Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Եղունգներն առողջության մասին կարող են պատմել ավելին, քան մենք կարծում ենք

Նոյեմբեր 24,2022 09:30

Եղունգները մեր օրգանիզմի առողջության մասին պատմում են ավելին, քան մենք կարծում ենք․ որոշ դեպքերում եղունգների արտաքին տեսքը կարող է ուշադրություն հրավիրել առողջական փոքրիկ խնդիրների վրա, որոշ դեպքերում էլ ահազանգել խրոնիկական լուրջ հիվանդությունների առկայության մասին։

Մենք առանձնացրել ենք եղունգների հետ կապված 10 ախտանշաններ, որոնց արժե ուշադրություն դարձնել։

1․ Դեղին եղունգներ

Եղունգները կարող են դեղնել տարիքի հետ, ակրիլային նյութեր կամ լաքերի օգտագործման պատճառով։ Ծխելը նույնպես կարող եղունգներին դեղին երանգ հաղորդել։ Եթե եղունգները դեղնել են, հաստացել ու փշրվում են, ապա հնարավոր է սնկային վարակի առկայությունը։ Ոչ հաճախ դեղին եղունգները կարող են կապված լինել վահանաձև գեղձի հիվանդությունների, դիաբետի, փսորիազի ու շնչառական հիվանդություննների (օրինակ՝ խրոնիկական բրոնխիտի) հետ։

2․ Չոր, ճաքճքած ու փխրուն եղունգներ

Այստեղ դեր է խաղում կենսակերպը, օրինակ՝ եթե ձեր եղունգներն անընդհատ ջրի մեջ են, հաճախ եք ացետոն կամ այլ քիմիական միջոցներ օգտագործում, կամ ապրում եք չոր եղանակային պայմաններում, եղունգները դառնում են չոր ու փխրուն։

Ճաքերն ու շերտազատումը կարող են առաջանալ սնկային վարակների կամ վահանաձև գեղձի հիվանդությունների, հատկապես՝ հիպոթիրեոզի պատճառով։ Եղունգների փխրունության պատճառ կարող է լինել А և C վիտամինների, բիոտինի անբավարարությունը։

3․ Ֆալանգների վերջնամասի հաստացում

Այս դեպքում մատների ծայրերը լայնանում են, իսկ եղունգը ներքև է թեքվում։ Դա կարող է խոսել օրգանիզմում թթվածնի ցածր մակարդակի ու թոքերի հիվանդությունների առկայության մասին։ Հաստացումը նաև կարող է կապված լինել լյարդի, երիկամների, սիրտ-անոթային հիվանդությունների, աղիների բորբոքային հիվանդությունների, ՉԻԱՀ-ի հետ։

4․ Սպիտակ կետեր

Եղունգների վրա սպիտակ փոքրիկ կետերը սովորաբար վնասվածքների արդյունք են։ Դրանք անհանգստանալու տեղիք չեն տալիս, քանի որ անհետանում են եղունգների աճին զուգահեռ։ Սակայն որոշ դեպքերում այն սպիտակ կետերը, որոնք չեն վերանում, կարող են հուշել սնկային վարակի մասին։

5.Հորիզոնական ակոսիկներ


Հորիզոնական ակոսիկները կարող են առաջանալ վնասվածքի կամ բարձր ջերմությամբ ուղեկցվող հիվանդության պատճառով։ Դրանք կարող են պայմանավորված լինել փսորիազի, դիաբետի, սիրտ-անոթային հիվանդությունների կամ ցինկի խիստ անբավարարության հետ։

6. Ուղղահայաց ակոսիկներ

Ուղղահայաց ակոսիկները որպես կանոն տարիքային փոփոխություններով են պայմանավորված և կարող են տարեցտարի ավելի նկատելի դառնալ։ Որոշ դեպքերում ակոսիկները կարող են վկայել սննդանյութերի, օրինակ՝ վիտամին B12-ի ու մագնեզիումի անբավարարության մասին։

7. Գդալաձև եղունգներ

Վերևի հատվածում կորացող գդալաձև եղունգները կարող են երկաթդեֆիցիտային անեմիայի, սիրտ-անոթային հիվանդությունների ու հիպոթիրեոզի մասին հուշել։

8. Փոսիկներ եղունգների վրա

Եթե եղունգների վրա փոքրիկ փոսիկներ կան, դրանք կարող են հուշել փսորիազի, ինչպես նաև շարակցական հյուսվածքի խանգարումների մասին։

9.Եղունգների մգացում

Սև բծերը կամ ցավոտ խուլերը ցուցում են անհապաղ բժշկին դիմելու, քանի որ կարող են ահազանգել մաշկի քաղցկեղի մասին:

10.Սպիտակ եղունգներ վարդագույն գծերով

Եթե եղունգները սպիտակ են` վերևից վարդագույն շերտով, դա կարող է հուշել լյարդի հիվանդության, սրտի անբավարարության կամ դիաբետի մասին։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930