Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պետք է որեւէ հանցանք գործած լինեմ, որ արժենա այդ ահավոր հուշերին անցնելու»

Նոյեմբեր 24,2022 13:00

«Սովետական ժամանակվանից ունեմ հուշեր, բայց դրանք բոլորը բանտային ու աքսորային հուշեր են։ Պետք է որեւէ հանցանք գործած լինեմ, որ արժենա այդ ահավոր հուշերին անցնելու։ Եվ ավելի մեծ հանցանք, քան բռնված օրս, որովհետեւ տանջանքի հուշն ավելի սոսկալի է ազդում մարդուն, քան ինքը, բուն տանջանքը։

Սովետական հուշերը քաղցր կլինեն ազատության մեջ (եթե տեսանք)։ Այնտեղ կհիշես ու կզարմանաս քո գերբնական տոկունության վրա, թե ինչպե՞ս այս բոլորից հետո դեռ ողջ ես մնացել։…Աստուծո սաստիկ կարիք ունեմ՝ ափսոս, որ չկա։ Եթե լիներ՝ պիտի փռվեի գետնին ողջ հասակովս եւ աղերսեի ժամ առաջ մեզ ազատել այս անպատմելի գերությունից»,-գրել է 1950թ.-ին Լեռ Կամսարը:

Նոյեմբերի 22-ը մեծանուն երգիծաբան, խորհրդային գուլագներում խոսքի համար տասնամյակներով դատապարտված Լեռ Կամսարի հիշատակի օրն է:

Ներկայացնում ենք նրա 1961թ. անտիպներից մի հատված:

Այսօր մեծադղորդ մի դատ տեղի ունեցավ մեր դատարանում: Պետական ծաղկավաճառը մեղադրում էր մի մարդու, որ անցած ժամանակը ամբողջ մի ժամ կանգ է առել իր ծաղկի սեղանի մոտ եւ հոտ է քաշել պետական ծաղիկներից՝ առանց մի փունջ առնելու: Դատախազը ոչ մի մեղմացուցիչ հանգամանք հաշվի չառնելով՝ պահանջում էր համաձայն նոր օրենքի՝ գնդակահարության դատապարտել մեղադրյալին, իբրեւ «պետական մեծաքանակ գույք հափշտակողի»:

Երեք պաշտպան էր վարձել մարդը: Առաջինը մաքառելով դատախազի վճռի դեմ, լավ էր՝ իջեցրեց «ցմահ բանտարկության», երկրորդ պաշտպանը կրճատեց այդ ժամանակամիջոցը մինչեւ քսան տարվա, իսկ երրորդ պաշտպանը մեջ բերելով նրա բազմանդամ ընտանիքը՝ վերջապես տասը տարվա հասցրեց՝ նրանց մարդասիրական զգացմունքներին կոչ անելով: Բոլորը շնորհավորեցին մեղադրյալին: Այսպիսի մեղմ դատավճիռ սովետական դատարանն իր օրում դեռ չէր տեսել:

«Նշանակում է օրենքը մեղմացել է մեզանում»՝ մտածում էի ինքս ինձ, դատարանից դուրս գալով։ «Նախկինում նույն կառավարությունը ինձ քսան տարի տվեց, երբ ես սովետական կառավարության հոտն անգամ չէի առել…»:

… Հետագայում պարզվեց, սակայն, որ այդ մարդը ի ծնե զուրկ է եղել հոտառությունից… Հենվելով այս փաստի վրա, կարծեմ, մեղադրյալը մտադիր է վճռաբեկ գանգատ ներկայացնել: Բայց ես խորհուրդ չէի տա, տասը տարին մի բան չէ: Սովետական երկրում ամեն քաղաքացի առանց հանցանք գործելու էլ պետության մոտ այդքանը մեղավոր է:

«Առավոտ» օրաթերթ
23.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930