Լրահոս
Օրվա լրահոսը

Ժնևում քննարկվում է Իրանում մարդու իրավունքների ոտնահարման հարցը, ո՞րն է լինելու Հայաստանի դիրքորոշումը. Տիգրան Դավուդյան

Նոյեմբեր 24,2022 13:52

Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Ժնևում քննարկվելու է Իրանում մարդու իրավունքների ոտնահարման հարցը, ո՞րն է լինելու Հայաստանի դիրքորոշումը։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը (United Nations Human Rights Council-UNHRC) ունի 47 անդամ, որոնցից մեկը Հայաստանն է։ Հայաստանն այս խորհրդի անդամ է ընտրվել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 17 հոկտեմբերի 2019 թվականի նիստի ընթացքում՝ 2020-2022 թթ․ ժամանակահատվածի համար։ Այսօրվա նիստը հրավիրել են Գերմանիայի և Իսլանդիայի պատվիրակները։

Իրանի շարունակվող ցույցերի ընթացքում մինչ այժմ սպանվել են շուրջ երեք հարյուր ցուցարար, որոնցից 41-ն անչափահաս են։ Ցուցարարների պահանջները տարբեր են՝ իշխանափոխությունից մինչև համակարգի բարեփոխում։ Այսօրվա արտահերթ նիստի օրակարգում Իրանի հարցով հատուկ հանձնաժողովի ընտրությունն է՝ մարդու իրավունքների խախտման դեպքերի բացահայտումը, սոցիալական, քաղաքացիական ու քաղաքական ազատությունների ապահովումը, ինտերնետի ազատ օգտագործումը։

Իրանի հարցը 2022 թվականի նոյեմբերի 2-ին քննարկվեց նաև ՄԱԿ-ի  Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեում և Իրանի Իսլամական Պետության կողմից մարդու իրավունքների ոտնահարման դատապարտման Կանադայի նախագիծը դրվեց քվեարկության։ Իրանին դատապարտող բանաձևը վավերացվեց 80 կողմ, 28 դեմ և 68 ձեռնպահ ձայնով․ Հայաստանն Իրանին դատապարտող բանաձևին դեմ քվեարկեց։ Հայաստանն աշխարհում ունի ժողովրդավարական երկրի համբավ և մեր քվեարկությանը հետևում են շատ երկրներ, դիտորդներ ու փորձագետներ։

ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջի 17/11/2019 թվակիր լուրում կարդում ենք․ «Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբին Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) ընտրություններում հատկացված երկու թափուր տեղերի համար ներկայացված էին երեք երկրների՝ Հայաստանի, Լեհաստանի և Մոլդովայի թեկնածությունները: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանը, ստանալով 144 ձայն, ընտրվեց առաջին փուլով։ Ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընտրությունը վկայում է միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական վերափոխումների և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ու խրախուսման ոլորտում գրանցված նշանակալի առաջընթացի ճանաչման մասին։ Հայաստանը Մարդու իրավունքների խորհրդին անդամակցում է առաջին անգամ։ ՄԻԽ-ին իր անդամակցության շրջանակներում Հայաստանը ջանքեր է գործադրելու իր հանձնառություններն և առաջնայնություններն իրականացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ ուղղված ցեղասպանության և զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանը, էթնիկ ու կրոնական խմբերին թիրախավորող այլատյացության հողի վրա հանցանքների դեմ պայքարին, կանանց և երիտասարդության իրավունքների պաշտպանությանը, խաղաղ և ներառական հասարակությունների կայացմանը»։

«Տեղեկանք․Մարդու իրավունքների խորհուրդը ստեղծվել է 2006 թ․, հանդիսանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օժանդակ միջկառավարական մարմին, բաղկացած է ՄԱԿ անդամ 47 երկրներից։ Այն զբաղվում է աշխարհում մարդու իրավունքների առաջմղման և պաշտպանության հարցերով, մարդու իրավունքների խախտումների հասցեագրմամբ ու դրանց վերաբերյալ համապատասխան խորհրդատվություններ անելով։ ՄԻԽ կենտրոնակայանը գտնվում է Ժնևում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930