Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեւանը մինչ «խելացի» դառնալը, պետք է օրինապահ լինի

Նոյեմբեր 24,2022 13:30

Դեռեւս չլուծված են մնում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անօթեւան անձանց խնդիրները

Հանրային քննարկման է դրվել Երեւանի 2023թ. բյուջեի, քաղաքի զարգացման ծրագիրը, ինչպես նաեւ համայնքում տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերը: Քաղաքապետարանի պաշտոնական էջում հայտարարվեց, որ նոյեմբերի 24-ին, ժամը 15.00-ին Երեւանի քաղաքապետարանում կանցկացվի հանրային բաց լսում: «Առավոտը» ուսումնասիրել է ծրագիրը, ուշադրություն դարձրել այն բաժիններին, որոնք առնչվում են իրավունքներին, մայրաքաղաքացիների եւ իրավապահ մարմինների ներգրավվածությանը, Երեւանը օրինապահ քաղաք դարձնելուն:


Նշեմ, որ մի բաժին կար «Երեխաների եւ սոցիալական պաշտպանության», ուր խոսք է գնում սոցիալական քաղաքականության, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության, նախատեսվող քայլերի մասին:

Ծրագրում տեղ են գտել առողջապահություն, բնապահպանություն, հանրակրթություն, մշակույթ, զբոսաշրջություն, շինարարություն եւ բարեկարգում, տրանսպորտ, քաղաքաշինություն եւ ճարտարապետություն, «Խելացի Երեւան», համայնքներ բաժինները: «Խելացի Երեւանը», ըստ ծրագրի, պետք է պաշտպանվի թվայնացման արդյունքում հնարավոր կիբեռ հարձակումներից, պետք է պաշտպանվեն անձնական տվյալները, տեխնոլոգիական համակարգերի մատակարար ընկերություններից առաջարկվող կախվածությունը: Քաղաքապետարանը հավելյալ տեղեկացրել էր, որ քաղաքի զարգացման նախագիծը համալրվել է նաեւ նոր՝ «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմանն ու հարմարվողականությանն ուղղված ծրագրերով»:

Նշվել էր, որ գերակայություններից են՝ արտակարգ դրության իրավիճակներում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, բազմաբնակարան շենքերի շինությունների սեփականատերերի կողմից ընդհանուր բաժնային սեփականության նկատմամբ բնակիչների իրավունքների եւ պարտականությունների իրազեկվածությունը: Խոսք էր գնում երեւանցիների, հանրային նշանակության խնդիրների դեպքում որոշումները կայացնելու մասին՝ տեղական հանրաքվեների անցկացման միջոցով:

Ծրագրում այսպիսի ձեւակերպումները ավելի շատ են, քան …քաղաքում՝ տրանսպորտային սպասվող միջոցները. «առաջիկայում միջոցներ կձեռնարկվեն», «աշխատանքներ կկատարվեն», «կտրուկ միջոցառումներ կձեռնարկվեն»…

Երեւանում, ըստ ծրագրի «Բնապահպանություն» բաժնի, հաշվառված է մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցություն առաջացնող 671 կազմակերպություն: Հետեւաբար, կարեւոր է բուֆերային գոտիների պահպանումը, ավելացումը: Հիշեցնեմ, որ այս տարվա՝ 2022-ի ծրագրում նախատեսված էր բուֆերային անտառաշերտ ստեղծել Տիչինայի հարակից տարածքում, նոր կառուցվող թաղամասը պետք է առանձնացվեր գերեզմանատներից: Չգիտեմ արվե՞ց, թե՞ մնաց գալիք ծրագրի «հաշվեկշռում»…

Ինչ վերաբերում է իրավական քաղաքականությանը, նշեմ, որ միայն «Երեխաների եւ սոցիալական պաշտպանություն» բաժնում է, որ խոսք է գնում խնամատարության նոր ընթացակարգի մասին, որով սահմանված «մասնագիտացված խնամատարության համակարգը հնարավորություն է ստեղծում հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքը ընտանիքներում կազմակերպելու համար: Ճգնաժամային (օրինակ՝ պատերազմի ժամանակ) եւ արձակուրդային խնամատար ինստիտուտի միջոցով արագ արձագանքման մեխանիզմ է ներդրվում խնամքի հաստատություն երեխայի մուտքը կանխարգելելու, ինչպես նաեւ փաստացի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորումն ապահովելու նպատակով»:Երեւան քաղաքում որդեգրողների, խնամատար ծնողների, խնամակալների կամ հոգաբարձուների ընտանիքներում դաստիարակության հանձնված երեխաների խնամքի նկատմամբ իրականացվող մշտադիտարկումը միտված է երեխայի իրավունքի ոտնահարման կանխարգելմանը: «Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի իրացման համալիր ծրագրի նպատակն է՝ ամրագրել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների՝ իրենց կենսաբանական ընտանիքներում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված եւ դրա անհնարինության դեպքում, ընտանեկանին մոտ այլընտրանքային խնամքի ծառայությունների տեսակաների եւ ցանցի ընդլայնումն ապահովող համապարփակ միջոցառումների ցանկը, սահմանել դրանց կատարման համար պատասխանատու մարմինները, կատարման ժամկետները, ֆինանսավորման աղբյուրները, թիրախներն ու արդյունքները առաջիկա տարիների համար»,-ասվում է ծրագրում:

Խոսք կար հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների իրացման մասին, մասնավորապես, նախատեսվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության համար մատչելի պայմաններից, որակյալ ծառայություններից օգտվելու հնարավորություններ։ Առաջնահերթություն է տրված ԼՂՀ պաշտպանության մարտական գործողությունների հետեւանքով, մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք, կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած), հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամներին:

Չեն մոռացվել հայրենադարձ եւ փախստական ընտանիքները (այդ թվում՝ Արցախից տեղահանված), նախատեսվում են ըստ կարիքի սոցիալական ծրագրերի իրականացում, որոնք առաջին հերթին ուղղված կլինեն նրանց ինտեգրմանը:

Երեւանում ապրում են տարեցներ, որոնց «արժանապատիվ ծերացմանն ուղղված» ծառայությունների տրամադրման համակարգը բավարար չէ: «Տարեցներին տրամադրվող Երեւան քաղաքի զարգացման 2023 թվականի ծրագրի նախագիծ 25 ծառայությունները Երեւան համայնքում բաշխվել են անհամաչափորեն, ինչպես նաեւ խնամքի կարիք ունեցող տարեցներին մատուցվող սոցիալական եւ առողջապահական ծառայությունների որակը եղել է ոչ բավարար եւ անմատչելի: Տարեցների իրազեկվածությունը սեփական իրավունքների եւ գործող ծառայությունների վերաբերյալ եղել է ցածր: Հաշվի առնելով վերոնշյալը՝ տարվելու են աշխատանքներ՝ ուղղված տարեցների խնդիրների լուծմանը»,-հանրային քննարկման ներկայացված ծրագրում կար եւ այս մասին:

Իրավունքների խնդրին բախվում են երեւանաբնակ անօթեւանները, որոնց մեջ քիչ թիվ չեն կազմում, եւ դեռեւս չլուծված են մնում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անօթեւան անձանց խնդիրները։ Նախատեսվել է. «Արդիական է նաեւ արտակարգ իրավիճակներում եւ նմանատիպ այլ դեպքերում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց եւ ընտանիքներին, օրինակ, COVID, ռազմական դրության, շենքերի փլուզման եւ այլն) աջակցության տրամադրումը, երեխաների իրավունքների եւ շահերի պաշտպանության, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում երեխաների համար հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման անհրաժեշտությունը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Նկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
23.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930