆեսիոնալ կադրերի արտահոսքը։
«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխությունների նախագծում ավելացված փոփոխության համաձայն՝ ԱԱԾ արխիվները գաղտնազերծվում կամ ոչնչացվում են (ավելացվել է․-հեղինակ) օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով։ Այս նախագծի առնչությամբ մեկնաբանություններ են հնչում, որ իշխանությունն այսպես կկարողանա ԱԱԾ արխիվային նյութերը ոչնչացնել իրավական ակտերով։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատեց, որ վերոնշյալի մասին Անդրանիկ Սիմոնյանը ոչ մի հիշատակում չարեց․ «Օրինակ, ԱԱԾ-ի հետ համագործակցել է «Ալֆա» անունով մեկը։ Հիմա ձեր առաջարկած փոփոխությամբ կարո՞ղ է պատահել, որ ինչ-որ իրավական ակտով մի օր ոչնչացվեն «Ալֆա»-ի համագործակցությունն ԱԱԾ-ի հետ հավաստող փաստաթղթերը»։
Անդրանիկ Սիմոնյանը պարզաբանեց․ «Ոչնչացման համար որեւէ ընթացակարգ գոյություն չի ունեցել, եւ այս փոփոխությունն արվել է այն տրամաբանությամբ, որ ունենանք լիազորող նորմ՝ ոչնչացնելու համար։ Խնդիրն ինչո՞ւմն է, ձեր տագնապը չեմ հասկանում»։
Կարդացեք նաև
Գեղամ Մանուկյանը պատասխանեց․ «Գաղտնի ծառայություններում ինչ-որ պահի կարող են գաղտնազերծել որեւէ անձի գործունեություն։ Այդպես եղավ հայտնի հետախույզներ Վարդանյանների դեպքում։ Բայց այս օրենքով ԱԱԾ-ին իրավունք է տրվում ոչնչացնել փաստաթղթերը»։
Անդրանիկ Սիմոնյանը պնդեց տեսակետը․ «Շատ լավ։ Օրենքով նախատեսվում է ոչնչացման հնարավորություն։ Խնդիրը ո՞րն է։ Ինչ-որ մեկը չի տանելու ինչ-որ թուղթ պատռի ու գցի»։ Գեղամ Մանուկյանը տեղից կրկնեց ասելիքը, ԱԺ նախագահ Հակոբ Արշակյանն էլ հորդորեց բանավեճի չվերածել։
Ապա Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենց պնդումը բավականին հստակ էր․ «Կարո՞ղ է մի օր պարզվել, որ ոչնչացրել են արխիվային այնպիսի նյութեր, որոնք կարող էին բացահայտել գործակալական ցանցեր։ Այդ ո՞ր օրենքն է սահմանում գաղտնի տեղեկությունների ոչնչացման ընթացակարգ»։
Օգտվելով ելույթի իրավունքից՝ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ սրանով ԱԱԾ-ն հնարավորություն կունենա ոչնչացնել այն նյութերն ու փաստաթղթերը, որոնք երբեւէ առնչվել են այն անձանց հետ, որոնք ինչ-որ ժամանակում համագործակցել են ԱԱԾ-ի հետ․ հետեւաբար, այդ նյութերի ոչնչացման պարագայում կբացառվի նման անձանց հանդեպ հնարավոր քրեական հետապնդումը։ Արծվիկ Մինասյանն էլ հավելեց՝ հանրության մոտ հարց է առաջանում՝ ո՞րն է այն լուրջ հիմնավորումը նման փոփոխության, ի՞նչն է պատճառը, որ օրենքով ԱԱԾ տնօրենին իրավունք են վերապահելու նման փաստաթղթերը ոչնչացնել։
«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն էլ հարցադրում արեց՝ այդ ի՞նչ տեղի ունեցավ, որ որոշեցին հրատապության ռեժիմով այս նախագիծը բերել, զեկուցել մի քանի րոպե․ «Թող զեկուցողները տան այս «ինչու»-ների պատասխանները եւ փարատեն մեր կասկածները»։ Ապա Խաչատրյանը հիշեցրեց՝ 1993թ․-ին սպանվեց Հայաստանի պետական անվտանգության ղեկավար Մարիուս Յուզբաշյանը, եւ սպանությունն այդպես էլ չբացահայտվեց։
ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կարեւոր որակեց հարցադրումը, թե ով սպանեց Յուզբաշյանին․ «Կասկածներ կան, որ գործակալները։ Ովքե՞ր էին գործակալները այդ ժամանակներում։ Կարելի է ենթադրություն անել, բայց չխորանանք։ Չեմ հասկանում, թե հիմա ինչու եք դնում գործակալների բացահայտման խնդիրը, որովհետեւ եթե չլինեն գործակալներ, հատուկ ծառայությունները ոչինչ չեն կարող անել։ Ինչ վերաբերում է փաստաթղթերի ոչնչացմանը։ Նախկինում փաստաթղթերի հետ կապված օրենք չկար, իսկ հիմա օրենքով են կարգավորում։ ՊՆ-ն էլ ունի նման օրինագիծ։ Դուք մտահոգվում եք, որ գործակալական գործերը կոչնչանա՞ն։ Չեն կարող։ Անգամ սովետական տարիներից հետո ոչնչացված գործերի մեծ մասը վերականգնվեց, որովհետեւ մեխանիզմներ կան։ Իսկ արխիվային գործերը որքան էլ ոչնչացնես, դրանք վերաբերում են փաստերի, որոնք արձանագրված են։ Երեւույթը չես կարող ոչնչացնել, որովհետեւ այն արձանագրված է»։
ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը եզրափակիչ ելույթում նախ նշեց, որ հարգանքով է վերաբերվում ընդդիմադիր պատգամավորներին, բայց եւ հույս ունի, որ նրանցից որեւէ մեկն իրավաբանի կրթություն չունի։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ցանկացավ հստակություն մտցնել․ «Այսինքն, նոր կարգավորմամբ չի լինելու փաստաթուղթ, որը նախկինում հնարավոր չէր առանց գաղտնազերծելու ոչնչացնել, իսկ հիմա հնարավոր է»։ Անդրանիկ Սիմոնյանը դրական պատասխան տվեց․ «Այո, որեւէ նոր բան չկա»։
Ռուբինյանը հավելեց․ «Կարծում եմ՝ կարեւոր հարցի պատասխանը ստացանք։ Չեմ հասկանում, թե էությունը թողած՝ ինչու էիք կես ժամ խոսում գործակալների մասին, ու պարզ չէր, թե որ գործակալների»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ