Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկման են դրվում գործադիրի հեղինակած մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք, ֆինանսների նախարար Արման Պողոսյանի խոսքով, հրատապ հանգուցալուծման կարիք ունեն․ դրանց երկրորդ ընթերցումն առաջարկվում է կազմակերպել 24 ժամյա ռեժիմով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչեւ դեկտեմբերի ավարտը ԱԺ հերթական նիստը միայն մեկ անգամ է գումարվելու։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց․ «Ուզում եմ հասկանալ՝ այս հարցերը նման ռեժիմով քննարկելու տրամաբանությունը ո՞րն է։ Եթե դրանք կարեւոր հարցեր են, պետք է երկար ժամանակ քննարկվեին։ Իսկ եթե հրատապ էին, կառավարությունը պետք է շուտ ներկայացներ։ Արխիվում այդ ի՞նչ թուղթ կա, որ հենց հիմա պետք է վերացնել»։
Նշենք, որ օրակարգում է այդ թվում «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ ԱԱԾ արխիվները գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով։ Այս նախագծի առնչությամբ մեկնաբանություններ են հնչում, որ իշխանությունն այսպես կկարողանա ԱԱԾ արխիվային նյութերը ոչնչացնել իրավական ակտերով։
Արման Պողոսյանը պատասխանեց՝ իրեն թվաց, թե նախագծերի հրատապությունն արդեն իսկ հիմնավոր է ներկայացրել, եւ հարցերն ամիսներ շարունակ քննարկել են։ Արթուր Խաչատրյանը կրկնեց հարցը՝ ի՞նչ թուղթ կա արխիվում, որը հենց հիմա եք ուզում վերացնել։ Արման Պողոսյանը ժպտալով պատասխանեց՝ չի հասկանում, թե ինչ թղթի վերացման մասին է խոսքը։
Կարդացեք նաև
Ապա «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը փորձեց հստակություն մտցնել․ «Պարոն Պողոսյան, ԱԱԾ-ին վերաբերող փաթեթում դուք միայն կադրային փոփոխությունները ներկայացրիք, մինչդեռ ավելի կարեւոր եւ սկզբունքային հարց կա արխիվների հետ կապված»։ Արման Պողոսյանն առաջարկեց արխիվների հարցին անդրադառնալ հենց այդ նախագծի բուն քննարկման ժամանակ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ