Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդապետյանը Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով կդիմի՞ ԱԺ. «Հրապարակ»

Նոյեմբեր 24,2022 11:03

Գլխավոր դատախազությանը հարցում էինք ուղարկել, թե արդյոք կա՞ «Սասնա ծռերին» հաց տարած Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ քրեական գործ, եթե այո, ապա ե՞րբ է հարուցվել, նախաքննական ո՞ր մարմինն է քննում։ Դատախազությունից նմանատիպ 2 քրեական գործի մասին են հայտնել, որոնցից մեկը հարուցվել է 2017 թվականին, իսկ երկրորդը՝ 2019 թվականին, որոնք հետագայում միացվել են իրար։

«ՀՀ գլխավոր դատախազությունում ստացված Արթուր Սարգսյանի մահվան վերաբերյալ Ձեր հարցման կապակցությամբ հայտնում ենք, որ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով բուժվող հիվանդի մահ առաջացնելու դեպքի առթիվ 2017թ. մարտի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում (2003թ. ապրիլի 18-ին ընդունված) ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 69100817 քրեական գործը (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու՝ իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում):

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել փորձագետների կողմից ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ քրեական գործով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու վերաբերյալ, հետեւաբար նշված դեպքով 2019թ. հունվարի 21-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության պետի կողմից (2003թ. ապրիլի 18-ին ընդունված) ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 61200319 քրեական գործը (Սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապեu ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ)։

Քրեական գործերի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն ապահովելու հիմքով 2019թ. հունվարի 23-ին կայացված որոշմամբ 61200319 քրեական գործը միացվել է թիվ 69100817 քրեական գործին: Նշված վարույթով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում»,- պատասխանել են դատախազությունից։

Հարցմամբ դատախազությունից փորձել էինք ճշտել, թե հարուցված քրեական գործով կա՞ն մեղադրյալներ, եւ արդյոք Աննա Վարդապետյանը պատրաստվո՞ւմ է Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով մտնել Ազգային ժողով։ Սակայն դատախազությունից նախընտրել են այս հարցերին չպատասխանել՝ գրել են․ «Ինչ վերաբերում է հարցման մյուս կետերին, ապա անհրաժեշտության դեպքում ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես կգա հրապարակային հայտարարությամբ»։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930