Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքականությունը հռչակագրերով չի որոշվում

Նոյեմբեր 24,2022 10:00

Ինչպես եւ սպասվում էր, Հայաստանին չի հաջողվել ՀԱՊԿ նիստում ստանալ որեւէ հայտարարություն, որը գոնե «կեսբերան« կանդրադառնար Ադրբեջանի ագրեսիային եւ կազմակերպության անդամ պետության ինքնիշխան տարածքի զավթմանը: Այդ է պատճառը, որ ՀԱՊԿ  խորհրդի հռչակագիրը և «Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը Հայաստանի վարչապետը չի ստարգրել։ Դա գուցեեւ ճիշտ քայլ էր, բայց իշխանության երկրպագուների եւ քարոզիչների հրճվանքն այդ առիթով ես չեմ կիսում: Քաղաքականությունը որոշվում է ոչ այնքան հռչակագրերով, որքան կոնկրետ գործողություններով:

Ըստ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի, փակ դռների հետեւում պետությունների ղեկավարները ինչ-որ «հրապարակման ոչ ենթակա» պայմանավորվածությունների հասել են, եւ դրանց շնորհիվ հնարավոր կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքել: Բելառուսի նախագահի կարծիքով, «Նիկոլ Վովաեւիչն» այդ ծրագրի հետ համաձայն է: Թեեւ քայլերի այդ հերթականությունն այս պահին չի հրապարակվում, բայց դա երկար ժամանակ գաղտնի չի մնա: Ենթադրում եմ, դրա մասին առաջինը կբարձրաձայնի Իլհամ Ալիեւը: Սովորաբար այդպես է լինում: Պուտինը եւ Լուկաշենկոն, վստահ եմ, երեկ արդեն տեղյակ են պահել Ադրբեջանի ղեկավարին երեւանյան քննարկման վերաբերյալ, եւ Ալիեւը դրանց մասին կբարձրաձայնի իրեն հարմար շեշտադրումներով՝ չմոռանալով, իհարկե, ինչ-որ նվաստացուցիչ, սպառնալից բառեր ասել Հայաստանի հասցեին:

Ես, ճիշտն ասած, որոշակի կասկածներ ունեմ, որ Ադրբեջանի ղեկավարը հիմա պատրաստ է որեւէ լուրջ փաստաթուղթ ստորագրել՝ չնայած բացառված չէ, որ մինչեւ տարվա վերջ կստորագրվի «մտադրությունների մասին» հերթական արձանագրությունը, այս անգամ՝ ակնհայտորեն Ռուսաստանի հովանավորության ներքո: Հայաստանի իշխանությունների մտադրություններն այստեղ առանձնապես կարեւոր չեն:

Շաբաթներ առաջ վարչապետը «սպառնում էր», որ շուտով մի փաստաթուղթ կստորագրի, որի համար նրան «դավաճան» կանվանեն: Բայց ընդդիմության «անհամոզիչ» ցույցերը չեն, որ նրան այդ քայլից հետ են պահում: Որոշիչն այստեղ, իհարկե, Ռուսաստանի դիրքորոշումն է, իսկ այդ երկիրը հիմա այն վիճակում չէ, որ որեւէ «հանգրվանային» փաստաթուղթ երաշխավորի: Պարզ է, որ Ռուսաստանը ցանկանում է պահպանել իր լծակներն Ադրբեջանի վրա եւ, հետեւաբար, իր ռազմական ներկայությունն Արցախում: Եվ այդ հարցում, կարծում եմ, Երեւանի եւ Մոսկվայի շահերը համընկնում են: (Արդյոք դա երեւանյան պայմանավորվածությունների մի մասը չէ՞ր): Բայց թե ինչպիսին կլինի Ռուսաստանի վիճակը երեք տարի հետո, երբ ռուս խաղաղապահների ժամկետն ավարտվի, ոչ ոք չի կարող կանխատեսել: Ուկրաինայի հետ պատերազմը, համենայնդեպս, այսօր այդ երկրին որեւէ պայծառ հեռանկար չի խոստանում:

Ինչ մնում է Արցախին, ապա Ալիեւը՝ չընդունելով, որ Հայաստանն այստեղ կարող է ինչ-որ դեր խաղալ, վերջերս սկսել է խոսել այն մասին, որ այդ հարցը քննարկում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ: Եթե իրավիճակն իսկապես այդպիսին է, ապա դա աշխատանքային լայն ճակատ է բացում մեր դիվանագիտության համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Սուբյեկտների միջեւ պետք է գործեն ոչ թե համաձայնագրերը, այլ օրենքները, իսկ օրենքի համար պետք է գործեն օրենսդիր, դատական եւ գործադիր կառույցները: Նույն այս ՀԱՊԿը գործադիր կառույց է, որի իմաստը պետք է լինի իրագործել ՀԱՊԿ անդամ երկրների դատական կառույցի ընդունած որոշումները, որոնք պաշտպանում են ՀԱՊԿ անդամ երկրների օրենսդիր կառույցի ընդունած օրենքները: Բոլոր միջսուբյեկտային հարաբերությունները պետք է լուծվեն օրենքով. որպեսզի վաղը Վրաստանի կամ Իրանի հետ չունենանք անարդար ուժի կիրառում, հենց այսօր երեքով պետք է ստեղծենք մեր վերպետական կառույցն իր օրենսդիր, դատական եւ գործադիր կառույցներով: Սրանով ոչ թե պետք է պաշտպանվենք արտաքին թշնամուց, այլ քաղաքակիրթ ձեւով լուծենք մեր ներքին միջպետական հակասությունները: Իսկ դրսի պետությունների հետ հակասությունները պետք է լուծվեն նրանց ներքաշելով մեր երեքիս վերպետական կառույցի մեջ եւ օրինական դաշտ: Ոչ մի միջպետական համաձայնություններ, միայն վերպետական կառույց եւ օրենքի գերակայություն: Սա պետք է գործի բոլոր մակարդակներում’ եւ ընտանիքում, եւ համայնքում, եւ պետությունում եւ վերպետական մակարդակում: Սուբյեկտն է կերակրում ու պաշտպանում ու զարգացնում իր օրենքը, , իսկ ով հրաժարվում է իր սուբյեկտայնությունից, վերածվում է ուրիշի’ սուբյեկտի օրենքի օբյեկտ’ ստրուկ: Երրորդ տարբերակ չկա:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930