Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձգտումը՝ պատժելու Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողությունների համար, նրանց դրդեց պարգեւատրել Ադրբեջանին». հնդկական «The Print»-ի անդրադարձը. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 24,2022 11:50

Հնդկական «The Print»-ը գրում է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Նյու Դելին պետք է պաշտպանի առաջինին, որովհետեւ այն ուժերը, որոնք ձգտում են ոչնչացնել Հայաստանը, ուզում են նվաճել նաեւ Հնդկաստանը: Հոդվածագիր Կապիլ Կոմիրեդին շեշտում է, որ պատմական նախապաշարմունքներն աշխարհին ստիպում են անտեսել հայ-ադրբեջանական պատերազմը, իսկ Հնդկաստանը պետք է պատրաստի Երեւանի զինված ուժերը:

«Երբեւէ լսե՞լ եք խաղաղության արեւմտյան քարոզիչներին, որոնք Հնդկաստանին պատասխանատու են համարում, թե նա Մոսկվային չի դատապարտել Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության իրականացման համար: Եթե լսել եք, ուրեմն պետք է ավելին իմանաք Հայաստանի՝ Հարավային Կովկասում հետխորհրդային ժողովրդավարության ծանր վիճակի մասին, որի գոյությանն այժմ սպառնում է միջազգային կարգի մեր արեւմտյան քարոզիչների վարձկանությունը: Ձգտումը՝ պատժելու Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողությունների համար, նրանց դրդեց պարգեւատրել Ադրբեջանին՝ կոռումպացված ժառանգական բռնապետությանը, որն այժմ պատերազմ է վարում Հայաստանի դեմ»,- շեշտել է Կոմիրեդին:

Հոդվածագիրը պատմական կարճ ակնարկի միջոցով փորձում է ներկայացնել հայ-ադրբեջանական հակամարտության ակունքները, ինչպես նաեւ անդրադառնում է այժմ տեղի ունեցող իրադարձություններին ու դրանց Հնդկաստանի միջամտության անհրաժեշտությանը: Այս նյութում կխոսենք այդ դիտարկումների մասին:

Հուլիսին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը հայտարարեց, որ «Եվրամիությունն արժանի հարգանքով է վերաբերվում էներգակիրների առաքիչներին, եւ Ադրբեջանը դրանցից մեկն է»: Նրա՝ տուն վերադառնալուց մի քանի շաբաթ անց Եվրոպայի այս նոր գործընկերը համարձակվեց սպանել ավելի քան 200 հայի, ինչը պանթյուրքական երկարատեւ արշավի դրվագներից մեկն է եւ նպատակ ունի ստիպել հայերին վերջնականապես հանձնվել: Այդ առումով Արեւմուտքում բավական մեծ աղմուկ բարձրացավ, սակայն միջազգային հանրությունը որեւէ էական ջանք չգործադրեց՝ օգնելու Հայաստանին՝ մի պետության, որը պակաս կոռումպացված է, քան նվազագույնը Եվրամիության հինգ եւ ՆԱՏՕ-ի անդամ ութ երկիր: Այդ մասին վկայում են «Transparency International» հասարակական կազմակերպության կողմից կոռուպցիայի ընկալման ինդեքսի ցուցանիշները:

«Ունիվերսալ» կանոններ են մշակված թույլերի համար: Միջազգային ասպարեզում Արեւմուտքի պահվածքը ղեկավարում են սառը եսասիրական հետաքրքրությունները՝ քողարկված ալտրուիզմով: Եվրոպան որոշում է կայացրել ինքնուրույն կամ ԱՄՆ-ի ճնշման տակ ազատվել ռուսական էներգակիրներից կախվածությունից եւ, որպես այլընտրանքային տարբերակ, ընտրել է Ադրբեջանը: Եվ կարեւոր չէ, որ Բաքուն պատերազմում է Հայաստանի Հանրապետության հետ: Կարեւոր չէ, որ Ադրբեջանն ավելի բռնապետական, հակաազատական եւ ռեպրեսիվ պետություն է, քան Ռուսաստանը: Կարեւոր է միայն այն, որ Ադրբեջանը Ռուսաստանը չէ:

1991 թ. Հայաստանը մենակ պաշտպանվեց ու հաղթեց իրեն պարտադրված պատերազմում, իսկ ահա ագրեսոր Ադրբեջանը 2020 թ. մենակ չէր: Նրա զորքերը մարտական պատրաստություն, տեխնիկա ու հանդերձանք էին ստացել Թուրքիայից, որը, ի դեպ, ղեկավարում էր ադրբեջանական զինուժի գործողությունները:

Պետություններից եւ ոչ մեկը, որոնք այսօր քարոզներ են կարդում խաղաղության մասին, այդ պահին նույնիսկ իրենց մատները չշարժեցին: Հնդկաստանն այն սակավաթիվ երկրներից մեկն է, որը Հայաստանին զենքի տեսքով շոշափելի աջակցություն է առաջարկել Երեւանի համար ծանր պահին:

«Հայաստանը հակասական կերպով է արձագանքում Ադրբեջանի ռազմաշունչ դրսեւորումներին: Մի կողմից՝ հայկական կառավարությունը նախապատրաստում է բնակչությանը, որ ստիպված է ընդունել Ադրբեջանի պահանջները՝ պնդելով, որ դրան կհաջորդեն խաղաղությունն ու բարգավաճումը: Սակայն պատմությունը զգուշացնում է, որ Հայաստանի զիջումները չեն օգնել՝ մեղմելու Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան, այլ միայն մեծացրել են թշնամիների ախորժակը: Հայաստանից պատառներ խլելով՝ Ադրբեջանն արդեն բացահայտ բարձրաձայնում է Երեւանի նկատմամբ հավակնությունների մասին: Միեւնույն ժամանակ Հայաստանն ավելի ու ավելի հաճախ է դիմում Հնդկաստանին՝ փորձելով բավարարել իր կարիքները պաշտպանության ոլորտում: Վերջերս Երեւանը հնդկական արտադրության հրթիռային համակարգի ու հրետանային զենքի պատվեր է կատարել:

Ըստ «The Print»-ի՝ Հնդկաստանը պետք է ապահովի Հայաստանի զինված ուժերի նախապատրաստությունը, նաեւ պետք է Երեւան ուղարկի բարձր մակարդակի պատվիրակություն՝ Անկարային, Բաքվին ու Իսլամաբադին ցուցադրելու համար, որ Հնդկաստանը լրջորեն է հետաքրքրված տարածաշրջանում անվտանգության ապահովմամբ:

Հայաստանին Ադրբեջանի ագրեսիայի զոհասեղանին դնելու Արեւմուտքի որոշումը ֆենոմենալ հիմարություն է երկու պատճառով: Նախ՝ Ադրբեջանը բավարար չափով բնական ռեսուրսներ չունի, որպեսզի բավարարի Եվրոպայի կարիքների թեկուզ չնչին մասը: Երկրորդ՝ գազային հանքավայրերի քառորդ մասը, որն Ադրբեջանը պետք է օգտագործի Եվրոպա մատակարարումներ ապահովելու համար, իրականում պատկանում է Ռուսաստանին: Եվ եթե Հնդկաստանը որոշի աջակցել Հայաստանին, իր հետաքրքրություններից բխող շատ խելամիտ քայլ կկատարի:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930