Կառավարությունը նախատեսում է հաջորդ տարվանից ներդնել քաղաքացիների եկամուտների պարտադիր հայտարարագրման համակարգ, որն ամբողջությամբ գործելու է մի քանի տարվա ընթացքում՝ փուլերով։
Այդ համակարգը, գոնե մինչ այս պահը հրապարակված տարբերակով, պարունակում է բազմաթիվ խրթին դրույթներ, անորոշ ձևակերպումներ, որոնց նպատակը, թերևս, այն է, որ հնարավորինս քիչ մարդ հասկանա, թե ինչ է իրականում ցանկանում կառավարությունը։ Իսկ կառավարության ցանկությունը նույնքան պարզ է, որքան բարդ են դրա իրականացման համար գրված ձևակերպումները՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մտնել մարդկանց գրպանը և հարկել քաղաքացիների բոլոր եկամուտները։
Հայաստանում ապրող ու աշխատող քաղաքացիները, բնականաբար, հարկվում են գործող օրենսդրությամբ։ Բայց մեծ թվով մարդիկ դրամական փոխանցումներ են ստանում արտերկրից՝ արտագնա աշխատանքի մեկնած ընտանիքի անդամներից, տարբեր երկրներում ապրող ազգականներից։ Արտերկրից ստացվող դրամական փոխանցումները տարբեր տարիների հասնում են մինչև 1.5-2 միլիարդ դոլարի։
Դա հսկայական գումար է, որը տարբեր մեխանիզմներով ու տարբեր դրույքաչափերով հարկելու դեպքում կառավարությունը տարեկան կարող է ստանալ տասնյակ, իսկ գուցե հարյուր միլիոնավոր դոլարի եկամուտներ։
Կարդացեք նաև
Բայց այս համակարգը միայն ֆինանսական հետևանքներ չի ունենալու։ Այն դառնալու է լրացուցիչ վերահսկողության գործիք՝ գործնականում բոլոր քաղաքացիների նկատմամբ։ Իսկ բոլորի թվում դա վերաբերելու է նաև ու առաջին հերթին՝ իշխանությանն ընդդիմացող քաղաքացիներին ու նրանց խմբերին, հետևաբար՝ կարող է դառնալ նաև քաղաքական լծակ։ Դժվար չէ պատկերացնել, որ ընդդիմադիր գործունեություն ծավալող որևէ միավոր, կուսակցություն, կազմակերպություն, լրատվամիջոց և այլն, հեշտությամբ կարող է հայտնվել այն համակարգի թիրախում, որը պայմանականորեն դառնալու է Նիկոլ Փաշինյանի «ֆինանսական ոստիկանությունը»։
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում։