Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Ոստիկանության զորքերը կվերակազմակերպվեն որպես ոստիկանության գվարդիա, այն ավելի ընդլայնված գործառույթներ կունենա»

Նոյեմբեր 24,2022 13:15

Կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին օրենսդրական փաթեթին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ ասաց՝ կարգավորումներով ոստիկանության պետը կլինի ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետը կլինի նաեւ անվտանգության խորհրդի անդամ․ «Մենք ոստիկանության զորքերը կվերակազմակերպենք որպես ոստիկանության գվարդիա, եւ այն ավելի ընդլայնված գործառույթներ կունենա անվտանգության ապահովման առումով, քան այն, որ այսօր ունի ոստիկանության զորքերը։ Իհարկե, շատ մեծ փոփոխություններ չեն լինի, բայց որակական եւ էական փոփոխություններ կլինեն»։

Փաշինյանի խոսքով՝ հենց նախարարության ձեւավորման մեկնարկից հետո պետք է սկսենք կամավոր ատեստավորման գործընթացը, որի նպատակը ոստիկանության եւ փրկարար ծառայության ծառայողների աշխատավարձերի առնվազն կրկնապատկումն է․ «Այս փուլում այս մեխանիզմը ներդնում ենք այն ծառայությունների համար, որոնք զինվորական բնույթի են, կարճ ասած՝ ուսադիրներ կրող մարդկանց համար։ Նաեւ քրեակատարողական ծառայությունում պետք է այս համակարգը ներդնենք»։

Նա նշեց, որ մյուս տարվանից նոր չափանիշներով ոստիկանության տարածքային կառույցների շենքեր պետք է լինեն, կսկսեն Մեղրիից, նախագծման աշխատանքները մեկնարկել են։

Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանն ասաց՝ ոստիկանության արդեն մեկնարկած բարեփոխումներն առաջնորդելու է ներքին գործերի նախարարությունը, հունվարին կգործարկվեն չորս մարզերի պարեկային ծառայությունները՝ Արագածոտնի, Կոտայք, Գեղարքունիք եւ Տավուշ։

Ինչ վերաբերում է ոստիկանության գվարդիայի գաղափարին, ապա Մինասյանն ասաց՝ փորձագիտական մեծ խումբը սկսել է աշխատանքները, նախատեսվում է միջմարզային կառույցներ ունենալ ոստիկանության գվարդիայի տրամաբանությամբ, որտեղ կներառվեն երեք հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներ՝ ոստիկանության զորքեր, ճանապարհային ոստիկանության ուղեկցող գունդ եւ պետական պահպանության գլխավոր վարչություն։

Նախատեսվում է մեկ միասնական կանչի գաղափար ներդնել՝ 911 կամ 1-02 համարի ներքո, ըստ Մինասյանի, կստեղծվի մեկ օպերատորական խումբ, եւ քաղաքացին այլեւս ստիպված չլինի ԱԻՆ կամ ոստիկանություն զանգելու համար տարբեր համարներ հավաքել։

Փաշինյանն էլ հավելեց՝ պարեկային ծառայության բարեփոխումները շարունակվում են, ամենամեծ խնդիրը լուծվել է՝ ավտոմեքենաները ձեռք են բերվել, հասել են Հայաստան, նրանց կահավորման աշխատանքներն են գնում․ «Պարեկային ծառայության ներդրման հետ կապված միայն մի խնդիր եմ տեսնում, որ դեռեւս չենք կարողանում լուծել՝ կանանց ներգրավումն է պարեկային ծառայությունում։ Ափսոս, մարդու իրավունքների պաշտպանն այսօր նիստին չի մասնակցում։ Նա մեզ խոստացել է, որ հատուկ աշխատանք կանի, որպեսզի կանանց ներգրավվածությունն պարեկային ծառայությունում ավելի մեծ չափեր ստանա»։

Մանրամասն՝ տեսանյութում

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հավելեց՝ ազգային անվտանգության մարմինների, պետական պահպանության գնդի հետ կապված եւս մի բարեփոխում է իրականացվում, նախագիծը ներառված է այսօրվա օրակարգում որպես չզեկուցվող, ԱԱԾ մարմիններից պետական պահպանության գունդը եւս առանձնացնում ենք եւ այն դառնում է առանձին մարմին, կգործի վարչապետի ենթակայությամբ։

«Կարեւոր կետերից մեկն այն է, որ նախկինում այս կարգավորման շրջանակում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն, փոփոխություն է կատարվում, այժմ, այդ ծառայությունը կտրամադրվի պաշտոնաթողությունից հետո եւս 7 տարի, վարչապետի դեպքում՝ 10 տարի»,-ասաց Գրիգորյանը։ Փաշինյանն էլ նշեց՝ եթե անհրաժեշտություն լինի՝ ժամկետ կերկարացվի։

«ԱԱԾ–ն պետք է զբաղվի երեք հիմնական ուղղություններով, եւ մենք պետք է ազգային անվտանգության ծառայության կարողություններն ու հնարավորություններն էականորեն մեծացնենք։ Դա անում ենք։ Երեք հիմնական ուղղություն պետք է լինի, առաջինը՝ հակահետախուզություն։ Ոչ այդքան գոհունակությամբ պետք է նշեմ, որ ԱԱԾ-ն այդ առումով աննախադեպ հաջողություններ ունի, կարող ենք ասել, որ հակահետախուզության ոլորտով հանրային իրազեկում էլ է տեղի ունենում։ Ցավալի է, որ նման երեւույթներ կան, բայց կարեւոր է, որ երկիրն ունենա կառույց, որն ի վիճակի է այդ ամենը բացահայտել եւ դրա դեմ պայքարել։ Երկրորդը՝ ահաբեկչության դեմ պայքարն է, երրորդը՝ սահմանադրական կարգի պահպանությունը։ Այս երեք գործառույթների առումով ԱԱԾ-ն պետք է շատ լուրջ կարողություններ ունենա։ Այս նպատակով եւ հեռանկարով է, որ պետական պահպանության ծառայությունը վերափոխում եւ դարձնում ենք վարչապետին ենթակա մարմին»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասն՝ շուտով տեսանյութում    

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930