Առհասարակ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգն առաջադեմ, կարևոր ինստիտուտներից մեկն է, որը զարգացած ու զարգացող երկրները ձգտում են ունենալ: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկումն է, որի կարծիքով, Հայաստանը ևս անմասն չպետք է մնա այդ գործընթացից, բայց խնդիրն այն է, թե այս ինստիտուտն ինչպես, երբ, հարկային ինչ օրենսդրության և ինչպիսի սոցիալտնտեսական քաղաքականության պայմաններում է ներդրվում: Կառավարության նախաձեռնությանն անդրադառնալով՝ «Փաստի» զրույցում Ս. Պարսյանը մի քանի խնդիր է առանձնացրել:
«Եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտին համապատասխան օրենսդրական դաշտ պետք է ունենանք: Առաջին հերթին պետք է վերանայել Հարկային օրենսգիրքը, որով պետք է նախատեսվի չհարկվող շեմ հասկացությունը: Մինչդեռ առաջարկվող նախագծով նախատեսվում է չհարկել միայն մինչև տարեկան 12 մլն դրամի չափով տրանսֆերտները: Բացի այդ, պետք է անցնենք հարկման պրոգրեսիվ համակարգի թե՛ եկամտային, թե՛ շահութահարկի դեպքում: Շատից շատ, քչից քիչ հարկային քաղաքականություն պետք է վարել, հակառակ դեպքում կստացվի, որ հայտարարագրման պայմաններում բոլորը նույն դրույքաչափերով են հարկվելու, ինչը որոշակի անարդար մթնոլորտ կստեղծի հատկապես միջին ու աղքատ խավի պարագայում: Կառավարությունը պետք է վերանայի նաև սոցիալ-տնտեսական քաղաքականությունը՝ ցույց տալով, որ համընդհանուր հայտարարագրման միջոցով կկարողանա հասցեական քաղաքականություն վարել»,-ասաց նա՝ շեշտելով, որ ՊԵԿ-ն իր հերթին տվյալները վերլուծելու և ուսումնասիրելու համապատասխան կարողություններ պետք է ունենա:
«Բայց, փաստորեն, ստացվում է, որ ՊԵԿ-ը մարդկանց եկամուտների մասին հայտարարություն է ունենալու, բայց նրանց ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն չի ունենալու:
Ընդհանուր առմամբ, հայտարարագրման ինստիտուտը մեր բնակչության համար այս պահին շատ բարդ համակարգ է, ինչը մատչելի դարձնելու համար պետք է պետական ու հասարակական ինստիտուտները միասին աշխատեն, մարդկանց բացատրեն, թե ինչպես են լրացնում հայտարարագրերը կամ էլ քաղաքացիների փոխարեն այդ աշխատանքներն իրենք իրականացնեն»,-հավելեց տնտեսագետը՝ շեշտելով, որ այդ ինստիտուտներն այս պահին չկան, թեպետ պլանավորում են 2023-ից փուլային տարբերակով ներդնել համակարգը:
«Այստեղ, կարծում եմ, գործ ունենք նաև անտրամաբանական իրավիճակի հետ: Ինստիտուտը մշակված է այն տրամաբանությամբ, որ քաղաքացին ինքը պետք է լրացնի իր հայտարարագիրը. այսինքն, ինքը կլրացնի, թե գումար կվճարի ու մասնագետը այն կլրացնի, քաղաքացին ինքն է որոշում: Բայց քանի որ համակարգը նոր է, պետությունը, հասարակական հատվածը պետք է իրենց աջակցությունը ցուցաբերեն: Խոսքն օգնող մեխանիզմներ նախատեսելու անհրաժեշտության մասին է, քանի որ դրանց բացակայության դեպքում կարող են փաստի առաջ կանգնել: Օրինակ՝ հերթական անգամ լինի որոշում ու մնա թղթի վրա: Նպատակը լավն է, բայց փոփոխությունը կարող է այնպես իրականացվել, ինչի արդյունքում հնարավոր է ամբողջովին խեղաթյուրվի դրական իմաստը, արդյունքը, և մարդիկ ոչ թե բարելավում զգան, այլ փոշմանեն, որ ներգրավվել են գործընթացի մեջ»,-նկատեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։