Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունն առաջարկում է, որ ՀՀ խորհրդարանը պատասխանի Ադրբեջանի մեջլիսի հայտարարությանը. «Հրապարակ»

Նոյեմբեր 24,2022 11:37

ԱԺ «Հայաստան» դաշինքը՝ ի դեմս խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, երեկ գրավոր դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ արտահերթ նիստ նախաձեռնելու եւ իրենց հեղինակած նախագիծը շրջանառության մեջ դնելու հարցով։ Ընդդիմությունը հայտարարության տեքստ է պատրաստել եւ առաջարկում է, որ ՀՀ խորհրդարանը պատասխանի Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թ․ նոյեմբերի 8-ին ընդունած հայտարարությանը։ Ադրբեջանի Միլի Մեջլիսը, Հայաստանին հասցեագրված մեղադրանքներից բացի, իր հայտարարությամբ դիմել էր ՀՀ խորհրդարանին։ «Միլի Մեջլիսը կոչ է անում հայկական կողմին՝ ճիշտ գնահատել ստեղծված պատմական հնարավորությունը։ Միլի Մեջլիսը կարծում է, որ Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքների հիման վրա խաղաղ բանակցությունների գործընթացում ձեռնարկվելիք քայլերը կնպաստեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- ասված է հայտարարության մեջ։ Իշխող ՔՊ խմբակցության երբեմնի բլբուլները բերանները ջուր են առել եւ լռում են ադրբեջանական հայտարարության վերաբերյալ, խորհրդարանից էլ անցած շաբաթ մեզ փոխանցել էին, որ ասելիք չունեն։ Որքանո՞վ է հավանական, որ իշխանականները չեն տապալի արտահերթ նիստը։

Մեր ձեռքում է ընդդիմության 4 էջանոց նախագիծը, որտեղ նախ հիմնավորում են, թե ինչու է անհրաժեշտ պատասխան հայտարարությամբ հանդես գալը։

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է․ դատապարտելով Ադրբեջանի՝ իրավունքին հակասող հակահայ քաղաքականությունը, որն արտահայտված է Միլի մեջլիսի 2022թ. նոյեմբերի 8-ի ընդունած փաստաթղթով, ընդունել պատասխան հայտարարություն հետեւյալի մասին․ «Ադրբեջանը պարտավոր է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակներում անվերապահորեն կատարել ստանձնած պարտավորությունները, վերջ տալ հայատյացությանը, ռազմական հռետորաբանությանը, բացառել ուժի կիրառումը, ուժի կիրառման սպառնալիքը, ինչպես նաեւ շանտաժի եւ ճնշումների միջոցով ցանկալի համաձայնագրերին հասնելու քաղաքականությունը։ Ադրբեջանական կողմը պարտավոր է իր զինված ուժերն անհապաղ վերադարձնել մինչեւ 2021թ. մայիսի 12-ը զբաղեցրած բնագծերը»:

«Անվերապահորեն կատարելով միջազգային մարդասիրական նորմերի պահանջները՝ Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին ու այլ պահվող անձանց, զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց մարմինները, դադարեցնի էթնիկ զտման եւ մշակութային արժեքների ոչնչացման, յուրացման քաղաքականությունը»: Միեւնույն ժամանակ խորհրդարանական ընդդիմությունը համոզմունք է հայտնում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների ու տարածաշրջանային գլոբալ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է գտնել խաղաղ գոյակցության բանաձեւ, «բայց այն չպետք է լինի ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պայմաններում, չպետք է ոտնահարի կողմերից որեւէ մեկի իրավունքները, չպետք է սպառնա ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։

«Մենք կողմ ենք ճանապարհների ապաշրջափակմանը եւ տարածաշրջանի երկրների համագործակցությանը, սակայն բացառվում է դրա իրականացումը ՀՀ ինքնիշխան տարածքով միջանցքի տրամադրման միջոցով: Մեզ համար անընդունելի է շանտաժների եւ ուլտիմատումների լեզուն։ Արցախահայության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու կարեւորագույն գործոններից ենք համարում ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը՝ առանց սահմանափակումների ․․․ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930